Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հոդվածը՝ տպագրված «Հորիզոն» շաբաթաթերթում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների մուտքը միջազգային հարաբերությունների որոշումների ընդունման գործընթաց, ազդարարվեց 20-րդ դարի առաջին քառորդում, մասնավորապես 1917թ․ից։ Լավ պատրաստված այդ մուտքին, որ կոչված էր միջազգային քաղաքական գործընթացների հիմքում դնել ամերիկյան արժեքները, մեծացնել Նահանգների քաղաքական կշիռը, ամերիկյան քաղաքական միտքը պատրաստվել էր տասնամյակներ շարունակ։ Միջազգային հարաբերություններում ամերիկյան ներգրավման ձևի և բովանդակության բանավեճը 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Ամերիկայում ծնունդ էր տվել երկու քաղաքական դպրոցների։ Առաջին դպրոցի ներկայացուցիչները, որ մտածում էին թե Ամերիկան, որ իր արժեքներով կատարելության է հասել ժողովրդավարության պաշտպանության գործում, հետևաբար ամբողջ աշխարհի համար պետք է ծառայի որպես փարոս։ Երկրորդ ուղղության ներկայացուցիչները «մարդկության ժողովրդավարացումը» համարում էին ամերիկյան պարտականություն, այն համեմատում էին Խաչակրած արշավանքների հետ և պնդում, որ Ամերիկան պետք է պարտադրի իր ժողովրդավարական կարգերը մայրցամաքից դուրս։ Այսինքն, այս երկու դպրոցներն էլ միարժեքորեն համակարծիք էին «ամերիկյան արժեքների» արտահանման հայեցակարգային պնդման մեջ, տարբերությունը միայն մեթոդաբանական էր՝ պարտադրում կամ առաջարկում (գրավիչ լինելու միջոցով)։
Ամերիկան միջազգային հարաբերությունների որոշումների կայացման բարձրագույն մակարդակին բարձրացնող նախագահը Վուդրո Վիլսոնն էր, որ ամերիկյան ներգրավումը Առաջին համաշխարհային պատերազմում արդարացրեց ոչ միայն Գերմանիայի կողմից Մեքսիկային հրահրմամբ կամ սուզանավային հարձակումներով, այլ նաև պնդելով, որ եթե Ամերիկան չմիջամտի պատերազմին, ապա «ձայն չի ունենա միջազգային հարթակներում»։
Եվրոպական և ամերիկյան դիվանագիտությունների առաջին հանդիպումն ու գաղափարական բախումը Փարիզի 1919թ․ խաղաղության խորհրդաժողովն էր, որտեղ ամերիկյան քաղաքական միտքը հանդես եկավ ժամանակի միջազգային հարաբերությունների վերաձևակերպման բավական հավակնոտ հայտով, ինչը հրապարակվեց նախագահ Վիլսոնի 14 կետերի տեսքով։ Ինչպես Հենրի Քիսինջերն է, իր հայտնի «Դիվանագիտություն» աշխատության սկբնամասում նկատում․ «Իր հայտնի տասնչորս կետերով Վուդրո Վիլսոնը եվրոպացիներին ասում էր, որ այսուհետ միջազգային կարգը պետք է հիմնված լինի ոչ թե ուժի հավասարակշռության վրա, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, որոնք (ազգերը-ԳՂ) իրենց անվտանգությամբ կախված կլինեն ոչ թե ռազմական դաշինքներից, այլ հավաքական անվտանգությունից, և որ իրենց դիվանագիտությունը այլևս չպետք է իրականացվի գաղտնի ձևով»։
Վիլսոնի 14 կետերից երեքը ուղղակիորեն, իսկ երեքն էլ անուղղակիորեն վերաբերում էին ազգային ինքնորոշմանը։ Այդ կետերից 12-րդը վերաբերում էր Օսմանյան կայսրությանը, հետևաբար նաև հայությանը․ «Օսմանյան կայսրության ներկայիս թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավորություն։ Դարդանելը պետք է մշտապես բաց լինի նավերի ազատ անցումի և բոլոր ազգերի առևտրի համար’ միջազգային երաշխիքներով»։
Միջազգային հարաբերությունների էական վերաձևակերպման ամերիկյան հայտի կուլմինացիան Վիլսոնի 14-րդ կետն էր՝ Ազգերի Լիգայի ստեղծման մտահղացումը։
Այս ծավալուն նախաբանի նպատակն էր, շատ թռուցիկ կերպով անդրադառնալ ժամանակի միջազգային հարաբերություններին, ամերիկյան ներգրավմանը դրանում և դրա ազդեցությանը հայության վրա։
Սևրի 1920թ․ օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի, դրա՝ 88-93-րդ հոդվածների, ինչպես նաև 89-րդ հոդվածի իրացումն ապահովող Վուդրո Վիլսոնի 1920թ․ նոյեմբերի 22-ի Իրավարար վճռի մասին շատ-շատ է խոսվել, ուստի սույն հոդվածում կանդրադառնանք ոչ թե պատմական այդ կարևոր փաստերին, այլ դրանց շարունակական ազդեցությանը Հայաստանի և Թուրքիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության վրա, որը մի կողմից հայության համար հաճախ ստեղծում է պատրանքներ, իսկ մյուս կողմից պոտենցիալ մղձավանջի է վերածվում Թուրքիայի համար։ Իրականում, չթերագնահատելով և չբացառելով նախագահ Վիլսոնի ազնիվ մղումները հայության հանդեպ, այնուամենայնիվ Հայկական հարցի վերաբերյալ ամերիկյան քաղաքականությունը, Թուրքիային առնչակից մասով, կրել և կրում է քաղաքական մահակի բնույթ։
Իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգները, անկախ միջազգային հարաբերությունների ձևի վերափոխումների իր փորձից, շատ լավ է հասկանում միջազգային հարաբերությունների իրական էությունն ու տրամաբանությունը, որը թույլ տվեք պնդել, որ շատ բանով չի տարբերվում նրանից, ինչ 17-րդ դարի կեսերին սահմանվեց Վեստֆալյան հաշտությամբ, որը թերևս եվրոպական քաղաքական մտքի խոշորագույն ձեռքբերումներից մեկն էր։ Հատկանշական է, որ հենց Վստֆալյան համակարգով դրվեց ազգ-պետության, որպես քաղաքական միավորի ձևավորման հիմքը, ինչի նոր ջատագովը դարձավ Վիլսոնը։ Այդուհանդերձ, գալով Վեսֆալյան հաշտությամբ պայմանավորված միջազգային հարաբերությունների էությանը՝ Միջազգային հարաբերությունների էությունը հիմնված է այնպիսի հիմնարար սկզբունքների վրա ինչպիսիք են ուժի հավասարակշռությունն ու փոխզսպման գործուն մեխանիզմների առկայությունը։
Կարևոր է նկատել, որ աշխարհակարգի պահպանման տեսանկյունից հիմնարար այս գաղափարները, ունեն ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային և նույնիսկ տեղական արտահայտություններ։ Առհասարակ, քաղաքական գիտության մեջ ընդունված է քաղաքական գործընթացը դիտարկել երեք մակարդակներում՝ գլոբալ, գլոկալ և լոկալ։ Գլոկալը գլոբալ և լոկալ քաղաքական գործընթացների կոնվերգենցիան է։
Օրինակ, տեղական մակարդակում՝ որևէ պետության Սահմանադրության կարգավորման առանցքային դրույթներից է իշխանության թևերի միջև ուժի հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմերի երաշխավորումը, ինչը պետական մեքենայի լավագույնս գործառնման համար նախապայմանային նշանակություն ունի։ Նույնն է նաև, եթե հարցին նայենք տարածաշրջանային կամ գլոկալ քաղաքական զարգացումների տեսանկյունից։ Այստեղ տեղին է նորից հիշատակել Քիսինջերի հիշյալ աշխատությունը, որտեղ հեղինակը նկատում է, որ միջազգային համայնքի ավելի ագրեսիվ անդամների հավակնությունները սանձվում են այլ ուժերի կոմբինացիայի կողմից, այլ խոսքով՝ ուժի հավասարակշռության գործառնման արդյունքում։
Այս ամբողջ անդրադարձը նրա համար էր, որ փորձենք տեսամեթոդաբանական հենք ստեղծել Թուրքիայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործունեության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վերջինիս անվերահսկելիության կանխմանն ուղղված գործողությունների գնահատման փորձի համար, բայց մինչ այդ, սկսենք խնդրի նախապատմությունից։
Նախ կարիք չկա կենտրոնանալու այն հարցի վրա, որ Քեմալական Թուրքիան չճանաճեց Սևրի դաշնագիրը, ապա Լոզանում 1923թ․ հուլիսի 24-ին կնքված դաշնագրով փորձ արեց մոռացության մատնելու Սևրի պայմանագիրը։ Սակայն, պատմաքաղաքական այս բոլոր փաստերին ամերիկյան կողմը խիստ խորհրդավոր առնչություն/դիրքորոշում է ունեցել, որոնցից մի քանիսը ընդամենը ներկայացնենք ստորև․
Այստեղ միջանկյալ նշենք, որ 1927թ․ հունվարին ամերիկաթուրքական պայմանագրի վավերացումը ձախողելու գործընթացում առանցքային նշանակություն է ունեցել Հայաստանի անկախության համար ամերիկյան կոմիտեն` Վահան Քարդաշյանի գլխավորությամբ։ 1919թ․ կազմավորված «Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտե»-ին (ACIA, American Committee for the Independence of Armenia) մասնակցում էին 75 ականավոր ամերիկացի գործիչներ, այդ թվում 3 նախկին նախագահական թեկնածուներ, 8 դեսպաններ, 25 նահանգապետեր, համալսարանների և քոլեջների տնօրեններ և այլք։ Ըստ էության, այս կազմակերպությունը, ինչպես նաև դրանից առաջ ձևավորված ''The Press Bureau''-ն դարձան Ամերիկայում հայկական սփյուռքի քաղաքական գործունեության ժամանակի դերակատարները։
Վերադառնալով ամերիկաթուրքական հարաբերություննեին և դրանում Հայկական հարցի նշանակությանը։ Ժամանակակից Թուրքիան աչքի է ընկնում արտաքին քաղաքականության խիստ ագրեսիվությամբ հնարավոր բոլոր ուղղություններով։ Ռազմաքաղաքական կոմպոնենտը հաճախ որոշիչ դեր է ստանձնում Թուրքիայի արտաքին քաղաքականության պլանավորման և իրականացման գործընթացում։ Օգտվելով միջազգային հարաբերությունների ներկա հերթական խոշոր տուրբուլենտ վիճակից՝ Թուրքիան շարունակապես մեծացնում է միջազգային ազդեցության իր շրջանակը։ 2020թ․ 44-օրյա պատերազմում որոշիչ ներգրավմամբ, ապա Հարավային Կովկասում քաղաքական և ռազմական ներկայության վերահաստատմամբ, Միջին Ասիայից մինչև Աֆրիկա և Մերձավոր Արևելք հստակ հավակնություններով թուրքական պետությունը հավակնում է ավելիին քան տարածաշրջանային նշանակության խոշոր պետությունը կարող է հավակնել։
Լինելով ՆԱՏՕ-ի առանցաքյին անդամներից մեկը Թուրքիան, անշուշտ ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներից մեկն է։ Թուրքիան առանցքային դեր ունի նաև Ռուսաստանի համար, ինչն ավելի է կարևորվել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Աշխարհաքաղաքական հակադիր դիրքավորված դերակատարների հետ քաղաքական ծավալուն օրակարգերի առկայությունը Թուրքիայի հաճախ թույլ է տալիս սեփական քաղաքական անկախ ու ագրեսիվ խաղը վարել, ինչն էլ մեծացնում է վերջինիս ազդեցության շրջանակը։
Սակայն, ինչպես վերը նշեցինք, ԱՄՆ-ն ամենալավերից մեկն է պատկերացնում միջազգային հարաբերությունների էությունը՝ ուժի հավասարակշռման և փոխզսպան մեխանիզմների գործուն առկայության համատեքստում։ Եվ ինչպես Քիսինջերն է նշում՝ միջազգային հարաբերությունների ավելի ագրեսիվ անդամների հավակնությունները սանձվում են այլ ուժերի կոմբինացիայի կողմից։
Թուրքիան արդեն իսկ վերածվել է ագրեսիվ հավակնություններ ունեցող և տարածաշրջանային պետության կարգավիճակից դուրս գալ պատրաստվող պետության։ Հետևաբար, վաղ թե ուշ անհրաժեշտ է լինելու սանձել թուրքական էքսպանսիան։
Միջազգային հանրությունը և դրա կարևորագույն դերակատարներից ԱՄՆ-ն ունեն մի շարք գործիքակազմեր, որոնցից մեկը իհարկե կարող է լինել հայկական հարցը և նաև դրա համար է, որ ամերիկյան կողմը թույլ է տվել վերը թվարկված զարգացումները՝ Հայաստանի հետ հարաբերություններում և Հայկական հարցի առնչությամբ։
Թուրքական ծավալապաշտությունը նախ և առաջ պետք է փորձ արվի զսպել գլոկալ՝ տարածաշրջանային մակարդակում։ Այստեղ հնարավորությունները շատ չեն, բայց գործուն են։ Ադրբեջանի ինքնուրույն խաղը առանց Թուրքիայի կամ ընդդեմ Թուրքիայի ներկայումս գրեթե անհնար է անգամ պատկերացնել, Վրաստանում թուրքական տնտեսական ներկայությունը նույնպես հույսեր չի ներշնչում։ Ադրբեջանաթուրքական տանդեմին հաջողվել է գոնե առժամանակ խաղից դուրս թողնել Հայաստանին։ Ռուսաստանը, որը խրված է ուկրաինական ճակատում ավելի քան երբևէ կարիք ունի թուրքական տարաբնույթ օժանդակության։
Աշխարհակարգի համար տեղում ուժի փոխզսպման գործիքակազմի լավագույն գործառնողը թերևս կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետությունը, և նաև դրանով կարելի է բացատրել ամերիկա-իրանական բացահայտ կամ ոչ բացահայտ, հաճախ նաև միջնորդավորված բանակցությունները պատժամիջոցների վերացման և Իրանի միջուկային գործարքի ուղղությամբ։ Դրանով կարելի է բացատրել այդ գործընթացի ամեն կերպ վիժեցմանը միտված տարաբնույթ քայլերը, որոնց սադրանքներին իսլամական պետությունը նախանձելի սառնասրտությամբ չի տրվում։ Այսինքն, ասել կուզենք, որ թուրքական աճող ծավալապաշտությունը չի կարող միջազգային և տարածաշրջանային օբյեկտիվ հակազդեցության չարժանանալ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ցավոք սրտի, Հայկական հարցը եղել է և կա թուրքական ծավալապաշտությունը զսպող չակտիվացված զենք, որի ակտիվացումը կարող է մղձավանջի վերածվել թուրքական պետության համար։ Հայությունն իր հերթին, փոխանակ դժգոհելու իր հարցը որպես գործիք ծառայեցնելու փաստից, պետք է պատրաստվի միջազգային հարաբերությունների հարմար պահին, ստեղծվելիք իրավիճակից առավելագույն օգուտներով դուրս գալուն։ Պետք է հստակ գիտակցել, որ միջազգային հարաբերություններում փոքր պետությունների համար երբեմն-երբեմն բացվում են պատուհաններ, որոնց ժամանակը խիստ սահմանափակ է և հաճախ պետք է տասնամյակներ աշխատել, շատ կարճ կյանք ունեցող այդ պատուհաններից լավագույնս օգտվելու համար, ինչն արեցինք 90-ականների սկզբին և ինչը կատարելապես ձախողում ենք հիմա։