Փոխարժեքներ
28 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Հայաստանի վարչական դատարանը մերժել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ կապված հայցվորի իրավահաջորդությամբ փոխարինման և գործի վարույթի կարճման հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն ու հավելել՝ «Գոյ»-ին վերաբերող դատական գործը կշարունակվի։
«ՀՀ վարչական դատարանը մերժել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ կապված հայցվորի իրավահաջորդությամբ փոխարինման և գործի վարույթի կարճման հետ։ Դատավոր Արմեն Ներսիսյանի որոշմամբ գործի քննությունը կշարունակվի՝ վերանայելով ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 11-ի N 701-Ն որոշման իրավաչափությունը»,-գրել է նա:
Արզումանյանը խոստացել է շուտով մանրամասնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ որոշումը, թե ինչպես կզարգանա դատական գործընթացը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը «Գոյ» թատերախումբ անունով կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։