կարևոր
967 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-03 13:05
Աշխարհ

ԲՐԻԿՍ-ը դոլարից անկախ հուսալի վճարային համակարգ է մշակում․ Լավրով

ԲՐԻԿՍ-ը դոլարից անկախ հուսալի վճարային համակարգ է մշակում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրներն արդեն մշակել են այլընտրանքային վճարային համակարգերի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ: TV BRICS -ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ հարցը քննարկման առանցքում է եղել Կազանի գագաթնաժողովում, ինչպես նաև քննարկվել է մասնակից երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումներում տարվա ընթացքում:

«Դեռևս մշակվել են նախնական հանձնարարականները, բայց դրանք արդեն հնարավորություն են տալիս սկսել հուսալի, կայուն և երկարաժամկետ համակարգի ձևավորումը։ Վստահ եմ, որ Բրազիլիան՝ որպես հաջորդ նախագահ, կշարունակի այդ աշխատանքը», – ընդգծել Է Լավրովը։

Նրա խոսքով՝ դոլարն ավելի հաճախ է օգտագործվում որպես ագրեսիվ գործիք համաշխարհային տնտեսությունում, ինչն անհրաժեշտ է դարձնում այդ ռիսկերից պաշտպանված զուգահեռ վճարային համակարգի ստեղծումը:

«Ոչ ոք ապահովագրված չէ դոլարի կամայականություններից՝ հատկապես հաշվի առնելով ԱՄՆ անկայուն վիճակը։ Նրանք զգում են, որ իրենց հեգեմոնիան ավարտվում է, և պատրաստ են ցանկացած միջոց օգտագործել այն պահպանելու համար», -հավելել է նախարարը։

Ավելի վաղ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նշել էր, որ ԲՐԻԿՍ-ի համար այլընտրանքային համակարգի ստեղծումը հրատապ անհրաժեշտություն է, հատկապես, երբ սովորական հաշվարկային համակարգը ձախողվում է: Նա ընդգծել էր, որ նոր վճարային կառույցը կօգտագործի թվային ֆինանսական ակտիվները և ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը:

Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը կայացել է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: 2024-ի հունվարի 1-ից Ռուսաստանը պաշտոնապես նախագահում է միավորումը, որն այժմ, բացի Ռուսաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ներառում է նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:

Մոսկվայի նախագահության տարեկան շրջանն անցնում է բազմակողմանիության ամրապնդման կարգախոսով՝ հանուն գլոբալ արդար զարգացման և անվտանգության։