կարևոր
676 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-29 12:52
Հասարակություն

Ավինյանի նշանակած ժպ-ն աշխատանքից ազատել է նախկին տնօրենին

Ավինյանի նշանակած ժպ-ն աշխատանքից ազատել է նախկին տնօրենին

Վերջերս սկանդալային պատմության մեջ հայտնված թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ Քրիստինե Դումանյանն աշխատանքից ազատել է դպրոցի երկարամյա տնօրեն, այժմ ուսուցիչ աշխատող Անահիտ Խոսրովյանին։ Խոսրովյանը դեմ էր արտահայտվել Դումանյանի նշանակմանը եւ լրատվամիջոցներով հայտնել էր իր կարծիքը՝ նոր ԺՊ-ի նշանակման հետ կապված, ինչն էլ, թերեւս, եղել է նրա ազատման պատճառը, գրում է «Հրապարակը»։

Անահիտ Խոսրովյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իրեն ազատելու պատճառները․ «Ամեն բան գնում էր դրան, որ չմնամ դպրոցում աշխատելու։ Իրենք փնտրում էին օրենքի այդ կետերը․․․ սկզբում ասում էին՝ չկա անձնական գործը, հետո հասկացան, որ հրամանները կան բոլորի, դրա հիման վրա էին ուզում աշխատանքից ազատել։ Հիմա էլ, թե` դաստիարակության գծով փոխտնօրեն եմ եղել եւ դասաժամեր եմ պարապել, բայց անհրաժեշտ էր, որ, օրենքի համաձայն, երկու անգամ հայտարարություն տալուց հետո նոր պարապեի, բայց դե ես վաղուցվա դասաժամեր պարապող անգլերենի ուսուցիչ եմ, տնօրեն էլ եմ եղել, դասաժամերը չեմ թողել, ես միշտ պարապել եմ։ Իմ աշխատանքային գրքույկում էլ է գրված՝ պահպանելով անգլերենի դասաժամերը։ Բայց քանի որ ցանկությունը շատ մեծ էր, որ ես դպրոցում չմնայի, կառչեցին այդ կետից՝ «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդի 5-րդ կետը, որ խախտում է եղել։ Ես դիմում էի գրել, որ ինձ ազատեք դաստիարակության գծով փոխտնօրենի պաշտոնից, նշանակում է կմնային ժամերը, իսկ ժամերը հիմնավորված չեն, մնաց՝ դուք ազատված եք աշխատանքից։ Ուղղակի աբսուրդի ժանրից է»։

Խոսրովյանը բացատրում է, թե օրենքի այդ կետն ինչպես է կիրառվում, եւ նշում է՝ ինքը նոր ԺՊ-ի դեմ ոչինչ չունի անձնապես․ «Վերջին օրենքով կետ է մտցվել, որ եթե վարչական աշխատող ես, ուրեմն դասաժամեր չես կարող պարապել, միայն այն դեպքում կարող ես, երբ 2 հայտարարություն ես տալիս, որ անգլերենի ժամեր կան ազատ, եթե մարդ չի գալիս, նոր միայն վարչականի աշխատողը կարող է լրացնել․․․ Ես տնօրենի դեմ ոչինչ չունեմ, ես ուրիշ տեղերին եմ բան ասում, իրենց դրդմամբ են անում։ Ես չեմ կարող ասել՝ քաղաքապե՞տն է, Հանրակրթության վարչության պե՞տն է, ո՞վ է, բայց որպեսզի ապացուցեն, որ իրենք են ճիշտը, քայլերի են դիմում։ Շարքերից ուզում են հանած լինել, որովհետեւ գուցե իմ ներկայությունը կարող է նշանակություն ունենալ, դա իրենց ձեռք չի տալիս»։
Նախկին տնօրենը նշեց, որ դպրոցում վերապատրաստում է շարունակելու անցկացնել․ ««Կրթություն՝ առանց սահմանների» ՀԿ-ում վերապատրաստող եմ, մեր դպրոցում այդ կազմակերպությունը դասընթացներ է անցկացնում, դրա համար կմտնեմ դպրոց»։

Անահիտ Խոսրովյանն իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը վիճարկելու է դատարանում, պահանջելու է իրեն վերականգնել աշխատանքում․ «Ես հիմա կվերցնեմ իմ դիմումը, իրենց ուղարկած ծանուցումը, իմ հետագա քայլերը կանեմ, բայց դրա համար աշխատանքից չեն հեռացնում, կարելի էր նկատողություն տալ։ Այդքան հեշտ չէ մարդուն աշխատանքից հեռացնելը, բայց իրենց գերնպատակն էր, բայց քանի որ ես բան եմ խոսել, ասել եմ՝ կարգով աշխատեք, իրենք պետք է ապացուցեն` ես կարգո՞վ եմ արդյոք աշխատում, դա են ուզում ապացուցած լինել։ Իրենք պարտավոր էին ինձ նկատողություն տալ»:

Հիշեցնենք, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում օրեր առաջ տնօրենի ԺՊ է նշանակվել Քրիստինե Դումանյանը, դրանից հետո աշակերտները բողոքի ակցիա էին կազմակերպել` ընդդեմ այդ նշանակման։ Նրանց պահանջն էր՝ տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին` Անահիտ Խոսրովյանի դստերը: Նշենք նաեւ, որ, ըստ տեղեկությունների, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Երեւանի քաղաքապետի կնոջ հետ ազգակցական կապ ունի, իսկ ամուսինն ուժային կառույցում է աշխատում: