Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանությունների ուսումնասիրությունն անցյալի դեպքերի պոստֆակտում ներկայացումը, վերլուծումն ու գնահատումը չէ միայն, այն ունի մեկ այլ՝ իմ կարծիքով, առավել հրատապ, ապագայում ցեղաս-պանությունները կանխելու առաքելություն։ Անցյալում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությունը պետք է ունենա ներկան՝ ավելի բարեկե-ցիկ և խաղաղ, իսկ ապագան ավելի կայուն ու ապահով դարձնելու նպատակ։ Այս իմաստով ցեղասպանությունների ուրացման ակունքների, դրանց քաղաքական, սոցիալական, հոգեբանական, մշակութային դրսևո-րումների, կիրառման մեթոդների ու ժամանակի մարտահրավերներին զուգընթաց ձևափոխումների համակողմանի ուսումնասիրությունները թույլ կտան վեր հանել այս երևույթի դեռևս անհայտ մանրամասներ, ո-րոնք կարող են ծառայել որպես «արդյունավետ գործիքներ» հարցերը «սպանել և ուրանալ» բանաձևով կարգավորել ցանկացող հնարավոր ոճ-րագործների դեմ պայքարելու գործում։
Ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարը ունի ոչ միայն բարոյական, քաղաքական, իրավական, պատմական արդարության վերականգնման առաքելություն, այլև նախևառաջ միտված է կանխարգելելու մարդկության դեմ ծրագրվող հանցագործությունները, քանզի ժխտումը մշտապես եղել է ցեղասպանություններ մշակող և իրագործող հանցախմբի ծրագրերի առանցքային բաղադրիչներից։ Ասել է թե՝ ցեղասպանություն նախապատրաստող ոճրագործները նախապես մտածում և ծրագրում են նաև կատարվելիք հանցագործությունների ժխտումը, որն էլ կապահովի իրենց անպատժելիությունը։
Ուստի ցեղասպանությունների ժխտման ակունքների, մեխանիզմ-ների, դրանց դրսևորումների համապարփակ և բազմակողմանի ու-սումնասիրությունն ու տակավին անհայտ մանրամասների վերհանումը հնարավորություն կընձեռեն առավել համակարգված և թիրախային հա-կազդել ժխտողական քաղաքականություն որդեգրած կամ ինչ-ինչ պատճառներով դրանում ակտիվորեն ներգրավված անձանց պնդումներին և ձեռնարկած միջոցառումներին՝ դրանով նպաստելով մարդկության դեմ իրագործված հանցագործությունների առավել լայն ճանաչմանն ու հետագայում դրանց հնարավոր կրկնության կանխարգելմանը։
Այս իմաստով թուրքական ժխտողական քաղաքականությունն իր շարունակականությամբ և տարածվածությամբ ժամանակի ընթացքում դարձել է անպատժելիության խորհրդանիշ և օրինակ այլոց համար: Այսպես, օրինակ, ցեղասպանագետ Հելեն Ֆայնի համոզմամբ․ «Հայոց ցե-ղասպանությունը միայն նախադեպ չէր, թե ինչ կարելի է անել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Այն նաև օրինակ էր, թե ինչ կարելի էր անել անպատժելիությամբ» : Վերոհիշյալի վառ օրինակ է նաև Ադոլֆ Հիտլերի հռետորական հայտնի հարցը՝ ուղղված իր սպայակազմին. «Ո՞վ է այսքա-նից հետո հիշում հայերի բնաջնջման մասին» :
Հայոց ցեղասպանության ժխտումը իր ձևով ու բազմաշերտությամբ հաճախ օրինակ է ծառայել հաջորդող այլ ցեղասպանությունների ժխտո-ղական քաղաքականության մշակման և իրականացման համար: Ինչպես նշում է սոցիոլոգիայի պրոֆեսոր Սթենլի Կոհենը, անցյալի ոճրագործությունների փաստը թաքցնելու ամենաակնառու փորձը թուրքական կառավարության փորձն է. «Այս իրադարձություններն արձանագրված են ինչպես օսմանյան աղբյուրներում, այնպես էլ ժամանակի դիվանագիտա-կան զեկույցներում, վերապրողների վկայություններում և ավելի ուշ` պատմագիտական հետազոտություններում: Ճշմարտությունները, որոնք ակնհայտ էին ժամանակին և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին, փոխակերպվել են ենթադրությունների, ասեկոսեների և անորոշության: Նախապես առկա ժխտումները մաս կազմեցին Թուրքիայի հավաքական մշակույթին, իսկ հետո աստիճանաբար ավելի գերակշիռ դարձան դրսում»:
Հայոց ցեղասպանության ժխտումը մշտապես եղել է թուրքական իշ-խանությունների ներքին և արտաքին քաղաքականության բաղկացուցիչը: Թուրքական կառավարությունները բոլոր ժամանակներում, որպես ներ-քին խնդիրների լուծման ամենաարդյունավետ միջոց, ապավինել են բռնությունների կիրառմանը, որն իր հերթին հավելյալ մտահոգություննե-րի տեղիք է տվել: Նախ՝ առկա է եղել բռնության ենթարկվողների կողմից հնարավոր դիմադրության, ինքնապաշտպանության կամ բռնաճնշումնե-րից ազատագրվելու համար պայքարի դիմելու հավանականությունը: Մյուս կողմից՝ մշտապես եղել է արտաքին աշխարհի կողմից հնարավոր միջամտության կամ երկրում բարեփոխումների անցկացման պարտադրանքի կիրառման վախը: Ժամանակ առ ժամանակ եղել է նաև արտաքին ճնշումների ներքո տարածքներ կորցնելու երկյուղը:
Ժամանակի ընթաց-քում թուրքական իշխանությունների առջև ծառացած այս «մարտահրա-վերները» փոխվել են՝ պայմանավորված երկրի ներսում տեղի ունեցող ի-րադարձություններով, աշխարհաքաղաքական իրողություններով և կա-ռավարությունների որդե- գրած քաղաքականություններով: Այս ամենը ենթարկվել է փոփոխության, սակայն տվյալ ժամանակամիջոցում կամ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների ժխտումը մշտապես եղել և մնում է թուրքական քաղաքականության հենասյուներից մեկը: Ժամա-նակին զուգընթաց փոխվել են ժխտողական քաղաքականության կիրառ-ման մեթոդներն ու մեխանիզմները, սակայն հիմնական թեզերը, որպես այդպիսիք, կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել, ավելացել են նո-րերը, հները վերասահմանվել կամ երանգավորվել են, բայց դրանց բուն էությունը պահպանվել է:
Ինչպես ցույց են տալիս մեր հետազոտությունները, Թուրքիայում ժխտողական քաղաքականությունը սկիզբ է առել դեռևս Աբդուլ Համիդի II-ի (1842-1918) կառավարման ժամանակաշրջանում (1876-1909): Հայոց ցեղասպանությունը, ըստ էության, սկսվել է ոչ թե երիտթուրքերի օրոք, այլ շատ ավելի վաղ՝ Աբդուլ Համիդ 2-րդի գահակալության տարիներին: Բռնության մեթոդները, ոճրագործությունների համակարգված և բծախնդրորեն մշակված բնույթը և առանձնակի դաժանությունները չեն տարբերվել ավելի ուշ իրագործված և իրավական եզրույթով ցեղասպանություն որակված դեպքերից։ Ավելին, ցեղասպանության ուրացման ակունքները պետք է փնտրել հենց այս ժամանակաշրջանում: Հիմնական թեզերը, որոնք սկզբնավորվել և լայնորեն կիրառվել են այդ ժամանակաշրջանում, հետագայում կրկնօրինակվել են, վերամշակվել, կատարելագործվել և համապատասխանեցվել հաջորդող ժամանակաշրջանի պայմաններին: Հետագայում փոփոխվել են ձևակերպումները, սահմա-նումները, արտահայտչամիջոցները, հռետորաբանության պաթոսը, բայց բովանդակությունը հիմնականում պահպանվել է: Ժխտողական թեզերից մեկը մշտապես եղել է բռնությունների, կոտորածների և զանգվածային սպանությունների մեջ զոհերին մեղադրելը: Հարկ է նշել, որ շատ հաճախ ժխտողական թեզերը միահյուսվել են:
Այսպես, օրինակ, Աբդուլ Համիդ 2-րդի կողմից Գյումուշհանե, Էրզրում (Կարին), Բիթլիս (Բաղեշ) և Վան նա-հանգներում հայերի կոտորածները հետաքննող հանձնաժողովի նախա-գահ նշանակված Սադեդդին փաշան հայերին ուղղված իր ուղերձում ա-սում է հետևյալը. «Դուք սխալ ուղով եք գնում՝ ձեզ սպասող մահվան վտանգով: Ես՝ որպես Օսմանյան պետության ներկայացուցիչ եմ տեղեկացնում։ Հրաժարվեք, մի՛ շեղվեք այն ուղուց, որին հետևել եք վերջին չորս դարերի ընթացքում. հրաժեշտ մի՛ տվեք հավատարմությանը: Դուք կզղջաք դրա համար: Եվ փաստից հետո զղջումներն անօգուտ են: Այն, ինչ դուք ցանկանում եք և հույս ունեք [ստանալ], [հաջողության] [ա-մենաչնչին] հնարավորություն չունի, որովհետև այն չի համապատասխա-նում եվրոպական քաղաքական հավասարակշռությանը:
Նրանց մեծա-մասնությունը, որի հետ դուք նույն ռասայից եք, մեր երկրում չէ, այլ բնակվում է Իրանում կամ Ռուսաստանում: Այս [փաստը] հաշվի առեք: Մի՛ ներքաշվեք հապճեպ գործողությունների մեջ: Եթե դուք այդպես անեք, մենակ կմնաք քրդերի հետ: [Եվ] մի՛ մոռացեք, որ այս [Վան] նահանգում յուրաքանչյուր հայի հաշվով կա երեք քուրդ, և [մինչ] նրանք մարտիկներ են, հայերը վախկոտներ են ի ծնե: Ավելին՝ կարելի է գուշակել, թե հայերի՝ զենքի տիրապետելու բացակայությունը ինչին կտանի: Ես կարծում եմ, որ դուք կարող եք իմաստությամբ ըմբռնել սա, ինչը ձեզ ստիպեց այս ահա-վոր դեպքերը առաջ բերել» :
Սադեդդին փաշայի այս ուղերձում առկա են թուրքական ժխտողա-կանության միանգամից երկու թեզեր, որոնք ուղեկցվում են ակներև սպառնալիքով: Նախ կոչ է անում հնազանդ մնալ և հետևել չորսհարյու-րամյա ավանդույթին ու չհավակնել այնպիսի բաների, որոնք կարող են խարխլել դարավոր քաղաքական, սոցիալական իրողությունը: Եվ ապա նշում, որ հայերի անխոհեմությունն է «ահավոր դեպքերի» պատճառ դարձել: Մյուս կողմից՝ հստակ սպառնալիք կա, որ անհնազանդության դրսևորման պարագայում քրդերը հաշվեհարդար կտեսնեն, քանզի թե՛ բնույթով, թե՛ թվաքանակով ակնհայտ առավելություն ունեն հայերի նկատմամբ: Ուշադրության է արժանի հատկապես այն փաստը, որ թուրք պաշտոնյան հնարավոր (կամ թերևս արդեն իսկ ծրագրված) մոտալուտ կոտորածների պատասխանատվությունը գցում է քրդերի վրա: Ակներև է այն թեզը, թե հայերը բռնության չեն ենթարկվել, այլ տեղի ունեցած բռությունները, զանգվածային սպանությունները եղել են ոչ թե քաղաքական վե-րնախավի կողմից նախապես մշակված և իրագործված հանցագործությ-ուններ, այլ ազգամիջյան, էթնիկ բախումներ, որոնց պատասխանատվութ-յունն ընկնում է դրանց մեջ ներգրավված էթնիկ խմբերի վրա, ավելին՝ նրանց անհանդուրժողականությունը վտանգել է նաև պետության անվ-տանգությունն ու ներքին կայունությունը:
Կայսրության ներսում տեղի ունեցող բռնությունների մասին լուրը տարածվել էր նաև երկրի սահմաններից դուրս:
Սակայն եթե թուրք պաշ-տոնյաները հայերին լռեցնելու համար վախեցնում և ահաբեկում էին խաղաղ բնակչությանը, ուղղակի կամ անուղղակի ձևով սպառնում, որ անհնազանդության դեպքում կկիրառվեն նոր բռնություններ, ապա օտարների համար անհրաժեշտ էր խեղաթյուրել իրականությունը, ժխտել տեղի ունեցածը, ուրանալ հանցանքը:
Ժխտման այսպիսի մի օրինակ բացահայտվում է 2011 թ. Իտալիայի արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի ազգային արխիվին փոխանցված օտարալեզու և դեռևս ամբողջովին չուսումնասիրված փաս-տաթղթերի փաթեթն ընթերցելիս: Հայաստանի ազգային արխիվում պահվող գրությունների այս փաթեթում հանդիպում է Մեծ Բրիտանիայի ար-տաքին գործերի նախարարին ուղղված թիվ 114 նամակը , որում բրիտանացի դիվանագետ Ֆրենսիս Քլեր Ֆորդը, որը 1893 թվականից դիվանագիտական ծառայության էր անցել Հռոմում, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջոն Վոդհաուս Քիմբերլիին ուղղված իր 1984 թվականի դեկտեմբերի 7-ի գաղտնի մակնշված նամակում նշում է, որ ըստ Բարձր դռան՝ տերություններին առաջարկվող հանձնաժողովը պետք է հետաքննի ոչ թե հայերի դեմ իրագործված բռնությունները, այլ հայերից կազմված ավազակախմբերի գործողությունները:
Ժխտողական քաղաքականության ամենախորամանկ ձևերից մեկն էլ կատարված բռնությունների վերաբերյալ հետաքննություն իրականաց-նելն ու մեղավորներին փնտրելն է: Առաջին հայացքից անմեղ և արդար թվացող այս նախաձեռնությունն իրականում ունի շատ ավելի խորքային և ապակողմնորոշող նպատակներ: Հայտնի բռնությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնելու նպատակով միացյալ հանձնաժողով կազմելով ու դրանում գերտերությունների ներկայացուցիչներին ներգրավելով՝ թուրքական իշխանությունները փաստորեն փորձում են շեղել օտարների ուշադրությունը: Անկասկած, տերությունների ներկայացուցիչ-ներին ներգրավելով և հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին թուրք իշ-խանավորի նշանակելով՝ սուլթանը նպատակ է հետապնդել հե-տաքննությունն իրենց համար նախընտրելի վայրերում և նպատակա-հարմար ձևով իրականացնել: Հայաստանի ազգային արխիվում պահվող երկու բարձրաստիճան դիվանագետների նամակագրությունը այդպիսի մի նախաձեռնության բացահայտում է։
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի ազգային արխիվին հանձնված փաստաթղթերի մեջ գտնում ենք մի շատ ուշագրավ և ծավալուն գրությունների փաթեթ, ուր ներկայացված են թուրք և ամերիկացի քաղաքական գործիչների նամակագրությունն ու հե-ռագրերը: Ժխտողական քաղաքականության տարածման և այլոց իրենց ժխտման մեջ ներգրավելու առաջին քայլերը արվել են Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակաշրջանում: Փաստաթղթերի փաթեթն ուղեկցվում է «Հայերի դեմ իրագործված ենթադրայլ բռնություններ» գլխագրով: Փաստաթղթերում առկա են ժխտման միանգամից մի քանի ձևեր և մեթոդներ: Նախ՝ հայերը մեղադրվում են բռնություններ, ապստամբություններ կազմակեր-պելու մեջ, ապա՝ ոճրագործ խմբերը ներկայացվում են որպես «իրական» զոհեր: Ավելին՝ պատասխանատվությունից խուսափելու և «անաչառ» հե-տաքննություն անցկացնելու համար թուրքական իշխանություններն ա-ռաջարկում են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին՝ որպես չեզոք և անաչառ կողմ, իրենց ներկայացուցչին առաքել «ենթադրայլ» բռնությունների իրականացման վայրեր թուրքական հանձնաժողովի հետ հետաքննությանը մասնակցելու նպատակով:
1893-97 թթ․ Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահագների լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Թերրելը Պետդեպարտամենտին ուղղված իր նամակում գրում է հետևյալը․ «Սասունում թուրքական վայ-րագությունների մասին ամերիկյան թերթերում [հայտնված] զեկույցները սենսացիոն են և չափազանցված: Սպանությունը եղել է զինված հայերի և թուրք զինվորների միջև տեղի ունեցած հակամարտության ժամանակ։ Մեծ վեզիրն ասում է, որ անհրաժեշտ էր ճնշել ապստամբությունը, և որ մոտավորապես հիսուն թուրք է սպանվել: Կռվից հետո երեք հարյուրից չորս հարյուր հրացան է հավաքվել, և զեկուցվում է, որ այդքան թվով հա-յեր են սպանվել: Ես հավատում են նրա հայտարարությանը»:
Ավելին, նույն ներկայացուցիչը, չսպասելով Պետդեպարտամենտի պատասխանին, երկու օր անց՝ 1894 թվականի նոյեմբերի 30-ին, մեկ այլ նամակ-հեռագիր է ուղարկում պետդեպարտամենտ, որում ասում է հետևյալը․
«Սուլթանը ցանկանում է, որ նախագահը հավանություն տա, որ ես թուրքական հանձնաժողովի հետ ուղարկեմ Միացյալ Նահանգների հյու-պատոսին՝ հետաքննելու հայերի դեմ իրագործված ենթադրյալ վայրա-գությունները: Ես հավատում եմ, որ Ձեր համաձայնությունը մեծ օգուտ կտա միսիոներ(ներ)ին Փոքր Ասիայում: Նա ցանկանում է, որ չեզոք կողմի նեկայացուցիչ ներկա լինի և ընտրում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Հղում է իր ողջույնները նախագահին: Ես կընտրեմ Ջյուիթին: Սուլթանը խնդրում է, որ պատասխանեք մինչև երկուշաբթի»:
Ի պատասխան այս նամակին՝ դեկտեմբերի 2-ին Պետդեպարտամենտը գրում է․ «Գնահատելով սուլթանի վստահությունը` նախագահը չի ցանկանում, որ որևէ ամերիկացի ուղարկվի թուրք հանձ-նաժողովականի հետ՝ հետաքննելու ենթադրյալ վայրագրությունները» :
Սուլթանի կողմից նշանակված հանձնաժողովը վստահություն չէր ներշնչում միջազգային հանրությանը: Դեռևս 1894 թ. դեկտեմբերի 18-ին ամերիկյան «Դեյլի Նյուզ» պարբերականում «Հայկական կոտորածները. կոչ Միացյալ Նահանգներից» հրապարակված լայնածավալ հոդված-կոչի հեղինակները սուլթանական հանձնաժողովը որակում են «ամբողջովին անվստահելի» և նշում, որ տեղի ունեցածը հետաքննելն ու «տառապող ազգի նկատմամբ իրականացված չարագործությունների մասին աշխար-հին տեղեկացնելը» դաշնագիրը ստորագրած տերությունների պարտավորությունն է: ԱՄՆ-ի նախագահին ուղղված կոչում հեղինակները հորդո-րում են ներկայացուցիչներ ուղարկել դեպքի վայր՝ սեփական հետաքննություն իրականացնելու համար կամ միանալ եվրոպական տերություններին։
Տեղի ունեցածը համատեղ հետաքննելը, հանձնաժողով կազմելը նույն քաղաքականությունն է, ինչ որ իրականացվեց նաև 2005 թ.՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի օրերին։ Այդ ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակով դիմեց Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես առաջարկելով ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ ուսումնասիրելու «1915 թ. իրադարձությունները»: Պատմական հանձնաժողով ստեղծելու գաղափարը ևս ծնունդ է առել 1890-ականներից:
Հարկ է նշել նաև, որ միշտ քաջալերվել է թուրքական ժխտողական քաղաքականության մեջ այլազգի աջակիցների ներգրավումը: Դեռևս աբ-դուլհամիդյան ժամանակաշրջանից սկսած՝ ուրացման քաղաքականութ-յան կարևորագույն սկզբունքներից է եղել օտարազգիների և հատկապես արտասահմանյան մամուլի միջոցով ժխտողական թեզերի տարածումը:
Այս է վկայում ամերիկյան «Նյու Յորք Թայմս» թերթի 1894 թ. դեկտեմբերի 14-ի համարում հրապարակված «Հայկական կոտորածների մասին. Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը կասկածում են Անգլիային քաղաքական նպատակի մեջ» վերնագրով հոդվածը, որում, վկայակոչելով լոնդոնյան մամուլը, թղթակիցն ընդգծում է. «Վիեննայի, Բեռլինի, Բուդապեշտի թերթերը կասկածի տակ են դնում հայկական կոտորածների վերաբերյալ այս ողջ պատմությունը և ծաղրում են Լոնդոնում հայկական հասարա-կության հռչակագիրը՝ որպես ծիծաղելի չափազանցություններ: Նրանք նաև մեղադրում են Անգլիային քաղաքական ծածուկ նպատակների հա-մար հայկական աղաղակ բարձրացնելու մեջ»:
Համեմատելով թուրքական ժխտողական թեզերը՝ ակնհայտ է դառնում, որ դրանք սկիզբ են առնում դեռևս աբդուլհամիդյան կոտորածներից և, ցավոք, կիրառվում նաև մեր օրերում, իսկ դրանց դեմ արդյունավետ ձևով պայքարել հնարավոր է միայն պետական մակարդակով համակարգված ձևով, ինչը ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև հետագայում ցեղասպանությունների կանխարգելման հնարավորություն կընձեռնի։
Մարի Հովհաննիսյան