կարևոր
373 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-15 10:11
Քաղաքական

Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Անդրանիկ Քոչարյանը կրկին «կանչվել» է նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստին՝ բացատրություններ տալու իր հրահրած ներքին խարդավանքների համար:

Թեեւ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, հերքում կամ կիսատ, վախվորած ձևակերպումներով են հաստատում իրենց ներթիմային տարաձայնությունների մասին, այնուամենայնիվ, դրանք ավելի են խորանում, և «ծեր աղվես» որակմանն արժանացած տարեց ՔՊ-ական բեղերով պատգամավորը շարունակում է ինտրիգներ հյուսել թիմի ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ վարչության վերջին նիստի ընթացքում ՔՊ վերնախավը փորձել է պարզաբանել, թե Անդրանիկ Քոչարյանն ինչու է վատաբանում Հրաչյա Հակոբյանին (վարչապետի աներորդուն), Սիսակ Գաբրիելյանին և այդ թևի մյուս ներկայացուցիչներին՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ և՛ Հրաչյա Հակոբյանը և՛ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Անդրանիկ Քոչարյանը պետք է ապացուցի իր ասածները, կա՛մ պետք է պաշտոնազրկվի: Ու քանի դեռ երկուսից որևէ մեկը տեղի չի ունեցել, Գյումրու ընտրությունների կազմակերպչական ու ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանի՝ թմրանյութի թեստ հանձնելու հրահանգից զատ՝ քննարկվել է նաև Անդրանիկ Քոչարյանի ոչ թիմային վարքագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որպեսզի կողմնապահություն չդիտվի, վարչությունն այդ օրը դիրքորոշում չի հայտնել, այլ Նիկոլ Փաշինյանը փորձել է «խրատել» կողմերին և «ամոթանք տալ» անպատասխանատու պահվածքի, հայտարարությունների համար, և հարցը էլի մնացել է առկախված: Այնպես որ, հայտարարված «հրադադար»-ը դեռ վերջնական չէ. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում:

Նկատենք, որ 2021 թվականից ՔՊ-ական դարձած Քոչարյանին պաշտպանողների թիվը կուսակցությունում, խմբակցությունում օր օրի պակասում է»: