կարևոր
1882 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-08 14:09
Հասարակություն

Արդյո՞ք Ագրարային համալսարանի գրեթե բոլոր ուսանողներն են աշխատում իրենց մասնագիտություններին համապատասխան

Արդյո՞ք Ագրարային համալսարանի գրեթե բոլոր ուսանողներն են աշխատում իրենց մասնագիտություններին համապատասխան

ՀՀ կառավարության 2024 թ. սեպտեմբերի 5-ի 1402 – Ն որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ աշխատաշուկայում ագրոպարենային ոլորտի մասնագետների մեծ պահանջարկի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից այդ պահանջարկին համապատասխանող կադրեր պատրաստելու կարողության մասին է վկայում այն փաստը, որ աշխատանքային կիսամյակ մեկնած (արտերկիր մեկնել լսել էինք, գործուղման մեկնել լսել էինք, բայց կիսամյակ մեկնել՝ ոչ - Yerkir.am) ՀԱԱՀ երրորդ կուրսի առկա համակարգում սովորող ուսանողների շուրջ 60 տոկոսը, դեռ դիպլոմ չստացած, արդեն հիմնական աշխատանքի են անցել աշխատանքային կիսամյակը ՀԱԱՀ հետ կազմակերպող գործատուների մոտ՝ բավականին մրցունակ աշխատավարձերով։

Նույն միտքը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկնել է ս.թ. հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների ժամանակ՝ նշելով, որ ագրարային համալսարանի ուսանողներից գրեթե բոլորը 3-րդ կուրսից սկսած աշխատում են իրենց մասնագիտական ոլորտի կազմակերպություններում և կարելի յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողների ցանկը վերցնել և տեսնել, թե որտեղ և ինչով են նրանք զբաղված:

Հաշվի առնելով վերագրյալը, Yerkir.am-ը հարցադրում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝  խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

1․ ըստ ագրարային ոլորտի առանձին մասնագիտությունների (առանց տնտեսագիտական մասնագիտությունների և անուն-ազգանունները նշելու) 2024 թվականի ընթացքում քանի՞ ուսանող է մասնակցել աշխատանքային կիսամյակի և նրանցից քանի՞սն է անցել աշխատանքի:

Օրինակ՝ Ագրոնոմիա մասնագիտության 3-րդ կուրսի աշխատանքային կիսամյակին մասնակցած 30 ուսանողներից աշխատանքի են անցել 20-ը:.

2․ խնդրում եմ տրամադրել մասնագիտական ոլորտի այն կազմակերպությունների ցանկը, որտեղ ուսանողներն անցկացրել են աշխատանքային կիսամյակը և միաժամանակ նշել, թե ո՞ր կազմակերպությունում քանի՞ ուսանող է անցել աշխատանքի:

3. արդյո՞ք օրինական է առկա համակարգի 3-րդ կուրսի ուսանողի հիմնական աշխատանքի անցնելը, և ինչպե՞ս են ուսանողները համատեղում ուսումնական գործընթացը հիմնական աշխատանքի հետ:

Թեմային կանդրադառնանք պատասխանն ստանալուց հետո: