կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-01 14:00
Հասարակություն

Սա մղձավանջ չի, միջնադար չի. Արմեն Մուրադյանը՝ ալյուրի հարստացման մասին

Սա մղձավանջ չի, միջնադար չի. Արմեն Մուրադյանը՝ ալյուրի հարստացման մասին

Այսօր լրագրողները առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հարցրեցին մինչ այժմ վիճելի խնդրի՝ ալյուրի հարստացման մասին: Հարցին, թե ինչո՞ւ բնակչությունը չի վստահում առողջապահության նախարարության այս նախաձեռնությանը, մանավանդ, որ խոսքը վերցրած դրամաշնորհների մասին, նախարարը պատասխանեց. «Ես երբեւէ չեմ մեկնաբանի այդպես, որ բնակչությունը չի վստահում մեզ: Վստահությունն անկյունաքարային հատվածն է բժշկության մեջ:Մենք պետք է վստահենք մեր մասնագետներին: Կամրջաշինության մեջ ինչո՞ւ չեն ասում՝ թող 4 սյուն դնեն կամ 3 սյուն: Հարցն այն է, որ երբ ինտերնետային միջավայրում հասանելի են դառնում նյութերը, եւ դա կարողանում են ընկալել պարզ լեզվով, այդ ինտերնետային դիլետանտիզմը թույլ է տալիս շահարկել այն օղակներին, որոնք խիստ շահագրգռված են, որ նման առողջապահական ծրագիր չիրականացվի: Իսկ թե ինչո՞ւ են առանձին` մի քանի տասնյակ մարդիկ, որ իրենց հռչակում են, թե 10 հազար են, 2 հանրահավաք անում, մեկը՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Ասում են՝ հավաքվել է 10 հազար մարդ, երբ հավաքվում է 15 հոգի: Ո՞ւր են 120 հազարը: Ես ուզում եմ տեսնել եւ լսել, բացատրություններ անձամբ տալ: Կարծում եմ, որ վստահությունը պետք է լինի մասնագիտական դաշտից, ոչ թե հուզական կամ կեղծ գիտական»:

Նախարարը վստահեցրեց, որ իրենք անաչառ քննարկումներ են կազմակերպել գիտական հենքի վրա: «Շուտով կլսեք գիտական ներուժի, ինչպես նաեւ միջազգային փորձագետների կարծիքն այն ծրագրերի մասին, որոնք կառավարելի են պահում արատներով երեխաների ծնունդը: Տարեկան 700-800 երեխա ծնվում է արատներով, օրինակ` նյարդային խողովակի արատով, որի հիմնական պատճառը վիտամին B9-ի պակասն է, որը փորձում ենք լրացնել, փորձում ենք կիրառելի անել մատչելի դեղերի միջոցով»,- ասաց նա:

Հարցին՝ ալյուրի հարստացման այդ ծրագիրն ինչո՞ւ փորձնական չի արվում միայն հղիների համար, ամբողջ ազգը հղի՞ է, որ այդ ծրագիրն ուզում եք փորձարկել ազգի վրա, նախարարը պատասխանեց. «Եթե անգամ ամբողջ ազգը հղի չէ, գոնե այն մասին, որոնք վերարտադրողական տարիքում են` գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ես ցանկանում եմ, որ հղի լինեն: Բայց փորձարարական դա հնարավոր չի անել` հաշվի առնելով, որ հանրային առողջապահական ծրագրեր կան, օրինակ` վակցինացիան, եթե 80 տոկոսից պակաս արվի, արդյունավետությունը նվազում է: Հանրային առողջությունն ունի իր օրենքները, դա գիտություն է: 80 տոկոսից նվազ նշանակում է առողջապահական ցուցանիշների ոչ բարելավում: 20 տոկոսը մնում է ընտրության շեմին, կարող են ընտրել»:

«Սա հանրային առողջապահական խնդիր է: Նույնն է, որ ասենք՝ եկեք պատվաստում անենք միայն այն մարդկանց, ովքեր հիվանդանալու են վարակիչ հիվանդությամբ, կամ թող չծխեն միայն այն մարդիկ, ովքեր քաղցկեղ ունեն: Սա անհեթեթություն է, մենք պետք է գիտությանը վստահենք: Սա մղձավանջ չի, միջնադար չի: Պետք է ժամանակակից բժշկագիտության բոլոր ուղղություններն օգտագործենք, որ հիվանդությունը կառավարենք, նվազեցնենք եւ սուղ ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործենք»,- ասաց նախարարը: