Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Yerkir.am-ը հոդված էր հրապարակել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ստեղծված և նախադեպը չունեցող իրավիճակի մասին: Հայտնել էինք, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն և միջազգային լայն ճանաչում ունեցող այս հաստատությունը, որը, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտերից մեկն է, արդեն մեկուկես ամիս է, ինչ չուներ ո՛չ տնօրեն, ո՛չ փոխտնօրեն, ո՛չ էլ անգամ տնօրենի կամ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Կարճ ասած՝ արգելոց-թանգարանում տոտալ անտերություն էր տիրում:
Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասացին, որ հրապարակումը լուրջ իրարանցում է առաջացրել քաղաքապետարանում, ուստի որոշել են շուտափույթ կերպով նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի արտաքին շղարշ ստեղծեն, թե նշված հիմնարկում «արշալույսները խաղաղ են», և ամեն ինչ, իբր, բնականոն հունով է ընթանում:
Նոյեմբերի 14-ին մեզ հետ կապ է նաև հաստատել արգելոց – թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Ծովինար Խաչատրյանը և հայտնել, որ արգելոց-թանգարանն արդեն նոր ղեկավար ունի, իսկ մասնաճյուղերը բնականոն աշխատում են:
Այսպիսով, նոյեմբերի 14-ին ստիպված, ճարահատյալ և շուտափույթ կերպով քաղաքապետարանից թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Թելունցին նշանակել են արգելոց-թանգարանի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս վաստակաշատ կին է, երկար տարիներ աշխատել է կոնկրետ իրեն վերապահված ոլորտում, սակայն չունի վարչական աշխատանքի փորձ, թանգարանի զարգացման ծրագիր և այլն: Նրան առաջարկել են լինել տնօրենի ժ.պ., նա էլ ստիպված համաձայնել է: Եվ այդ ամենը զուտ այն բանի համար, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը գլուխն ազատի ավելորդ աղմուկից ու քաղաքապետի առաջ խայտառակվելուց, իսկ թանգարանի աշխատակիցները կարողանան աշխատավարձ ստանալ: Ավելին, եթե տնօրինության կողմից որևէ մեկը չստորագրեր, և անտեր վիճակը շարունակվեր, ոչ միայն աշխատավարձ չէին ստանալու, այլև անգամ թանգարանը ջեռուցում չէր ունենա:
Yerkir.am-ը կարճ զրույց ունեցավ նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նորանշանակ ժ.պ. Անահիտ Թելունցի հետ:
- Տիկի՛ն Թելունց, շնորհավորում ենք Ձեզ ժ.պ. նշանակվելու առիթով:
- Շնորհակալ եմ:
- Դուք ո՞ր օրն եք նշանակվել տնօրենի ժ.պ.:
- Նոյեմբերի 14-ին:
- Հրապարակում եղավ, որ հիմնարկում աշխատավաձերը չեն ստացել:
- Արդեն ստացել ենք, հենց նույն օրը՝ նոյեմբերի 14-ին, թանգարանի կումունալները ևս վճարել ենք, այսինքն, այդ բոլոր հարցերը կարգավորվել են:
- Տիկին Թելունց, պատրաստվո՞ւմ եք դիմել և մասնակցել մրցույթի:
- Ոչ, ոչ:
- Դուք հայտնի, վաստակաշատ ֆոնդապահ եք, իսկ տնօրենի պաշտոնը ենթադրում է ծանր վարչական աշխատանք:
- Շատ ծանր է, ես գիտեմ:
- Այդ դեպքում ինչու՞ որոշեցիք դառնալ ժ.պ.:
- Ըստ կարգի էդպես է, եթե տնօրեն-փոխտնօրեն չունենք, օրինակ, եղել է, որ տնօրեն-փոխտնօրենը երկրից բացակայել են, պարտականությունները դրվում է գլխավոր ֆոնդապահի վրա: Օրինաչափությունն էդպես է, ուզելու խնդիր չէ, կարգն է այդպես, մինչև մրցույթ լինի, և քաղաքապետարանը, որպես վերադաս, նշանակի իր կողմից ժամանակավոր կամ մրցույթ հայտարարի:
-Հասկանալի է, իսկ Դուք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի զարգացման ի՞նչ ծրարգրեր ունեք:
- Ես ոչ մի ծրագիր դեռ չունեմ, որոհվհետև խնդիրը մեր ցուցադրությունն է, որ հավաքված է, վերանորոգման առաջ ենք կանգնած, և դա քաղաքապետարանն էլ գիտի՝ պիտի լինի վերանորոգում, որ նոր ցուցադրություն լինի, թե չէ՝ էսպես թանգարանը կիսացուցադրությունով մի փոքր ժամանակավոր ունենք, և այդքանն է աշխատում: Ծրագիր չունենք, ծրագիրը միայն մրցույթով ցուցադրությունը վերականգնելը, վերանորոգելն է և աշխատելը:
- Տիկին Թելունց, իսկ դուք Ուրարտուն ընդունու՞մ եք իբրև հայկական ժառանգություն:
- Այո, միանգամայն:
- Իսկ Էրեբունի – Երևան կապը՞, որը կարծես կասկածի տակ է դրվում:
- Լրիվությամբ ընդունում եմ: Ինքս նաև բնիկ էրեբունցի եմ, և Էրեբունու բլուրը իմ բնակարանի կողքն է (ժպտում է):
- Շնորհակալ ենք, Ձեզ նոր աշխատանքում և այս փուլում հաջողություն ենք մաղթում:
- Շնորհակալ եմ:
Հ.գ. Հետաքրքիր է՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյա՞կ է, թե իրեն ենթակա Մշակույթի և տուրիզմի վարչությունը, որին ենթարկվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպիսի «բարդակ» է ստեղծել այնտեղ, հաստատություն, որը հանդիսանում է Երևանի անձնագիրը, որտեղ պահվում է Երևանի, որպես Հռոմից էլ հին քաղաք լինելու եզակի ապացույցը՝ Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, և որի վրա հպարտորեն ձեռքը դրել ու երդվել է ինքը՝ Տիգրան Ավինյանը: Ավելին, հարց տվե՞լ է քաղաքապետը, թե «Էրեբունին» ինչու՞ խրվեց այդ ճահճի մեջ:
Վահե Սարգսյան