կարևոր
1096 դիտում, 3 ամիս առաջ - 2025-01-08 19:46
Աշխարհ

Թուրքիան սկսել է Իրանի տեղեկատվական պարուրումը

Թուրքիան սկսել է Իրանի տեղեկատվական պարուրումը
Թուրքական պետական TRT հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել պարսկերենով։ Բացման արարողության ժամանակ TRT-ի գլխավոր տնօրեն Մեհմեդ Զահիդ Սոբաջին հայտարարել է՝ հեռուստաալիքի նպատակն է կապ հաստատել Իրանում, Աֆղանստանում եւ Տաջիկստանում ավելի քան 130 միլիոնանոց պարսկալեզու լսարանի հետ, ինչպես նաեւ «ամրապնդել մշակութային կապերն այդ ռազմավարական կարեւոր տարածաշրջանի հետ»: Սակայն Իրանի իշխանությունները կարծում են՝ այդ քայլն ուղղված է Անկարայի ռազմավարկան եւ աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացմանը, ինչպես նաեւ «Իրանի ներսում կայունության եւ միասնության խաթարմանը»: Իրանի արտաքին քաղաքականության եւ ռազմավարական հարցերով փորձագետ Նավիդ Քամալին Իրանի արտաքին գործերի նախարարության հետ սերտորեն կապված իրանական Diplomacy պարբերականի համար հոդվածում ընդգծել է»TRT Persian հեռուստաալիքի գործարկման նպատակը Թուրքիայի ձգտումն է «խնդիրներ ստեղծել Իրանի համար»: Իրավիճակը մեկնաբանում է հայտնի արեւելագետ Ստանիսլավ Տարասովը։

«Նախ, որպես ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության հեռարձակման ծառայության նախկին աշխատակից, կարող եմ պնդել՝ ցանկացած երկրում հեռարձակումը եղել եւ մնում է արտաքին քաղաքականության գործիք։ Գործունեության մեջ նոր ուղղոթյունը միշտ նախանշում է հեռարձակման առարկայի հետագա փոփոխությունները: Ընդ որում՝ կախված կոնկրետ քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակից, այս կամ այն երկրի հեռարձակումը միշտ արագ փոխում է մոտիվացիան եւ տոնայնությունը քարոզչական աշխատանքում։ Արտաքին կատակլիզմների շրջանում հեռարձակումը գրեթե միշտ օգտագործվել է թշնամուն կամ պոտենցիալ հակառակորդին վարկաբեկելու նպատակով։ Այսպիսով, պարսկերենով TRT հեռարձակման բացումը լուրջ խորհրդանշական բովանդակություն է ստանում։

Կարծում եմ՝ պատահական չէ, որ Իրանում թուրքական քարոզչության ակտիվացումը տեղի է ունենում Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում թուրքամետ վստահված անձանց հաջողությունների խորապատկերին։ Այժմ գլխավոր ինտրիգն արդեն այն է լինելու, թե թուրքական քարոզչությունն ինչ խնդիրներ է առաջ քաշելու իրանական ուղղությամբ։ Տեսականորեն պարզ է՝ Թուրքիան Իրանին տեղեկատվություն փոխանցելու գործընթացում ելնելու է տարածաշրջանային նոր իրողություններից, ձգտելու է առաջին հերթին պահպանել իր տարածաշրջանային իմիջը, որն Իրանում խամրել է Դամասկոսում Բաշար Ասադի տապալումից հետո։ Թեհրանը թուրքական կողմին բացահյտ մեղադրել է Սիրիայում հակամարտություն հրահրելու եւ հակակառավարական ուժերին աջակցելու մեջ: Այս առնչությամբ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է՝ Թեհրանը միշտ խորհրդակցել է Անկարայի հետ Աստանայի ձեւաչափով, բայց որը կոնկրետ իրավիճակում չի աշխատել։ Ավելին, Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին տարակուսանք է հայտնել, որ, իր խոսքով, «Թուրքիան հայտնվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքականության թատերաբեմում», որոնց վրա Թեհրանն ու նրա դաշնակիցները պաշտոնապես պատասխանատվություն են դնում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համար: Ի դեպ, Թեհրանը հիմա էլ չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման բացասական սցենարները։

Ուստի Անկարան հեռարձակման համակարգի միջոցով կփորձի իրանական հանրությանը հասցնել իր տեսակետը համաշխարհային եւ տարածաշրջանային իրադարձությունների, հատկապես Սիրիայի եւ Իրաքի իրադարձությունների վերաբերյալԲայց իրականում Իրանում TRT - ն հավասարվում է ԱՄՆ-ի այնպիսի տեղեկատվական համալիրներին, ինչպիսիք են «Ռադիո Ֆարդան» Իրանի ժողովուրդների լեզուներով եւ «Ռադիո ազատ Իրաքը» ՝ «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի ստորաբաժանումները: Թեհրանը նման գործողությունները միշտ ընկալել է որպես միջամտություն իր ներքին գործերին՝ ընդունելով, որ գտնվում է արտաքին մեդիա գործոնի դերի ուժեղացման գոտում՝ առաջարկվող ուղղությունների լողացող տեղաշարժով՝ ժամանցային տեղեկատվությունից դեպի քաղաքական եւ արտաքին քաղաքականություն։ Նշենք նաեւ՝ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների խորապատկերին Իրանի ԶԼՄ-ներում եւս ուժեղացել է Անկարայի դեմ ուղղված քարոզչական արշավը:

Մի խոսքով, Թուրքիան նոր փուլ է մտնում իր տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ ավելացնելով ներդրումները միջազգային լրատվամիջոցներում՝ լավ տիրապետելով իր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու հնարքներին։ TRT Persian-ի գործարկմամբ այս ռազմավարությունը նոր փուլ է մտնում», - ամփոփփլ է Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի