կարևոր
3190 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 23:15
Աշխարհ Քաղաքական

Թրամփն ասել է, որ հավատում է Ուկրաինայի հարցով կարգավորման հասնելու Պուտինի մտադրությանը

Թրամփն ասել է, որ հավատում է Ուկրաինայի հարցով կարգավորման հասնելու Պուտինի մտադրությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու Վլադիմիր Պուտինի ձգտմանը:

Նրա խոսքով՝ Մոսկվան իսկապես ցանկանում է պայմանավորվել, և նրա հետ փոխգործակցությունն ավելի հեշտ է ստացվում, քան Կիևի հետ, չնայած Ռուսաստանն այս դիմակայությունում ուժեղ դիրքեր ունի:

«Ես հավատում եմ նրան»,-ասել Է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահին վստահելու մասին հարցին:

Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի հետ, սակայն այս պահին Մոսկվան «դժոխային ձևով ռմբակոծում է Ուկրաինան»: Սակայն Թրամփը կարծում է, որ նույնիսկ նման իրավիճակում Կիևը շարունակում է պակաս կանխատեսելի գործընկեր մնալ։

«Ինձ համար, եթե անկեղծ լինեմ, ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ, չնայած նրանք խաղաքարտեր չունեն։ Վերջնական կարգավորման համատեքստում Ռուսաստանի հետ փոխգործակցելն ավելի հեշտ է, ինչը զարմանալի է, քանի որ բոլոր խաղաքարտերը նրա ձեռքին են»,-ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Թրամփը հասկացրել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել օգնությունը Կիևին, եթե ուկրաինական իշխանությունները խաղաղ կարգավորման պատրաստակամություն չցուցաբերեն:

Նա նաև վստահություն է հայտնել, որ երկու կողմերն էլ շահագրգռված են հակամարտության դադարեցմամբ, իսկ իր ղեկավարությունը կօգնի արագացնել այդ գործընթացը:

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ կարգավորում ուզում են։ Եթե ես նախագահ չլինեի, այս պատերազմը դժվար թե ավարտվեր։ Բայց ես վստահ եմ, որ մենք կհասնենք կարգավորման և կկանգնեցնենք այն»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում փետրվարի 28-ին, այն վերաճել է լեզվակռվի: Հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև գործարքի ստորագրումը չեղարկվել է, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված է եղել լքել Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու ցանկություն չի տեսնում։