կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-26 13:02
Հասարակություն

Չեմ կարծում, որ ես արտոնյալ կարգավիճակում եմ. Միհրան Պողոսյան

Չեմ կարծում, որ ես արտոնյալ կարգավիճակում եմ. Միհրան Պողոսյան

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ինքն է 1997-ին հիմնադրել «Քեթրին» ընկերությունը, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո այլևս կապ չունի այդ ընկերության հետ:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք տեղյակ է, թե ով է կանգնած Հայաստան բանանի ներկրման մենաշնորհ ունեցող «Քեթրին» ընկերության թիկունքում, ընդ որում` բանանը երեք անգամ թանկ է վաճառում, նա պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, ասուլիսի սկզբում հայտարարեցի, որ մենք հավաքվել ենք` քննարկելու 2015 թվականին ԴԱՀԿ-ի կատարած աշխատանքները: Խնդրում եմ ուղղեք հարցեր, որոնք կապված են ԴԱՀԿ-ի հետ եւ ինձ հետ»:

Միհրան Պողոսյանը նշեց նաեւ, որ բանանի վերաբերյալ հարցին բազմիցս պատասխանել է: «Բազմիցս անդրադարձել եմ այդ հարցերին, եկեք չկրկնվենք»,- ասաց նա:

ԴԱՀԿ ծառայության պետը նաեւ հայտարարեց, որ սխալ է այն տեղեկատվությունը, թե իր եկամուտներն աճել են:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ տարիներ առաջ ԴԱՀԿ պետը խնդիրներ ուներ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ, որից հետո Դանիելյանն ազատվեց աշխատանքից, նա հարցրեց՝ ի՞նչ արտոնյալ կարգավիճակ ունի Միհրան Պողոսյանը, որը խնդիրներ է ունենում իր ղեկավարի հետ, բայց ղեկավարն է պաշտոնանկ լինում:

«Ես չեմ կարծում, որ ես արտոնյալ կարգավիճակում եմ գտնվում, նաեւ չեմ կարծում, որ նախկին վարչապետի մեկնաբանությունից հետո դա ճիշտ է քննարկելը: Կային բազմաթիվ խնդիրներ: Նախ` նա հրաժարական չտվեց, աշխատանքից ազատվեց: Ես չեմ կարծում, որ իմ պատճառով էր դա: Վարչապետը ժամանակին այդ հարցը մեկնաբանել է, ճիշտ չէ, որ ես մեկնաբանեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով իր եւ արդարադատության նոր նախարար Արփինե Հովհաննիսյանի հարաբերություններին՝ Միհրան Պողոսյանն ասաց. «Արփինե Հովհաննիսյանի հետ հարաբերություններն աշխատանքային են եւ կառուցողական: Կարող եմ արձանագրել մի փաստ, որ հարկադիր կատարման ծառայությունն աշխատում է շատ օպերատիվ, եւ բոլոր այն խնդիրները, որոնք կապված են արդարադատության նախարարության հետ, օպերատիվ լուծումներ են ստանում: Եվ դրա համար շնորհակալ ենք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին»: