Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի փաստացի շանտաժները թիմի ներսում շարունակվում են: Պարզվում է, որ ամիսներ շարունակ Քոչարյանից տարբեր «խողովակներով» պահանջում են ներկայացնել 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, սակայն նա չի տալիս:
Հիշեցնենք, որ այդ զեկույցի հանրայնացման համար օրենքով նախատեսված բոլոր ժամկետները կրկնակի անգամ խախտվել են: Անդրանիկ Քոչարյանը պարզապես չի ներկայացնում այն ՀՀ Ազգային ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովից տեղեկացավ, որ նախագահի անունով Անդրանիկ Քոչարյանը դիմում չի ներկայացնում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ անգամ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվել է հարցը, Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր անունից պահանջել զեկույցը, բայց Անդրանիկ Քոչարյանն անդրդվելի է: Տեղեկացանք, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է գնացել Քոչարյանի մոտ՝ պահանջելով տրամադրել զեկույցը, որ տեղեկանա, թե ինչ է գրված, եւ ՔՊ վարչություն գնա ներկայացնելու փաստաթղթի մասին: Սակայն Անդրանիկ Քոչարյանը նրան տվել է մի թուղթ՝ պահանջելով, որ ստորագրի այն մինչ փաստաթղթին ծանոթանալը, որպեսզի զեկույցի նախագծին ծանոթանալուց հետո տեղեկությունները չկիսի որեւէ մեկի հետ: Գաբրիելյանը հրաժարվել է ստորագրել Քոչարյանի առաջարկած փաստաթուղթը՝ ասելով, որ իր ծանոթանալու նպատակը կուսակցական ընկերներին ներկայացնելն է, այլ ոչ թե գաղտնի ծանոթանալն ու տուն գնալը:
Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանը խորհրդավորության շղարշով է պատել զեկույցը եւ հրաժարվում է դրա նախագիծը տրամադրել որեւէ ՔՊ-ականի: Անգամ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը որեւէ արդյունք չի տվել. նա զեկույցը պինդ պահում է, քանի որ գիտի՝ հենց ներկայացրեց, կարճ ժամանակ անց իրեն կհեռացնեն ԱԺ-ից: Մենք փորձեցինք կապ հաստատել Քոչարյանի հետ, սակայն պատգամավորը մեր զանգերին չպատասխանեց»: