կարևոր
1366 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-13 13:53
Աշխարհ

ԱՄՆ-ն և Թուրքիան «ընդհանուր համաձայնության» են եկել Սիրիայում իրավիճակի շուրջ

ԱՄՆ-ն և Թուրքիան «ընդհանուր համաձայնության» են եկել Սիրիայում իրավիճակի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ 

Բանակցություններից հետո Բլինքենն ասաց, որ ամերիկյան և թուրքական կողմերի միջև կա «ընդհանուր համաձայնություն» այն մասին, թե ինչ է կատարվում Սիրիայում ընդդիմադիր ուժերի իշխանության գալուց հետո։

«Մեր երկրները տարիների ընթացքում շատ քրտնաջան աշխատել են և շատ բան են տվել՝ ապահովելու, որ տարածքային խալիֆայությունը վերացվի, որպեսզի այդ սպառնալիքը նորից գլուխ չհանի։ Չափազանց կարևոր է, որ մենք շարունակենք այդ ջանքերը»,- ասել է պետքարտուղարը մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան նախագահ Բաշար Ասադի հրաժարականից հետո նույն պատկերացումն ունեն Սիրիայի ապագայի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը:

Երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։