|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ստվերի դեմ պայքարին ուղղված՝ իշխանության քայլերը տարակարծություններ են առաջացրել:
Տարբեր դիրքորոշումներ կան այն նախագծերի դրույթների շուրջ, որոնցով սահմանված են ինչպես Երևան քաղաքում գործունեություն ծավալող՝ 10 և ավելի աշխատող ունեցող գործատուների կողմից աշխատավարձն անկանխիկ եղանակով փոխանցելու, այնպես էլ խանութներում ու սպասարկման այլ վայրերում վճարային քարտերի համար նախատեսված սարքեր՝ փոստտերմինալներ տեղադրելու պարտադրանքները:
Կառավարության նպատակը, կարծես, ստվերի դեմ պայքարն է, սակայն այս նախագծերի դրույթներն արդյո՞ք նպաստելու են ստվերի դեմ պայքարին, և արդյո՞ք չենք կանգնելու այլ խնդիրների առջև: Այս թեմաների շուրջ Yerkir.am-ը զրուցել է տնտեսագետներ Թադևոս Ավետիսյանի, Թաթուլ Մանասերյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված այն նախագիծը, որով սահմանվում է Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուների կողմից աշխատավարձի վճարումն անկանխիկ եղանակով իրականացնելը, բացարձակապես անօգուտ նախագիծ է: «Սա ստվերային շրջանառությունը կրճատելու համար է արվում, բայց անօգուտ է լինելու. գործատուի կողմից աշխատողին կփոխանցվի այն գումարը, որը ներկայումս էլ վճարվում է օրինական դաշտում, իսկ ստվերային, այսպես ասած, «սև կասսայից» վճարվող գումարը, բնականաբար, աշխատողին կրկին վճարվելու է կանխիկ եղանակով»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս պարագայում շատ քաղաքացիներ խնդրի առաջ են կանգնելու: «Կան տարբեր իրավիճակներ, որ քաղաքացիներն ուղղակիորեն չեն կարող բանկային փոխանցմամբ ստանալ իրենց աշխատավարձը, իսկ աշխատավարձը մարդու վաստակն է և իրավունքը, և ՀՀ-ում վճարման եղանակով չի կարող տարբերակվել մարդու իրավունքի իրացումը»,- նշեց նա:
Թանդիլյանը շեշտում է՝ քաղաքացին ինքը պետք է որոշի, թե ինչպես ստանա իր աշխատավարձը, և այդ իրավունքից զրկելով քաղաքացուն՝ սահմանափակում են նրա ընտրության իրավունքը: «Ո՞վ է ասում, որ ՀՀ-ում կանխիկ շրջանառությունն արգելվում է: Նման պարտադրանքն օրենքի մակարդակով տեղին չէ, և մենք, առանց քաղաքացու կամաարտահայտության, նրան պարտադրում ենք մի վճարման եղանակ և որոշում, որ մեզ համար այդպես է ընդունելի»,- ասաց պատգամավորը:
Սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, քննարկվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի փաթեթով նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ:
Ըստ Թանդիլյանի՝ եթե այս օրենքն ընդունվի, մենք սահմանափակելու ենք քաղաքացու՝ կանխիկով վճարելու հնարավորությունը: «Փոքր տնտեսվարողներին պարտադրում ենք միայն քարտով վճարումներ ընդունել: Մենք հաշվե՞լ ենք, թե նրանք ինչ բանկային ծախսերի առջև են կանգնում: Հայաստանում այսօր համար 1 խնդիրը դա չէ, եթե մենք դիտարկենք կանխիկ շրջանառությունը, կտեսնենք, որ բնական հունով գնում է դեպի անկանխիկ: Մենք ամբողջ երկիրը չենք ծածկել բանկոմատներով»,- ասաց նա:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանված է, որ խանութներում և սպասարկման այլ վայրերում պարտադիր տեղադրվեն փոստերմինալներ՝ քարտային վճարումների համար նախատեսված սարքեր, նշեց, որ պետք է հաշվի առնել, որ տնտեսությունը հնարավորինս պետք է դարձնել հաշվառելի, այսինքն՝ պատկերացումները պետք է շատ հստակ լինեն՝ որտեղ է ստեղծվում եկամուտը և ինչպես է հարկվում:
Նրա խոսքով, չնայած վերոնշյալին, նախագծի այս դրույթն ընդունելիս պետությունը պետք է հաշվի առնի, որ ոչ բոլոր տնտեսվարողները կարող են իրենց թույլ տալ լրացուցիչ ծախսեր՝ հաշվի առնելով անկանխիկ վճարումների համար նախատեսված սարքավորումը, որը պետք է տնտեսվարողը ձեռք բերի, ինչպես նաև՝ անկանխիկ գործարքներից բանկին փոխանցվող միջնորդավճարները:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ գյուղական շատ համայնքներում, ինչպես նաև քաղաքի որոշ խանութներում դեռևս կան պարտքի տետրակներ: «Եթե խանութները ներկայացնում են միկրոբիզնես, դրանց նկատմամբ վերաբերմունքը, բնականաբար, պետք է տարբերակված լինի: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, կարծում եմ, բոլորը պետք է կիրառեն հաշվառելիության այն սկզբունքները, որոնք կիրառում են տնտեսության տարբեր ճյուղերում, և այս առումով ես կարևորում եմ օրենքի այդ դրույթը: Իհարկե, կա մտավախություն, որ դա կարող է բերել փոքր բիզնեսի կաշկանդման, եթե հաշվի առնենք, հատկապես, գյուղական միջավայրում, ինչպես նաև քաղաքի որոշ խանութներում պարտքի տետրակները, ապա շատ փոքր խանութներ հազիվ են կարողանում իրենց եկամուտն ապահովել, և այդտեղից լրացուցիչ ծախսեր կատարելը խնդիր է լինելու»,- ասաց տնտեսագետը:
Նրա տեսանկյունից՝ պետությունն այս դրույթն ընդունելիս պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի տնտեսվարողների նկատմամբ: Օրինակ՝ այն խստությունը, որը կիրառվում է խոշոր խանութների նկատմամբ, որոնք ի վիճակի են այդ գումարները տրամադրել, չպետք է կիրառել փոքր տնտեսվարողի նկատմամբ: «Երկրորդ մոտեցումը, որպեսզի մեղմվի այդ ռիսկը, միջնորդավճարների մասով այնպիսի սկզբունք կիրառելն է, որը փոքր բիզնեսին չվնասի: Պետության կողմից պետք է փոխհատուցվեն այդ միջնորդավճարները, որոնք առաջին հայացքից թվում է, թե շատ մեծ չեն, բայց նայած ում համար ենք դա կիրառում, և ինչ հետևանք դա կարող է ունենալ, եթե չափից շատ են միջնորդավորված գործարքները»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:
Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 1-ից նախատեսվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում ավելացնել «Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները աշխատավարձի վճարումը կատարեն անկանխիկ եղանակով» դրույթը:
Նարա Մարտիրոսյան