կարևոր
5638 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-28 14:43
Սպորտ

Խաչանովը՝ Վիեննայի ATP-500 մրցաշարի փոխչեմպիոն

Խաչանովը՝ Վիեննայի ATP-500 մրցաշարի փոխչեմպիոն

Աշխարհի 24-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Վիեննայում (Ավստրիա) չի կարողացել նվաճել ATP-500 մրցաշարի հաղթողի տիտղոսը, գրում է ArmSport.am-ը։

Եզրափակիչ խաղում նա պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, աշխարհի 18-րդ ռակետ Ջեք Դրեյպերին։ Հանդիպումն ավարտվել է նրա օգտին 6:4, 7:5 հաշվով։ Այսպիսով Խաչանովն ընդհատել է իր՝ ութ հաղթանակներից բաղկացած շարքը։

Խաղը տևել է 1 ժամ 35 րոպե։

«Ուզում եմ շնորհավորել Ջեքին և նրա թիմին այս հաղթանակի կապակցությամբ, դու արժանի էիր  դրան: Դուք ամբողջ շաբաթ աշխատել եք այս ուղղությամբ: Ջեքն այս մրցաշրջանում արագացնում է տեմպը և շատ լավ է խաղում: Նրան մեծ հաջողություններ եմ մաղթում ապագայում։ Այնուամենայնիվ, ես նույնպես անհամբեր սպասում եմ հնարավորությանը, որպեսզի կրկին միասին կորտ դուրս գանք. ցանկանում եմ ռևանշ վերցնել այս պարտության համար»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը։

Սա Դրեյփերի կարիերայի երկրորդ և ամենանշանակալի տիտղոսն է։ Այս տարվա սկզբին նա հաղթել է Շտուտգարտում անցկացված ATP-250 խոտածածկի մրցաշարում: Դրեյփերը նաև կդառնա 15-րդ համարն աշխարհում։