Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Արցախցի Ալմաստ Կ. Եսայանը գրում է.
«Բաքվի բանտում բոլորին դժվար հիշենք անուն ազգանունով, մանավանդ եթե Արցախի միայն անունն ենք իմանում, քարտեզի վրա տեղն էլ չգիտենք։
Նկարում Դավիթն է Իշխանյան, ով այժմ կանգնած է Բաքվի դատարանում և մեղադրվում է նրա համար, որ հայ է հեչ հերիք, հետն էլ` Արցախից։
Ընկեր Իշխանյանի նման հայոց պատմություն իմացող դեռ չեմ հանդիպել ես, իմ ուսուցիչն է, ով այնպես է պատմել Արշակունյաց դինաստիայի մասին, որ կարող եմ իր պատմած դասը հիմա էլ վերարտադրել։ Համեստությամբ և հանդարտ բնավորությամբ կարող էր մի ամբողջ դպրոց զգաստացնել այնպես, որ ճանճի տզզոցն անգամ չի լսվի։ Էդպիսինն էին մեր դասերը դպրոցում, այն դպրոցում, որը վերանորոգվել էր իր ջանքերով։
Երկու տարի դպրոց չէի հաճախել, տեղաշարժվելու սահմանափակումներ ունեի, և ուսուցիչները մեր տուն էին գալիս` դասավանդելու։ Երբ սկսեցի դպրոց հաճախել` Ընկեր Իշխանյանը արդեն տնօրենն էր դպրոցի։ Հինգերորդ դասարանի աշակերտ էի, բնույթով այնպիսին, որ դասարանում ինչ կատարվեր ինձ էին մեղադրում։ Մեր դասարանն էլ հենց տնօրենի սենյակի կողքին էր։ Դպրոցում շատ լուրջ էր դրված հագուստի հարցը` սև և սպիտակ, աղջիկներին տաբատ չէր կարելի ոչ մի դեպքում։
Քանի որ ես կողքի գյուղից մոտ 3 կմ քայլում էի դպրոց գալու համար, և հաշվի առնելով, որ նախորդ երկու տարին դպրոց չեմ հաճախել` ոտքերիս խնդրի պատճառով, որոշում եմ, որ ինձ կարելի է տաբատ հագնել։ Ուսուցիչներին բացատրում եմ հագուստիս ոչ դպրոցական լինելու պատճառը, բայց պատմության օրերին չէի համարձակվում հագնել։
Հիշում եմ, մի անձրևոտ օր էր, անձրևն էլ մեր գյուղում որ սկսվում էր, մեկ էլ հաջորդ ամիս էր կտրվում, մտա դպրոց, սիրուն ծալեցի անձրևանոցս ու աչքս ընկավ աստիճանների վրա կանգնած ընկեր Իշխանյանին։ Փախչելու տեղ չկար, պետք է խելոք գայի ու աստիճանների տակ մի փոքր անկյունում հանեի ցեխոտ կոշիկներն ու հագնեի դպրոցի համար նախատեսված մաքուր կոշիկները։
֊Ինչու՞ ես տաբատ հագել դպրոցում,֊ հարցրեց։
֊Ինձ մրսել չի կարելի,֊ պատասխանը գրպանս դրած էր։
֊ Ոչ մեկին էլ մրսել չի կարելի։
Անցել են տարիներ, բայց ընկեր Իշխանյանի խոսքը հիշում եմ ամեն ցուրտ եղանակի։ Հիմա առավել քան երբևէ։ Տեսնես ինքը մրսու՞մ է հիմա, իր հետ նաև մնացած գերիները, տեսնես սովա՞ծ են։ Ինչ որ տեղը ցավու՞մ է, շա՞տ են նեղացնում բանտում։Չկա՞ արդյոք այս զարգացած դարում մի ուժ, որ կարողանա այս բացահայտ անարդարությանը վերջ տա»։