կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-29 14:16
Հասարակություն

Հայաստանից ՌԴ մեկնող ավտոբուսը 1 օրից ավելի անցակետում են պահել 40 լիտր ծիրանի օղու պատճառով

Հայաստանից ՌԴ մեկնող ավտոբուսը 1 օրից ավելի անցակետում են պահել 40 լիտր ծիրանի օղու պատճառով

Երևանի հարավային ավտոկայանից օգոստոսի 20-ին Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող` 49 ուղևորով ավտոբուսը Վլադիկավկազում մեկ օրից ավելի մնացել է անցակետում: Ավտոբուսը պատկանում  է «Ավազառ» ընկերությանը:

Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը նշեց, որ տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը, թե ուղևորների թիվը 60 է, չի համապատասխանում իրականությանը:  «Ավտոբուսում ուղևորների թիվը 49 է, բոլորի անուն-ազգանունները կան մեզ մոտ»,- հայտնեց նա:

Ինչ վերաբերում է անցակետում մեկ օրից ավելի ավտոբուսը պահելու պատճառներին, ապա Հարությւնյանը նշեց, որ պատճառը այն է եղել, որ ուղևորներից մեկի մոտ 40 լիտր ծիրանի օղի է եղել:

«Ասացին` անօրինական եք տեղափոխում և տարան ներքին գործերի բաժին, որտեղ մեկ օրից ավելի պահել են, բայց քանի որ մենք մինչ այդ անցել էինք Հայաստանի, Լարսի և նույնիսկ ՌԴ այլ անցակետեր, անօրինականության մասին խոսք լիներ չէր կարող»,- բացատրեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` կասկածել են` կարող է պայթուցիկ նյութ լինել:

Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ դիմել են արտաքին գործերի և տրանսպորտի և կապի նախարարություններ, որտեղից էլ միջամտել են, և ավտոբուսին ճանապարհը շարունակելու թույլտվություն են տվել, իսկ օղին, նրա խոսքով, վերցրել են` փորձաքննության հանձնելու համար:

 Հարությունյանը հայտնեց, որ առավոտյան 10:30-ին ավտոբուսը շարունակել է ճանապարհը: