կարևոր
4582 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-30 13:54
Հասարակություն

Չեմ ուզում մենք էլ հայտնվենք կիրանցեցիների կարգավիճակում. Գեղարքունիքում մտահոգ են

Չեմ ուզում մենք էլ հայտնվենք կիրանցեցիների կարգավիճակում. Գեղարքունիքում մտահոգ են

Հայաստանի Տավուշի և Ադրբեջանի Թովուզի շրջանների սահմանազատումից հետո հաջորդ սահմանային սյուները, ամենայն հավանականությամբ, տեղադրվելու են Հայաստանի Գեղարքունիքի և Ադրբեջանի Գեդաբեկի շրջաններում, որտեղ նաև հայկական Արծվաշենն է՝ 3 տասնամյակից ավելի անկլավի կարգավիճակում։ 

Մամուլում շրջանառության մեջ դրվեց, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից են ահազանգել․ դաշտերում չափագրողներ են տեսել: Նաև տեղեկություններ են տարածվել, որ այդ տարածքում Ադրբեջանը 12 պաշտպանական դիրք է պահանջում հայկական կողմից ու խոստում ստացել է:

MediaHub-ը կապ է հաստատել Վահանի վարչական ղեկավարի հետ։ Արշակ Մկրտչյանն ասաց, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին լուրեր իրենց չեն հասել։ 

«Ես չգիտեմ՝ գյուղացիներից ովքեր են նման տեղեկություններ հայտնել, բայց մեզ մոտ սահմանազատման վերաբերյալ գործընթաց չկա։ Առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- ասաց նա՝ բայց և չբացառելով, որ հնարավոր է առաջիկայում լինի։ 

«Այդ ժամանակ բոլորս կիմանանք։ Բայց քանի դեռ միայն խոսակցություններ են, մեզ մոտ այդ մասով անհանգստություններ չկան։ Հակառակը, գյուղն ապրում է իր բնականոն կյանքով։ Ավելին ասեմ, Արցախից տեղահանված 5 ընտանիք ենք տեղավորել այստեղ։ Իսկ 10 գյուղ, 11 գյուղ հանձնելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հավելեց նա։

Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի բնակիչներից մեկն էլ նշեց, թե իրականում չափագրողներ գյուղում չեն հայտնվել, բայց Տավուշի մարզի Կիրանց գյուղի սահմանազատումից հետո իրենք մտահոգություններ ունեն։

«Չեմ ուզում մենք էլ հայտնվենք կիրանցեցիների կարգավիճակում։ Գոնե այդ դեպքում մեր Արծվաշենը կտա՞ն. չեմ հավատում, չգիտեմ։ Բայց եթե Կիրանցի պես սահմանազատեն, ու մեր գյուղից երևան ադրբեջանական դիրքերը, դրոշները, հավատացեք՝ գյուղը կկորցնի իր կենսունակությունը»,- նշեց Վահան գյուղի բնակչուհին։