Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են 2025 թվականի «Յոթ ամենավտանգված» ծրագրի կարճ ցանկում։ Ցանկի մեջ ներառվել են նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ գտնվող Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Հիմնադրումից ի վեր (2013 թ․)՝ այս ծրագիրը քաղաքացիական հասարակության առաջատար նախաձեռնություն է՝ ուղղված Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությանը։
Համաձայն «Եվրոպա Նոստրա» կազմակերպության հաղորդագրության՝ վտանգված ժառանգության 14 վայրերը, որոնք ներկայացնում են եվրոպական 14 երկիր, ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, նախագծերի վերլուծության փորձագետներ, տնտեսագետներ։
Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի եզակիությունը, առկա վտանգները, մշակութային արժեքի կարևորությունը;
Եվրոպայում «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի 2025 թվականի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։
Թաքնված Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին միջնադարի կրոնական ու աշխարհիկ ժառանգության յուրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգվող այս հուշարձանախումբը 13-րդ դարի մշակութային և տնտեսական կյանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական սահմանակցությունը փաստում են համալիրի պատմական, աշխարհաքաղաքական կարևորության մասին։
Համալիրի զարդը գլխավոր եկեղեցին է՝ բոլորված պարսպով ու աշտարակներով, ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթավոր դահլիճն ու կից գավիթը՝ հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մեջ ու հավատարիմ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր, այլև` Մետաքսի ճանապարհի վրա գտնվող առևտրային երբեմնի աշխույժ այս կենտրոնի քարավանատները, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:
Ազատված լինելով հարկերից որպես վանական կալվածք՝ կրոնականի ու աշխարհիկի համակեցության այս օրինակը հայ-վրացական մշակութային փոխազդեցության ուշագրավ ժառանգություն է՝ կերտված Զաքարյանների իշխանության և մոնղոլական տիրապետության տարիներին։ Չնայած պատմական իր նշանակությանը՝ բնակատեղին լքվել է 17-րդ դարից։ Մինչ օրս այն պատշաճ ուսումնասիրված չէ։
Քայքայվող հիմնապատերը, փոփոխվող կլիման, առատ տեղումներն ու սելավների վտանգները, սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար։ Մարդկային գործոնը ևս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք։
Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը։
Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև՝ կայուն էկոտուրիզմի զարգացում։
«Յոթ ամենավտանգված» ծրագրի միջազգային խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարյան նշանակալի մի հուշարձանախումբ է, որում արտացոլված են դարաշրջանի մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը: Այդուհանդերձ՝ անկայունությունը համալիրի շուրջ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ և բնապահպանական խնդիրներով, անհապաղ միջամտություն է պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող են հաշտեցման, տարածաշրջանային կայունության և կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգությունը խաղաղության և առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։
Ամենավտանգված մյուս հուշարձանների ու ժառանգության վայրերի ցանկում ներառված են նաև՝
Միքսնից-Բերենշուցկլամ երկաթուղային կայարան, Ավստրիա
Օդամուղի սրահ, Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ
Երկաթուղային կամուրջներ և Բաարդվեյսկե Օվերլաատ առափ, Նիդերլանդներ
Ազգային թատրոն, Օսլո, Նորվեգիա
Պաուլիստաս եկեղեցի և միաբանություն, Լիսաբոն, Պորտուգաիա
Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, Սերբիա
Սան Էստևո դե Պուսադա եկեղեցի, Իսպանիա
Վալհալլա լողավազան, Գյոթեբորգ, Շվեդիա
Վիկտորյայի աշտարակի այգիներ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն։