կարևոր
757 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-11-06 20:26
Աշխարհ

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում: Այդ մասին հայտնում է USA Today-ը։

Արարողության ընթացքում նախագահը հանդիսավոր պայմաններում կխոստանա ծառայել երկրին և ժողովրդին, ինչպես նաև հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթ և պարահանդես:

Ավանդույթի համաձայն՝ այդ օրը նորընտիր նախագահն ու փոխնախագահը իրենց կնոջ կամ ամուսնու հետ ժամանում են Սպիտակ տուն, որտեղ նրանց դիմավորում են պաշտոնից հեռացող նախագահը և փոխնախագահը՝ նույնպես իրենց ընտրյալների հետ։ Այս սովորույթը խորհրդանշում է իշխանության խաղաղ փոխանցումը։ Ի դեպ, 2021 թվականին Թրամփը խախտել էր ավանդույթը՝ բոյկոտելով նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հանդիսավոր երդմնակալությամբ պաշտոնը ստանձնում է ընտրություններին հաջորդած 73-79-րդ օրերի միջակայքում: Երդմնակալությունը տեղի է ունենում յուրաքանչյուր ընտրությունից հետո, անգամ, եթե նախագահն ընտրվում է երկրորդ անգամ անընդմեջ:

Մինչև 1933 թվականը ներառյալ երդմնակալությունը տեղի էր ունենում մարտի 4-ին, սակայն 1937 թվականից այն անցկացվում է հունվարի 20-ին՝ տեղական ժամանակով կեսօրին։ Բացառություն են կազմել Դուայթ Էյզենհաուերի, Ռոնալդ Ռեյգանի և Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունները, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար 1957, 1985 և 2013 թվականներին։ Դրանք տեղի են ունեցել հունվարի 21-ին, քանի որ հունվարի 20-ը կիրակի էր։

Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի 47-րդ նախագահ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է նաև 2017-21 թվականներին: