Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, հայտնում է NewsGeorgia-ն։
Սա ձևական խորհրդանշական ակտ է։ Ըստ Սահմանադրության՝ հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվում են «խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրանալու օրացուցային տարվա հոկտեմբերի վերջին շաբաթ օրը»։
Վրաստանում ընտրությունների օրվա նշանակմանը զուգահեռ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։
«Ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր եմ ստորագրել։ Եկել է որոշման օրը, ընտրության օրը, փրկության օրը։ Մենք գործ ունենք ոչ թե սովորական ընտրությունների հետ, երբ քաղաքացին ընտրում է, թե որ քաղաքական ուժն է առավել մոտ իր աշխարհայացքին, այլ գործ ունենք երկրի ապագան փրկելու հետ։ Մեր ներկայիս ընտրությունը էկզիստենցիալ է, այս ընտրությունը կորոշի երկրի ճակատագիրը երկար տարիներ»,- ճեպազրույցում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Ե՛վ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը խոսում են էկզիստենցիալ ընտրության մասին։ «Վրացական երազանքը» համոզում է ընտրողներին, որ արտերկրից ֆինանսավորվող ընդդիմությունը ցանկանում է բացել «երկրորդ ճակատ» և առաջարկում է ընտրություն «խաղաղության և պատերազմի» միջև։ Իսկ ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է ռուսամետ քաղաքականության մեջ և հայտարարում, որ երկիրը կանգնած է «Ռուսաստան կամ Եվրոպա» ընտրության առաջ։
Ընդ որում, թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմությունը պնդում են, որ իրենց սատարում է ընտրողների մեծամասնությունը։