կարևոր
3724 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-08 16:54
Քաղաքական

Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան

Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան

Step1.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարո՛ն Խաչատրյան, իշխանություններն ընդդիմությանն են մեղադրում Արցախը հանձնելու հարցում, ինչպե՞ս եք գնահատում սա։

-Այո, Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումից եւ ժամանակավոր բռնազավթումից հետո այս իշխանություններն իրենց էությանը հավատարիմ սկսեցին մեղավորներ փնտրել։ Եվ, իհարկե, իրենց համար մեղավոր են բոլորը, իրենցից բացի։ Այս անգամ որպես մեղավոր կարգեցին Արցախի Հանրապետության իշխանություններին, բոլոր քաղաքական ուժերին, քանի որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը խորհրդարանում քաղաքական կոնսենսուսի արդյունք էր։ Ինչպես նաեւ մեղադրեցին Հայաստանի ընդդիմությանը, մասնավորապես, Դաշնակցությանը։ Այս իշխանությունները, որոնք դեռեւս 2022 թվականին ճանաչեցին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, որոնք դավաճանեցին ՀՀ հանձնառությունը՝ լինել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, որոնք դավաճանեցին 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը, որում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում», հիմա ուրիշներին են մեղադրում։

Բայց, ինչպես հայտնի է, պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Այս իշխանությունների քաղաքականությունը եղել է Արցախի հարցը թոթափելը։ Փաշինյանն այս տարվա ապրիլին խորհրդարանում Արցախը համարեց պավադոկ, թոկ՝ Հայաստանի վզին գցված։ Եվ բնականաբար ինքը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի այդ թոկը կտրվեր, որպեսզի Հայաստանը ազատվեր «բեռից»։ Իսկ այս իշխանություններն Արցախը բեռ էին համարում։ Եվ բնականաբար պատերազմը շատ ձեռնտու էր իրեն, որովհետեւ ինքն ազատվեց բեռից, եւ Ալիեւին, որովհետեւ Ալիեւն ստացավ այն, ինչ 30 տարուց ավելի չէր կարողանում ստանալ։

Բայց, եթե այս իշխանությունների սիրտն իրոք ցավեր Արցախի համար, հիմա ամեն ինչ կանեին Արցախի Հանրապետության հարցը համաշխարհային քաղաքական օրակարգում պահելու համար, հասնելու նրան, որ աշխարհը ճանաչեր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Հայաստանում պահպանելու Արցախի Հանրապետության պետական կառույցները։ Բայց հիմա ամեն ինչ անում են, որպեսզի այդ իրավունքները վերանան։ Տեսեք, թե ինչ սարսափով են խոսում Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության մասին։ Սրանց փորացավը մեկն է՝ ժողովրդին ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը։ Եվ հետեւաբար նույնը կլինի նաեւ Հայաստանում, եթե հանկարծ Փաշինյանի փոխարեն այլ ուժեր գան։ Այնպես որ, այս իշխանությունը փորձում է իր այս լպրծուն քաղաքականությամբ իր վրայից պատասխանատվությունը թոթափել, այլոց մեղավոր կարգել եւ ժողովրդին վախեցնել, խաբել հնարավոր հետեւանքներով, թե ինչ կարող է լինել, եթե իրենց փոխարեն գան ազգային ուժեր։

ՀՀ իշխանությունները համառորեն չեն խոսում այն մասին, որ գալով Հայաստան՝ Արցախի նախագահը հայտարարեց, որ չեղարկում է Արցախը լուծարելու մասին իր հայտնի հրամանագիրը։ Սա ի՞նչ է փաստում։

-Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն խոսում այդ մասին, այլ նաեւ որեւէ մեկին թույլ չեն տալիս խոսել։ Երբ ասում ենք, որ Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն է ստորագրել, սկսում են ասել՝ եթե այդքան լավն էր, առաջինն ինչո՞ւ ստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի այդ կապիտուլյացիոն փաստաթուղթն ստորագրեց, ասելով՝ դա ստորագրեցի, որպեսզի 20 հազար (հետո դարձրեց 35 հազար) զինվոր շրջափակման մեջ չհայտնվեին։ Նախ ես չեմ կարծում, թե պատերազմական գործողությունների թատերաբեմում 35 հազար զինվոր է եղել, երկրորդ,35 հազարին շրջապատելու համար 100 հազարից ավելի զինվորի անհրաժեշտություն կար։ Հիմա, եթե Սամվել Շահրամանյանը ստիպված ստորագրեց, որովհետեւ հակառակ դեպքում թուրքերը կմտնեին Ստեփանակերտ եւ այլ բնակավայրեր, քանի որ 100 հազար բնակչություն ունեցող Արցախը միայնակ էր մնացել 10 մլն-նոց Ադրբեջանի դեմ, եւ արդեն զոհերի թիվը ոչ թե մի քանի հարյուր կլիներ, այլ մի քանի հազար, անամոթաբար մեղադրում են Սամվել Շահրամանյանին։

-Խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի Ազգային ժողովում շեշտադրո՞ւմ  է, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, հնարավո՞ր է այս ուղղությամբ հայտարարության նախագիծ կամ այլ նախաձեռնություն լինի։

-Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Սամվել Շահրամանյանն անձամբ չեղարկել է այդ հրամանագիրը։ Ինքն ընդհանրապես նման հրամանագիր ստորագրելու իրավունք չուներ, դա անիմաստ թղթի կտոր է եղել, ստորագրել է, որպեսզի փրկի մարդկանց կյանքերը։ Բայց քանի որ կան Նիկոլ Փաշինյանի նմանները, եւս մեկ թուղթ է ստորագրել՝ ասելով, որ սրանով նախորդ թուղթը չեղյալ է հայտարարում։

-Երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հարցադրում արեց՝ իսկ ընդդիմությունը ո՞նց է պատկերացնում բռնի տեղահանված արցախցիների վերադարձը Արցախը, ձեր խմբակցության անդամները խոսեցին ինքնավարության մասին։ Ընդհանրապես ընդդիմությունը խոսում է ինքնավարության մասին, սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Չէ, ինքնավարության մասին չենք խոսում։ Մենք ասում ենք՝ պետք է ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ էթնիկ զտման հիմքի վրա։ Այսինքն՝ մարդիկ ենթարկվել են էթնիկ զտման, կազմակերպված դուրս են մղվել Արցախի Հանրապետությունից՝ իրենց բնօրրանից, հետեւաբար, պետք է ապահովել նրանց կազմակերպված վերադարձը Արցախի Հանրապետություն։ Արցախի Հանրապետություն վերադառնալու համար պետք է ապահովվեն նրանց անվտանգային երաշխիքները, այսինքն՝ տրվեն միջազգային երաշխիքներ, միջազգային խաղաղապահ ուժեր։ Պետք է ապահովվի Արցախի եւ Հայաստանի ապահով ցամաքային կապը, եւ Արցախի  հայ բնակչությանը պետք է տրվի առնվազն ինքնակառավարման իրավունք։ Եվ ամենակարեւորն է՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը պետք է վերադառնա քաղաքական քննարկումների օրակարգ։

-Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումներ կա՞ն այս հարցերով, ի՞նչ են ուզում արցախցիները։

-Իհարկե, մենք միշտ մեր արցախցի գործընկերների հետ քննարկում ենք, խոսում ենք։ Իրենք ուզում են վերադառնալ իրենց հայրենիք, վերակերտել իրենց պետականությունը եւ խաղաղ ապրել իրենց երկրում։ Մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանի ենթակայության տակ իրենց գոյությունը չի կարող երաշխավորված լինել։