կարևոր
1282 դիտում, 2 օր առաջ - 2025-02-18 16:23
Հասարակություն

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում տարեկան 90 օրից ավելի կմնա՞ն. պարզաբանում

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում տարեկան 90 օրից ավելի կմնա՞ն. պարզաբանում

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ 

«Ինչպես հայտնի է, «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա քաղաքացիներն այս տարվա հունվարի 1-ից առանց վիզայի չեն կարող գտնվել ՌԴ-ում ավելի, քան տարեկան 90 օր։

Այս սահմանափակումը մտահոգություններ էր առաջացրել հատկապես բեռնատարների վարորդների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են ուղևորվում Ռուսաստանի Դաշնություն։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը։ Արդյո՞ք առաջարկվել է ռուսական կողմին որոշ կատեգորիաների դեպքում վերանայել որոշումը։

Հարցի պարզաբանման նպատակով փետրվարի 7-ին գրություններ էի ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 2025թ-ի փետրվարի 12-ին հայկական կողմի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության կողմից կազմակերպված տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են նաև «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի կանոնների և պայմանների հաստատման նպատակով փորձարկում անցկացնելու մասին» № 1510 որոշման կարգավորումները, ՌԴ-ում ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային միգրանտների գործունեության վրա դրանց հնարավոր ազդեցությունը։

Տեսակոնֆերանսի ընթացքում հայկական կողմը հնչեցրել է ՌԴ նախագահի 30․12․2024թ-ի № 1126 հրամանագրի համատեքստում բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածք մուտքի և ելքի կարգավորումների վերաբերյալ հարցը, մասնավորապես, արդյոք իրականացված օրենսդրական փոփոխությունները վերջիններիս նկատմամբ կիրառելի են, թե՝ ոչ, որին ի պատասխան ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ փոփոխությունները տարածվում են նաև նշված անձանց նկատմամբ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը մտահոգություն է առաջացրել նաև այլ պետություննների իրավասու մարմիններին, ուստի ներկայումս քննարկվում է, հնարավորության դեպքում, բեռնատարների վարորդների մասով այլ կամ պարզեցված ընթակարգ կիրառելու հնարավորության մասին։

ԱԳՆ-ն ևս հայտնում է նույնատիպ տեղեկություններ՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում։

Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը՝ շարունակելու եմ հետևողական լինել և տեղեկություն ունենալու դեպքում ներկայացնել հնարավոր նոր զարգացումները»։