1732 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 09:45
Հասարակություն

Կայացավ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի շնորհանդեսը

Կայացավ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի շնորհանդեսը

Մարտի 25-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակի դահլիճում կայացավ մեծանուն ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի և «Философская лирика: стихи разных лет» փիլիսոփայական բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որը նաև յուրատեսակ գիտական ընթերցում էր՝ նվիրված անվանի գիտնականի փիլիսոփայաիրավական ժառանգությանը: Այս մասին տեղեկանում ենք «Վլադիկ Ներսեսյանց. Իրավունքի փիլիսոփայություն» պաշտոնական էջից։

Շնորհանդեսին ներկա էին իրավագիտական համայնքի անվանի ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, դեկաններ և ամբիոնի վարիչներ, դատավորներ, փաստաբաններ, պրակտիկ իրավաբաններ, ուսանողներ և Ներսեսյանցի գիտական ժառանգությամբ հետաքրքրվողներ:

Բացման խոսքով հանդես եկավ աշխատության իրավագետ-թարգմանիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ, փաստաբան Ավետիք Հարությունյանը, ով «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի ու Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիրն է և դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նա Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը բնորոշեց որպես իրավագիտական գլուխգործոց, ինչի արժեքը հնարավոր է բացահայտել գիրքը մանրամասն ուսումնասիրելու և տողերի միջև ընկած գաղափարները ճիշտ ընկալելու պարագայում: Իրավագետ-թարգմանիչն ակադեմիկոս Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը ռուսերենից հայերեն թարգմանելը համարում է մասնագիտական բարձրագույն պատիվ, պատասխանատվություն ու առաքելություն, ինչն իրականացվել է առավելագույն բարեխղճությամբ ու արհեստավարժորեն: Միջոցառման սկզբին Ավետիք Հարությունյանը տիկին Լապաևային նվիրեց ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատության` տուփով տարբերակը, որը թողարկվել է սահմանափակ քանակով:

Ներկաները դիտեցին ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի եզակի հարցազրույցի մի փոքրիկ հատված (https://youtu.be/Vt4Gq4IvfRg), որում գիտնականը խոսում է իր մշակած ազատական-իրավաբանական հայեցակարգի մասին:

Ելույթով հանդես եկավ Վլադիկ Ներսեսյանցի կինը՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Լապաևան, ով Մոսկվայից Երևան էր ժամանել շնորհանդեսին մասնակցելու նպատակով: Տիկին Լապաևան շնորհակալություն հայտնեց Ա. Հարությունյանին հրավերի, աշխատությունը ռուսերենից հայերեն թարգմանելու, Ներսեսյանցի գիտական ժառանգությունը հանրայնացնելու և շնորհանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա որոշ հետաքրքիր դրվագներ ներկայացրեց ակադեմիկոս Ներսեսյանցի կյանքի, գիտական գործունեության և գիտության Օլիմպոսին հասնելու ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին: Վերջում որպես բացառիկ փաստ Վ. Լապաևան արձանագրեց, որ առաջին լեզուն հայերենն է, որով թարգմանվել է «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը:

Այնուհետև ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ (1996-2018թթ.), իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը, ով մտերիմ հարաբերություն է ունեցել Ներսեսյանցի հետ: Բանախոսն անդրադարձավ Ներսեսյանցի մեծությանն ու իրավագիտության բնագավառում թողած վիթխարի ժառանգությանը: Նշենք, որ դեռևս 2000-ականների սկզբներին պարոն Հարությունյանի նախաձեռնությամբ են ռուսերենից հայերեն թարգմանվել Վլադիկ Ներսեսյանցի «Իրավագիտություն», «Իրավունքի և պետության տեսություն» և «Ցիվիլիզմի մանիֆեստը» աշխատությունները: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ողջունելի է, որ Ներսեսյանցի գրքերը թարգմանելու ավանդույթը շարունակվում է այսօր, և դա հաջողությամբ իրականացրել է իր ասպիրանտ Ավետիք Հարությունյանը: Պրոֆեսոր Հարությունյանի հրավերով 2002 թ. Հայաստան էր ժամանել Վլադիկ Ներսեսյանցը, հանդիպումներ ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանում և Երևանի պետական համալսարանում: Ի դեպ, մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործում է Ներսեսյանցի անվան կրթաթոշակ:

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Վլադիկ Ներսեսյանցի անհատի ֆենոմենի, ակադեմիկոս ընտրվելու և նրա գիտական ահռելի ժառանգության մասին ինքնատիպ փաստեր: Պրոֆեսոր Դանիելյանն այն եզակի անհատներից է, ով ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում սովորելու տարիներին շփումներ է ունեցել Ներսեսյանցի հետ և այսօր էլ հաճախ անդրադառնում է Ներսեսյանցի առաջ քաշած գաղափարներին:

Շնորհանդեսի վերջում Ավետիք Հարությունյանը սահիկաշարերով ներկայացրեց գրքի թարգմանության նախապատմությունը, թարգմանության նպատակները, աշխատության արժեքը, այն որպես բուհական դասագիրք ուսումնասիրելու անհրաժեշտությունը, «Философская лирика» փիլիսոփայական բանաստեղծությունների ժողովածուն, ինչպես նաև ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի գիտական ժառանգության ամբողջականացման, դրանց թարգմանության, հանրայնացման և հետազոտությունների իրականացման հրամայականը:

Բանախոսը մասնավորապես նշեց, որ ակադեմիկոս Ներսեսյանցի մասին առաջին անգամ լսել է 2002 թ., երբ սովորում էր Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի 1-ին կուրսում: Նրա նախաձեռնությամբ 2014 թ. փետրվարի 27-ին և 2018 թ. դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտում կազմակերպվել է Վլադիկ Ներսեսյանցի 75- և 80-ամյակներին նվիրված գիտական ընթերցումներ:

2018 թ. հոկտեմբերի սկզբներին նա Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում մասնակցել է Ներսեսյանցի հիշատակին նվիրված 13-րդ գիտական ընթերցումներին, ծանոթացել Վալենտինա Լապաևայի հետ, հայտնել «Իրավունքի փիլիսոփայություն» գիրքը թարգմանելու մասին և ստացել դրական արձագանք: Այդ միջոցառումից հետո Ա. Հարությունյանը սկսել է նշված աշխատությունը թարգմանելու հեղինակային իրավունքի ձեռքբերման շուրջ բանակցությունները, իսկ արդեն 2019 թ. ապրիլի 1-ին ռուսական «Норма» հրատարակչության հետ կնքել լիցենզային պայմանագիրը: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով (կորոնավիրուս, Արցախյան պատերազմ, Արցախի հայաթափում) պայմանավորված` թարգմանությունն իրականացվել է ընդհատումներով և ավարտին հասցվել 2024 թ.: Թարգմանության և տպագրության ամբողջ գործընթացը տևել է մոտ 6 տարի:

Առաջին անգամ ռուսերենից հայերեն թարգմանված այս աշխատությունն իր տեսակով, ծավալով ու բովանդակությամբ բացառիկ է. բաղկացած է 5 բաժնից, 24 գլխից և 103 թեմատիկ ենթագլուխներից, իսկ ծավալը 1,024 էջ է:

Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը երաշխավորվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից որպես բուհական դասագիրք «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորողների համար: Այն նախատեսված է բուհերի իրավագիտության և փիլիսոփայության դասախոսների, այդ մասնագիտությունների գծով սովորող ուսանողների ու ասպիրանտների, ինչպես նաև պետության և իրավունքի տեսության, իրավունքի փիլիսոփայության և իրավաքաղաքական ուսմունքների պատմության հիմնախնդիրներով հետաքրքրված բոլոր ընթերցողների համար:

Վերջում Ավետիք Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց իրական ներդրումն են ունեցել գրքի տպագրությանը, մասնավորապես՝ փ. գ. թ., դոցենտ Սոֆյա Օհանյանին՝ թարգմանության վերստուգման, բ. գ. թ., դոցենտ Լիանա Սարգսյանին՝ լեզվական խմբագրման, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսներ փ. գ. թ., դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանին և ի. գ. թ. Ալեքսանդր Հարությունյանին՝ գրախոսման, Կարեն Գրիգորի Սարգսյանին՝ աջակցության, իսկ Հայաստանում ֆրանսիական համալսարանին՝ աշխատությունը որպես բուհական դասագիրք տպագրության երաշխավորելու և համաֆինանսավորելու համար: Հավելենք նաև, որ գրքի գլխավոր հովանավորը «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակն է:

Կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում նաև ՀԲԸՄ-ի ղեկավարությանը՝ դահլիճը տրամադրելու և դրանով իսկ շնորհանդեսի կազմակերպմանը նպաստելու համար:

Հավանաբար քչերը գիտեն այն մասին, որ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցը գիտական գործունեությանը զուգահեռ նաև ստեղծագործում էր և դա անում էր խորաթափանց ու նրբանկատ ձևով: Շնորհանդեսի ժամանակ էլ ներկայացվեց Վլադիկ Ներսեսյանցի «Философская лирика» փիլիսոփայական բանաստեղծությունների ժողովածուն, որը կազմել է Ավետիք Հարությունյանը: Գիրքը սկսվում է Վալենտինա Լապաևայի ներածական խոսքով, որում պատմում է Վլադիկ Ներսեսյանցի դժվար մանկության և հեղինակի ստեղծագործությունների վրա դրա ազդեցության մասին: Ժողովածուն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում և ներառում է հեղինակի տարբեր տարիների 152 ստեղծագործություններ:

Նշված երկու գրքերը տպագրվել են «Արցախ» հրատարակչության կողմից:

Միջոցառման ամփոփման ժամանակ Ա. Հարությունյանը նշեց, որ 2025 թ. հուլիսի 21-ին լրանում է Վլադիկ Ներսեսյանցի մահվան 20-րդ տարելիցը և առաջարկեց, այս տարվանից սկսած, կազմակերպել գիտական միջոցառում՝ նվիրված մեր հայրենակցի փիլիսոփայաիրավական ժառանգությանը: Ի դեպ, Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է 1938 թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում, իսկ վախճանվել 2005 թ. հուլիսի 21-ին Մոսկվայում: