կարևոր
520 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-18 15:33
Հասարակություն

1915-ին Զոհրապը ներառյալ` 6 հայ պատգամավորներ սպանվեցին, 1-ը մահապատժի ենթարկվեց

1915-ին Զոհրապը ներառյալ` 6 հայ պատգամավորներ սպանվեցին, 1-ը մահապատժի ենթարկվեց

Նևզաթ Օնարան

Նեսիմ Օվադյա Իզրայիլի հետ զրուցել ենք նրա գրքի մասին, որն ուսումնասիրում է Օսմանյան կայսրության հայտնի իրավաբաններից և խորհրդարանի անդամներից մեկի՝ Գրիգոր Զոհրապի քաղաքական դիրքորոշումը և նախքան նրա սպանությունը տեղի ունեցած իրադարձությունները։ Իզրայիլն անդրադառնում է Զոհրապի և Հրանտ Դինքի նմանություններին և բացատրում, թե ինչպես Զոհրապը, ում անունը դարձավ «Վերջին օսմանիստ», չնայած կյանքի բոլոր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությանը, չկարողացավ խուսափել Միություն և առաջադիմություն կոմիտեի արտադատական ​​մահապատիժից:

Նեսիմ Օվադյա Իզրայիլը հատկապես անդրադարձել է 1915 թ․ Գրիգոր Զոհրապին պատմական առանցքով։ Օսմանյան կայսրության փլուզման տարիների ականատես Զոհրապը և՛ իրավաբան է, և՛ գրող, և՛ քաղաքական գործիչ: Նա միայն իր ազգակից հայերին չէ, որ պաշտպանում էր: Քուրդ աշխատավորների գործը քննելու համար նա շնորհակալական ուղերձ է ստացել Օսմանյան Սոցիալիստական ​​կուսակցությունից։ 1915-ին Զոհրապի ճակատագիրը չէր տարբերվելու իր ազգի ճակատագրից։ Հրամանագիրը ստորագրվել է այն օրերին, երբ հայերին զանգվածաբար հալածում էին իրենց հայրենիքում (ոչ տեղահանում), ոչնչացնում էին նրանց ունեցվածքը, վերացնում նրանց ցեղը։ Նույն օրերին կայաացվել են ևս վեց պատգամավորների մահվան որոշումներ։

Նեսիմ Օվադյա Իզրայիլի հեղինակած «Գրիգոր Զոհրապ 1915 թ., մի մահվան ճամփորդություն» գիրքը կրկին հանդիպեց իր ընթերցողներին։ Նեսիմ եղբայրը, պատասխանելով գրքի մասին մեր հարցերին, ասաց, որ ուսումնասիրությունը հիմնավորվել է հայկական նոր աղբյուրներով, և ավելացրել են Զոհրապի նամակներն ու նրա կտակը։ Նա նաև ընդգծեց Զոհրապի քաղաքական դիրքորոշման հստակեցումը։ Զոհրապն, իր կտակի համաձայն, ունի 18 հազար 170 օսմանյան լիրայի ունեցվածք (էջ 389)։ 1915 թ․ պայմաններում դա հարմարավետ ու հանգիստ ապրելու համար բավականին լավ խնայողություն էր։ Հուսանք՝ 1915 թ․՝ ունեցվածքի ոչնչացման տարում, Զոհրապի ընտանիքը կարողացել է ստանալ կտակով նախատեսված ամբողջ գումարը։

Էրզրումի պատգամավոր Վարդգեսի հետ ձերբակալված և Ստամբուլից Դիարբեքիր տարված Զոհրապի՝ ճանապարհին առիթ լինելու պարագայում կնոջը՝ Կլարային գրած նամակների յուրաքանչյուր տող ճիչ ու ընդվզում է (էջ 371-88)։ Այն դեպքում, երբ հուլիսի 4-ի նամակում ասում էր՝ «թեև ամենևին հույս չունեմ, բայց արդարություն կգտնեմ Դիարբեքիրում» (էջ 381), ութ օր անց գրում էր. «Նրանք, ովքեր ինձ Ստամբուլից ուղարկել են Դիարբեքիր ինձ դատելու, ինձ ուղարկում են ոչնչացնելու համար։ Սարսափելի բաներ են կատարվում Դիարբեքիրում և դեռ կատարվելու են։ Աստված գիտի, թեև անմեղ եմ, բայց չեմ կարող կենդանի դուրս գալ այդտեղից» (էջ 383): Կլարա Զոհրապը ևս, հուսահտորեն  Ստամբուլում պայքարում է։ Սրանք շատ ցնցող տողեր ու վայրկյաններ են, որտեղ ամեն վայրկյանը տանջանք է։

Կլարային ուղղված «նամակը Թալեաթին տուր և խնդրիր, որ հաստատ խոստում տա՝ ասելով «Ես կփրկեմ քո ամուսնուն» (էջ 368, abc) տողերը գրելուց չորս օր անց՝ 1915 թ․ հուլիսի 19-ին, Ուրֆայից Դիարբեքիր տարվելիս Զոհրապն ու Վարդգեսը սպանվեցին Չերքեզ Ահմեդի և նրա հրոսախմբի կողմից (էջ 326-32, 345-350): Սպանվելուց մի քանի օր առաջ նախ Կոնիա-Էրեղլիում «ոչ» ասացին Ուրֆայում հայ հեղափոխականների առևանգման ծրագրին, իսկ մի քանի օր անց, ցավոք, սպանվեցին երիտթուրքական և Հատուկ կազմակերպության ծրագրով։

Այդ ժամանակից ի վեր գործում է «արտադատական ​​մահապատժի» քաղաքականությունը. Մուստաֆա Սուփհիի սպանությունից մինչև Քեմալ Թյուրքլեր, Մուսա Անտեր, Հրանտ Դինք և Թահիր Էլչի…

1915-ին Զոհրապից և Վարդգեսից բացի սպանվեցին ևս չորս հայ պատգամավորներ, իսկ Համբարձում Բոյաջյանը մահապատժի ենթարկվեց (էջ 337-8)։ 1915-ին երիտթուրքական և Հատուկ կազմակերպության ծրագրով 1908-ից 1914 թթ․ երեք ժամկետով ընտրված 22 հայ պատգամավորներից յոթի դեմ մահափորձ ծրագրվեց։ Յոթ պատգամավորներից չորսը՝ Զոհրապը (Ստամբուլ), Վարդգեսը (Էրզրում), Արշակ Վռամյանը (Վան) և Ստեփան Չըրաջըյանը (Էրգանի), 1915 թ․ սպանվելիս եղել են խորհրդարանի անդամներ, այսինքն՝ պատգամավորներ։

Սպանված Նազարեթ Տաղավարյանը (Սվաս) եղել է առաջին ժամկետի (1908-1912) և Կարապետ Փաշայանը (Սվաս) երկրորդ ժամկետի (1912) պատգամավոր։ Առաջին ժամկետում Քոզանի պատգամավոր Համբարձում Բոյաջյանը (Մուրադ) ձերբակալվել է 1915 թ․ ապրիլի 24-ին, դատվել Կայսերիի (Կեսարիա-Ակունքի խմբզինվորական դատարանի կողմից և հուլիսի 24-ին մահապատժի ենթարկվել իր ութ ընկերների հետ։

1915 թ․ Գերմանիայի կանցլերին զեկուցեցին, որ Քոզանի պատգամավոր Մաթյոս [Մատեոս] Նալբաթյանը փրկել է իր կյանքը՝ տալով իր 15 հազար ակր հողի եկամուտը։ Համաձայն Ադանայի հյուպատոս Բյուգեի 1915 թ․ հոկտեմբերի 1-ի հաղորդագրության՝ եկամուտը բռնագրավող անձը Ադանայի նահանգապետի եղբայր Համդին է։ Չեմ կարծում, թե եկամուտը մնաց․ հետագայում գույքը ոչնչացվեց:

Մինչդեռ դատական ​​խողովակը չէր գործում 1915-ին, Անկախության դատարանները շատ ակտիվ էին 1920-1923 և 1925-1927 թթ․։ 1921 թ․ Ամասիայի անկախության դատարանի կողմից 174 հույների համար արձակված մահապատժի դատավճիռներից մեկը Տրապիզոնի պատգամավոր Յանիի որդի Մատյոսի (լրիվ անունը՝ Մատյո Կոֆիդի) վերաբերյալ էր, ով 1908-1918 թթ․ երեք անգամ ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր և մահապատժի էր ենթարկվել 1921 թ․ սեպտեմբերի 28-ին։ Արևելյան Անկախության դատարանի 420 մարդու մահապատիժներից երկուսը կապված էին նախկին պատգամավորների հետ․ ԹԱՄԺ առաջին ժամկետի անդամներ Հասան Հայրին (Դերսիմ) և Յուսուֆ Զիյան (Բիթլիս), ովքեր մահապատժի են ենթարկվել 1925 թ.։

 

ՓԱՍՏԱԲԱՆ, ԳՐՈՂ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԶՈՀՐԱՊԸ

1861-ին ծնված Գրիգոր Զոհրապը վկան է այն տարիների, երբ խորացավ Օսմանյան կայսրության տնտեսական և քաղաքական ճգնաժամը՝ Թանզիմաթից մինչև 1875-ի անկումը, 1876-ի Սահմանադրությունը և դրա վերացումը, 1878-ի ռուս-թուրքական պատերազմը, 1895-6-ին Համիդիեի գնդերով հայերի բնաջնջումը, 1896-ին Բանկ Օտտոմանը, 1905-ին Աբդուլ Համիդի դեմ մահափորձը, 1908-ի հեղափոխությունը և Բալկանյան պատերազմը… Ինչպե՞ս ազդեց Զոհրապի այս ականատեսությունը նրա անձի վրա:

Տասնիններորդ դարի վերջին քառորդը և քսաներորդ դարի առաջին տասնհինգ տարին Գրիգոր Զոհրապի ակտիվ տարիներն էին։ Այս տարիները, ինչպես նշեցիք, Օսմանյան կայսրության փլուզման ճգնաժամի շրջանն է։ Այս ժամանակաշրջանում, երբ մեծ հողերի վրա բազմաթիվ տարբեր ազգեր գնում էին մեկ առ մեկ անջատվելու և անկախ պետություն դառնալու ճանապարհով, գրեթե միակ քրիստոնեական համայնքը, որը մնաց օսմանյան տիրապետության տակ, հայկականն էր։ Թեև Օսմանյան կայսրությունը գործադրեց ամենադաժան ճնշումը, սակայն չկարողացավ խանգարել, որ հատկապես Բալկաններում ազգերը անջատվեն և հռչակեն իրենց անկախ պետությունները։ Դժվար չէր տեսնել, որ նույն զարգացումը կարող էր լինել հայ ժողովրդի ներսում ի հայտ եկած քաղաքական խմբերի շնորհիվ։ Զոհրապը հայ համայնքում մեծամասնություն ունեցող այն խմբից էր, ով հավատում էր, որ Օսմանյան կայսրությունը կարող է ուժեղ լինել և գոյատևել թուրք-հայկական միասնությամբ: Այս պատճառով Զոհրապի անունը դարձավ «վերջին օսմանիստ»։ Զոհրապը թուրք և հայ հասարակության միասնության կողմնակից խորհրդանշական անձնավորություն էր, որը լավ հարաբերություններ էր պահպանում նրանց հետ, ովքեր հակառակ կողմին թշնամի էին համարում։

Գրիգոր Զոհրապը երեք ինքնություն ունի՝ փաստաբան (իրավաբան), գրող (երկերը՝ էջ 367) և քաղաքական գործիչ (նա և՛ պատգամավոր է, և՛ Հայ Ազգային խորհրդի երեսփոխան)։ Շատ տպավորիչ է, որ Զոհրապը, ում տունը այրվել էր 1893 թ, չի փոխել իր պլանները՝ Մասիսում իր գրածն ավարտելու համար (էջ 44) և հետաքրքիր է նաև, որ նա երախտագիտության ուղերձ է ստացել Օսմանյան Սոցիալիստական ​​Կուսակցությունից՝ գործադուլ անելու համար ձերբակալված ութ քուրդ բանվորներին ազատ արձակելու ջանքերի համար (էջ 152-3): Արդյո՞ք Զոհրապը կարողացել է միավորել իր երեք ինքնությունները:

Զոհրապը համառորեն ասում էր, որ ինքը սոցիալիստ է և ակտիվորեն զբաղվում էր քաղաքականությամբ խորհրդարանում տարբեր ազգությունների պատգամավորների կողմից ձևավորված սոցիալիստական ​​խմբում։ Զոհրապի սոցիալիզմը նպատակաուղղված էր սոցիալական պետության մոդելին, որտեղ հասարակության բաժանումը ավելի արդար կլիներ, պետությունը կպաշտպաներ ճնշվածներին և շահագործվողներին, իսկ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը կլինեին հիմնարար հասկացությունները: Իրավագիտության ասպարեզում նա աղքատների ու ճնշվածների գործն ստանձնած անձնավորություն էր։ Երբ կարդաք նրա հրաշալի պատմությունները, կտեսնեք, որ դրանք հասարակության հետ մնացած ու դուրս մղված հատվածների մասին են։ Այս հարցերում նա ամբողջական է:

Զոհրապը ոչ միայն հայերի իրավաբանն էր, այլ իր մասնագիտության նկատմամբ արդարություն էր պահպանում. նա վարում էր և՛ բանվորների (էջ 99), և Աբդուլ Համիդի քրոջ՝ Ջեմիլե Սուլթանի սպանված ամուսնու՝ Մահմութ Ջելալեթին փաշայի ժառանգական գործը (էջ 240-3): Նա բավական զգայուն և խիզախ էր Դրեյֆուսի գործին լրացուցիչ պաշտպանություն ներկայացնելու համար (էջ 159-160):

Իրավաբան Գրիգոր Զոհրապը առանց խտրականության ու անվարան ստանձնելով բոլոր ազգերի, կրոնների և սոցիալական խավերի մարդկանց պաշտպանությունը՝ ստանձնում էր նաև ֆինանսապես անբավարար միջոցներ ունեցողների գործերը՝ ոչինչ չակնկալելով։ Համաշխարհային դեմոկրատական ​​ուժերի շարքում, որոնք 1894 թ․ դեմ էին ֆրանսիական բանակի հրեա սպայի լրտեսության մեղադրանքին, Օսմանյան կայսրությունից Գրիգոր Զոհրապն էր։

 

ԶՈՀՐԱՊԻ ՈՒ ԴԻՆՔԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչո՞ւ Աբդուլ Համիդն արգելեց Զոհրապին, ով այդքան հաջողակ էր իր մասնագիտության մեջ, զբաղվել փաստաբանությամբ (էջ 68-77): Այս պարագայում ինչպե՞ս վարվեց Զոհրապը։

Սահմանադրական միապետության հռչակումից և պատգամավոր ընտրվելուց հետո, 1908 թ․ նոյեմբերի 6-ի «Ժամանակ» հայկական թերթում Զոհրապը բացատրում է, թե ինչու ե իրեն 2,5 տարի առաջ արգելել զբաղվել իրավաբանությամբ։

«Ես անվճար պաշտպանել եմ բոլոր հայ, հույն և բուլղար քաղաքական ամբաստանյալների շահերը: Ինձ արգելեցին շարունակել իրավաբանի մասնագիտությունը՝ կապված այն դատական ​​գործի հետ, որը հարուցել էի՝ պաշտպանելու մակեդոնական Ստիբի շրջանից խոշտանգված բուլղարացի հեղափոխականին ընդդեմ գավառապետի։ Ինձ անգամ ստիպեցին հեռանալ Ստամբուլից»։

Արդարադատության նախարարության համար դժվար չէր պատճառ գտնել նրա փաստաբանական գործունեությունն արգելելու համար։ Զոհրաբին, ով զբաղվում է նաև ռուսական դեսպանատան գործերով, արգելվում է զբաղվել իր մասնագիտությամբ, քանի որ հնարավոր չէր միաժամանակ ներկայանալ այլ քաղաքացիական դատարաններում։

Երկու տարի սպասելուց հետո Զոհրապը հանգեց այն եզրակացության, որ այլևս չի կարող փաստաբանությամբ զբաղվել Ստամբուլում, և որոշեց գնալ և հաստատվել Եգիպտոսում, որտեղ կարող էր ավելի ազատ ապրել և փաստաբանությամբ զբաղվել, և 1908 թ․ մայիսի 15-ին Ստամբուլից մեկնեց Փարիզ։ Կարճ ժամանակ անց Ստամբուլում կրկին ուժի մեջ մտավ սահմանադրությունը՝ ճանապարհ հարթելով Զոհրապի՝ Ստամբուլ վերադառնալու համար։

Երեք ժամկետով պատգամավոր ընտրված Զոհրապը խորհրդարանի նշանավոր հռետորներից էր (էջ 139-150, 174-182)։ Նա դիտարկել է քրիստոնյաների և հրեաների զորահավաքը (էջ 174-8)՝ կենտրոնանալով օսմանյան քաղաքացիության վրա։ Այն, ինչ նա բացատրում է արհմիության և գործադուլի մասին «Tatil-i Eşgal» օրենքի քննարկումներում (էջ 139-142), հորիզոն է բացում քննարկման համար։

Գիտե՞ք, կարծում եմ, որ Գրիգոր Զոհրապը և Հրանտ Դինքը շատ ընդհանրություններ ունեն: Երբ նրանք սպանվեցին, Գրիգոր Զոհրապը 54 տարեկան էր, իսկ Հրանտ Դինքը 53 տարեկան։ Երկուսն էլ քննարկում էին թուրք և հայ ժողովուրդների խնդիրները։ Նրանք գերադասում էին խոսել երկու ժողովուրդների պատիվը պաշտպանող կարեկից ոճով։ Ուստի, երբ կենտրոնացած ես նայում օսմանյան և թուրք քաղաքացիներին, հեշտությամբ կարելի է հասկանալ, որ Զոհրապի լուծումները քրիստոնյաների և հրեաների հավաքագրման, արհմիությունների և գործադուլների վերաբերյալ հորիզոն են բացում։

 

ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

1909 թ ապրիլի 13-ին Ստամբուլում հետադիմականների ընդվզման ժամանակ տեղի ունեցավ նաև Ադանայի/Կիլիկիայի հայերի ոչնչացումը։ Բայերն ընտրելու հարցում բծախնդրություն չցուցաբերեցի, որովհետև «կոտորածը» նկատի ունենալով ոչնչացում ասացի, գուցե ճիշտ կլինի ասել «պոգրո՞մ»: Խնդրում եմ, կարող եք փոխանցել Զոհրապի վերլուծությունը 1909 թ Կիլիկյան պոգրոմի վերաբերյալ (էջ 121-135):

1909 թ․ ապրիլի սկզբին Ադանայում բռնկված իրադարձությունների ժամանակ զոհվել է մոտ 20 հազար հայ քաղաքացի։ 1909-ի մայիսի 1-ին խորհրդարանում տեղի ունեցած ժողովում Զոհրապը հնչեցրեց իր կյանքի թերևս ամենատխուր և կատարյալ ելույթը՝ կոշտ խոսքերով քննադատելով կառավարությանը և Ադանայի տեղական երիտթուրք կառավարիչներին։ Զոհրապը կոշտ ու զայրացած հարցնում է կառավարությանը. «Ինչո՞ւ եք ձեր քաղաքական գործողություններում կիրառում նույն մեթոդները, ինչ՝ հին ռեժիմը»։

Այնուհետև չորս-հինգ պատգամավոր ոտքի են կանգնում և քայլում դեպի Զոհրապը՝ բռնություն գործադրելով և ամբիոնից ցած քաշելով։ Զոհրապին դաժան ծեծի են ենթարկում։ Այս տեսարանը այսօր էլ ծանոթ է մեզ:

Չնայած դրան, Զոհրապը նախընտրում է հաշտարար լինել հայ հանրության շրջանում հնչող կոշտ ելույթների դեմ։ Ըստ Զոհրապի, 1908-ի սահմանադրական հեղափոխությունը կատարյալ չէր։ Անկարելի էր ակնկալել, որ թուրքերն ու մահմեդականները կարճ ժամանակում առաջընթաց ունենան հավասարության և ազատության հարցերում։ 1909-ին Օսմանյան կայսրությունում չկար որևէ այլ կուսակցություն, որի հետ կապ հաստատվեր, բացի Միություն և առաջադիմություն կոմիտեից։ Հայերը ստիպված էին համագործակցել երիտթուրքերի հետ։

1908 թ դեկտեմբերի 17-ին խորհրդարանի բացումը մեծացրեց լավատեսությունը Հայկական հարցի նկատմամբ, որն օրակարգում էր 1878 թվից։ Արդյո՞ք ակնկալվող առաջընթացն արձանագրվել է ինչպես կառավարության, այնպես էլ Միություն և առաջադիմություն կոմիտեի հետ հանդիպումներից (էջ 204-207): Կարո՞ղ եք գնահատել Զոհրապի վերաբերմունքն այս գործընթացում։

Զոհրապը մինչև վերջ պահպանեց իթթիհադի հետ համագործակցության հեռանկարը, որը ձևակերպեցինք վերևում, այնպես, որ ազդեց նաև հասարակության մյուս հայ քաղաքական գործիչների վրա։ Երբ Միություն և առաջադիմություն կոմիտեի և հայ քաղաքական գործիչների միջև հարաբերությունները սրվեցին, նա փորձեց երկու կողմերին ընդհանուր հիմքերի վրա բերել իր անհատականությամբ, որը նույնքան կարևոր ու խոսուն էր, որքան հայկական քաղաքական կազմակերպությունները:

1911 թ․ Իտալիայի կողմից Տրիպոլիի գրավումը և դրանից հետո սկսված պատերազմը, երկրի ներսում աճող ազգայնական ալիքը մեծացրեց հայերի վրա քրդերի և թուրքերի ճնշումը, հատկապես այն վայրերում, որտեղ նրանք խիտ էին բնակեցված՝ Անատոլիայի արևելքում (նկատի ունի Արևմտյան Հայաստանը-Ակունքի խմբ), ինչը հանգեցրեց հայերի հողերի բռնագրավմանը, և նրանք ստիպված էին լքել իրենց գյուղերը։

Այն փաստը, որ Զոհրապը և մյուս հայ պատգամավորները նախընտրեցին պայքարը շարունակել՝ մնալով խորհրդարանում, մեծացրեց հայ համայնքի վրդովմունքը, և այս վիճակը շարունակվեց մինչև 1912 թ․ աշուն՝ Բալկանյան պատերազմի սկիզբը։ Երբ պատերազմն սկսվեց, Միություն և առաջադիմություն կոմիտեն դուրս մնաց իշխանությունից և դարձավ ընդդիմություն։ Այս պայմաններն առաջին անգամ ճանապարհ հարթեցին հայ հասարակության ներսում տարաձայնությունների վերացման և Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում-Ակունքի խմբ) Հայկական հարցի ուղղությամբ միասնական պայքարի համար։

Երբ 1913-ի հունվարին ռազմական հեղաշրջման միջոցով կրկին իշխանության եկավ, Միություն և առաջադիմություն կոմիտեն, և հայությունը վերսկսեց բանակցությունները նրա անդամների հետ։ Սակայն այս անգամ հայերի թիկունքում կանգնած էր Ռուսաստանը, իսկ Իթթիհադի՝ Գերմանիան։ Քանի որ Իթթիհադն այս հարցը դիտարկում էր որպես ներքին խնդիր, օտարերկրյա երկրներին բացառելու և փոխադարձ սակարկությունների մեջ մտնելու առաջարկը չընդունվեց հայերի կողմից, ովքեր պնդում էին, որ այդ բանակցություններից արդյունք չի ստացվի առանց արտաքին ճնշման՝ ելնելով իրենց անցյալի փորձից, իսկ Հայկական հարցում բարեփոխման համար պահանջվում էր մեծ տերությունների երաշխիքը։

«ԴԺՎԱՐ ԷՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ 1915-Ի ԾԱՎԱԼԸ»

Իթթիհադական կառավարությունը 1914 թ փետրվարի 8-ին ստորագրեց հայկական բարենորոգումների փաթեթը։ 1895 թ Աբդուլ Համիդը ստորագրել էր նմանատիպ փաթեթ, սակայն չէր արել այն, ինչ անհրաժեշտ էր։ Նման վերաբերմունք ուներ նաև իթթիհադական ​​կառավարությունը, և Գերմանիայի ուղղորդմամբ որպես «փաթեթն անտեսելու» պատճառ ծառայեց Առաջին համաշխարհային պատերազմը, ներառյալ նախապատրաստական ​​շրջանը։ Ժողովրդագրական ու տնտեսական կառուցվածքում գործի է դրվել ոչնչացման ծրագիրը, թիրախավորվել է «հայ քաղաքացու ներկայությունը»։ Նախկինում Էգեյան ծովում գտնվող Հունաստանի քաղաքացիները իթթիհադական ​​կառավարության ծրագրով արտաքսվում էին Հունաստան: Ինչպես նշեցիք, Զոհրապը, ով 1913 թ ֆրանսերեն (Մարսել Լեար անունով) գրել է «Հայկական հարցը» (թարգմ.՝ Ռենան Աքման, İletişim Yayınları, İstanbul, 2015) գիրքը, կարո՞ղ էր տեսնել հորիզոնի մութ ամպերը։ Իթթիհադականների, Թալեաթի ու Հալիլի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները խանգարե՞լ են նրան հասկանալու, թե ինչ է լինելու ապագայում։

Զոհրապը ֆրանսերենով հրատարակեց իր «Հայկական հարցը փաստաթղթերի լույսի ներքո» աշխատությունը՝ բացատրելու Եվրոպային Հայկական հարցը այն բանից հետո, երբ հայ քաղաքական բոլոր դերակատարները համաձայնեցին և որոշեցին պայքարել։

1913-ի Բալկանյան պատերազմի ժամանակ և դրանից հետո Զոհրապը երիտթուրքերի  և հայերի բանակցություններում միջնորդի շատ կարևոր պաշտոն է ստանձնել՝ շնորհիվ իթթիհադական առաջնորդների հետ ունեցած սերտ կապերի։ Տարեվերջին արևելյան 6 վիլայեթներում, որտեղ հայերը կենտրոնացած էին, և բարեփոխումների՝ մեծ տերությունների կառավարելու շուրջ երաշխիքի բանակցությունները փակուղի մտան, Զոհրապը, որը մեծ ներդրում էր ունեցել, մեծապես տուժեց երկու կողմերից։ Նա տեսնում է, որ բանակցությունները կարող են փակուղի մտնել, և եթե անգամ սկզբում որոշ խոչընդոտներ հաղթահարվեն, հետագայում համաձայնեցված հարցերի շուրջ կրկին կարող են տարաձայնություններ առաջանալ։ Այս դեպքում կարելի է ասել, որ Զոհրապը, ով կողմ էր օսմանյան վարչակազմի, հատկապես իթթիհադի հետ «յոլա գնալուն» և բարեկամ մնալուն, կարծում էր, որ մեծ տառապանք է լինելու հայ համայնքի համար, բայց չէր կարող կանխատեսել, թե իրականում ինչ կլինի 1915-1916 թթ.։

ՆԱԽԱՐԱՐ ԹԱԼԵԱԹԸ ԵՎ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԴՈԿՏՈՐ ՌԵՇԻԴԸ

1915 թ ապրիլի 24-ին ազդանշան տրվեց նրանց վերաբերյալ, ում ուշադիր հետևում էին 1914 թ սեպտեմբերի 6-ից «Առաջնորդական կարողություններով օժտված հայերի» որս սկսվեց (էջ 267-285)։ Կառավարության հետ սերտ կապի մեջ գտնվող Զոհրապը ևս ձերբակալվեց 1915 թ հունիսի 2-ին։ Մյուս ձերբակալվածը՝ Վարդգես Սերենգյուլյանը, Էրզրումի (Կարին-Ակունքի խմբ) պատգամավոր էր։ Այն, որ երկու պատգամավորները, ովքեր չգիտեին իրենց ձերբակալության պատճառը (էջ 291-305), միայն երեք օր անց Կոնիայում իմացան, որ իրենց Դիարբեքիր են տանում (էջ 372), պետք է որ մեծ հուսահատություն հարուցեր։ Ցավոք, դատական գործի մասին «տեղեկացված չլինելու» կանոնը գործում է նաև այսօր։

Հայերի նկատմամբ տեղահանությունն ու ցեղասպանությունը սկսվել են 1915 թ․ ապրիլի 24-ին՝ Ստամբուլում հայ մտավորականների ձերբակալմամբ և նրանց արագ տեղափոխմամբ Չանքըրը և Այաշ, որտեղ նրանք բանտարկվեցին և հսկողության տակ անցան։ Երկու պատգամավոր՝ Գրիգոր Զոհրապը և Վարդգես Սերենգյուլյանը, համարվում էին իթթիհադական ​​օսմանյան կառավարության և հայ համայնքի միջև երկխոսության վերջին կամուրջը և դուրս մնացին այդ ձերբակալություններից։ Երկու հայ պատգամավորների համար 39 օր տեւած այս արտոնյալ իրավիճակը ավարտվեց հունիսի 2-ին, երբ երկու պատգամավորների մտերիմ ընկերը՝ ներքին գործերի նախարար Թալեաթը ստորագրեց նրանց Դիարբեքիր՝ ձերբակալության և դատավարության ուղարկելու որոշումը։

Թեեւ հայտնի է, որ Ստամբուլի դատական ​​իշխանությունն ուներ բոլոր տեսակի հնարավորությունները, սակայն շատ խոսուն էր երկու հայ պատգամավորներին Դիարբեքիր ուղարկելը։

Հայերի զտումը ծրագրավորած Ստամբուլի իթթիհադական կառավարությանը ամեն տեսակի կեղտոտ ու հանցավոր հարցերում Անատոլիայի նահանգապետերից բացահայտորեն աջակցում էր Դիարբեքիրի նահանգապետ դոկտ. Ռեշիդը։ Կային բազմաթիվ նահանգապետեր, որոնք համաձայն չէին կենտրոնական իշխանության հետ հայերի տեղահանության և ճանապարհներին նրանց մահվան հետ կապված (իրականում նման նահանգապետերի թիվը շատ քիչ է եղել-Ակունքի խմբ Դոկտ. Ռեշիդն աչքի էր ընկել որպես հենց այնպիսի կառավարիչ, ինչպիսին փնտրում էր Թալեաթ փաշան։ «Հատուկ Կազմակերպության» ավազակախմբերը, որոնք սպասում էին Դիարբեքիրի գյուղերում, ցամաքային ու ջրային ուղիներիում, որպեսզի թալանեն ու կոտորեն հայերի՝ դեպի Սիրիա շարժվող շարասյունները, գտնվում էին դոկտ. Ռեշիդի հովանու տակ։ Դիարբեքիրի դատավարությունը կատարյալ սուտ էր։ Դիարբեքիրում դատավարության համար հիմք հանդիսացող ոչ մի գործ կամ մեղադրական եզրակացություն չկար։ Իրականում նահանգապետ դոկտ. Ռեշիդը ներքին գործերի նախարարին ազդանշան էր տվել, թե «Դու ինձ մոտ  ուղարկիր, ես հարցերը կլուծեմ»։ Ուրֆա-Դիարբեքիր ուղին հայերի շրջանում կոտորածի ճանապարհի համբավ էր ձեռք բերել։ Սա այսօր «արտադատական ​​մահապատիժներ» բնորոշվող սպանությունների կենտրոնն է։

Իթթիհադականների լավ ընկեր և երկու հարգարժան պատգամավոր Գրիգոր Զոհրապը և Վարդգես Սերենգյուլյանը ժանդարմերիայի պաշտպանության ներքո Ուրֆայից Դիարբեքիր ճանապարհորդելիս նման դավադիր 47-օրյա ճամփորդությունից հետո ձերբակալվել և ամենաբարբարոս ձևով սպանվել են հանցախմբի անդամների կողմից, որոնց անունները հայտնի էին պետությանը։ 

 

ՆՐԱՆՔ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՓԱԽՈՒՍՏԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Զոհրապը և Վարդքեսը չընդունեցին հայ հեղափոխականների՝ Կոնիա-Էրեղլիում (էջ 305-6) և Ուրֆայում (էջ 325) և Դամասկոսի նախկին պատգամավոր Շյուքրյու էլ Ասալիի ընկերների (էջ 312)՝ իրենց փախցնելու առաջարկը Ուրֆայում։ Ինչո՞ւ երկու գերի «ոչ» ասացին իրենց կյանքը փրկելու առաջարկին։ Արդյո՞ք այն փաստը, որ Զոհրապն իր կտակը պատրաստել է Հալեպում այս օրերին, երբ նա ապրում էր «սպանվելու վախը» (էջ 359, 389-91), չի՞ նշանակում, որ նրա «փրկության» հույսը մարել էր։

Սա շատ տեղին ու արդարացված հարց է։ Ինչպես հաճախ ասել ենք՝ Զոհրապը անկեղծորեն մտահոգ էր օսմանա-հայկական բարեկամութեան հարցով, պետք է նաեւ արձանագրենք, որ նա ամեն ինչով վստահում էր օրենքին եւ արդարությանը։ Ժամանակաշրջանի առաջատար իրավաբան Գրիգոր Զոհրապը համալսարանում դասավանդել էր դատական ​​համակարգի բազմաթիվ անդամների։ Չնայած ամեն ինչին, նա հավատում էր, որ եթե իրեն դատեն, կարող է ապացուցել, որ ճիշտ է և համոզել իրեն դատողներին։ Նա կարծում էր, որ եթե անգամ Դիարբեքիրում է, այնտեղ էլ դատավորներ կան։ Այս լավատեսությունը նա պետք է որ փոխանցած լիներ իր գործընկեր պատգամավոր Վարդգեսին։ Այդ իսկ պատճառով նա մերժել էր առևանգման առաջարկները և չէր կարծում, որ դրանք իր հարմար են։

Բայց… Այն, որ նա իր կտակը կազմել էր Հալեպում ու ուղարկել կնոջը, ևս ցույց է տալիս նրա կասկածներն այս հարցում։ Հալեպից Դիարբեքիր շատ քիչ էր մնացել։ Կարծես Զոհրապը սկսել էր մտածել ավազակախմբի անդամների կողմից ճանապարհին սպանվելու կամ Դիարբեքիրում կեղծ դատավարության հնարավորության մասին։

Սակայն այս վարանումը բավարար չէր նրա որոշումը փոխելու համար։ Թեև վերջը մահ էր, բայց նա չշեղվեց այն ճանապարհից, որը, ըստ նրա, ճիշտ էր: Լեգենդար ողբերգական վախճան…

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՎԱՐԴԳԵՍ, ՔԵԶ ԵՐԵՔ ՕՐ, ՍՏԱՄԲՈՒԼԸ ԼՔԵՔ

Ինչպե՞ս կարող է Վարդգեսը չհամակերպվել առևանգման հետ, թեև նա հաստատ հիշում է, թե ինչի միջով է անցել։ Կարդում եմ խորհրդարանի արձանագրությունը։ Երբ պատգամավոր Ռըզա Թևֆիքը հիշեցրեց, որ ինքը բանտարկվել է Աբդուլ Համիդի օրոք, Վարդգեսն ասաց, որ իրեն նույնպես շատ են տանջել, և որ երևում են գլխի վերքի տեղը, ոտքերի պայտերը և ձեռքերի մեխերը։ Վարդգեսը, ի պատասխան պատգամավոր Օմեր Ֆևզիի այն առարկման, թե «Թուրքերն այդքան վայրենի չեն», ասաց. «Ես տեսել եմ հորս գլուխը կտրողին, դուք՝ ոչ։ Թուրքերը վայրենի չեն ով գլխատել է հորս, նա է վայրենի»: Ինչո՞ւ այս փորձառության տեր մարդը չի փախչում։

Այստեղ անհրաժեշտ է մատնանշել Վարդգեսի և Զոհրապի տարբերությունը։ Վարդգեսը երիտասարդ տարիքում մասնակցել է Աբդուլ Համիդի բռնակալության դեմ պայքարին՝ որպես ակտիվ ֆիդայի։ Նա իր խոսքերով բացատրում է այս պայքարում իր վճարած գնի չափը։ Երբ սահմանադրական միապետության ռեժիմը եկավ իշխանության, մենք տեսնում ենք, որ Վարդգեսը մեծ տարիքում ամուսնացել և երեխաներ է ունեցել։

1915 թ․ ապրիլի 24-ի ձերբակալության գործողությունից հետո Վարդգեսը դեռ ելքեր էր փնտրում՝ որպես պատգամավոր բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելով։ Նրա և Ստամբուլի ոստիկանապետ Բեդրի բեյի, ով պատասխանատու էր Ստամբուլում հայ մտավորականների ձերբակալության համար, այս կարճ զրույցը բացատրում է նախկին ֆիդայի Վարդգեսի նոր վիճակը։

Բեդրի- Քեզ երեք օր ժամանակ եմ տալիս Ստամբուլից հեռանալու համար:

Վարդգես- Կինս հիվանդ է, ինձ առնվազն տասը օր է պետք։

Բեդրի- Դա այն է, ինչ ձեզ ասացի:

Ներքին գործերի նախարար Թալեաթն իր հուշերում գրել է նաև, որ Վարդգեսին խորհուրդ է տվել հեռանալ Ստամբուլից և ասել, որ կարող է ֆինանսական օգնություն ցուցաբերել, եթե խնդիր ունենա։ Հասկանալի է, որ Վարդգեսն այն ժամանակ չէր հրաժարվել իր պաշտոնից Ստամբուլի Դաշնակցության կոմիտեում, սակայն Զոհրաբի հաշտարար կեցվածքն ներգործել էր նախկին ֆիդայի Վարդգեսի վրա։

https://www.gazeteduvar.com.tr/1915te-zohrab-dahil-alti-ermeni-mebus-olduruldu-biri-idam-edildi-makale-1722760#google_vignette

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net