Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել: Մասնավորապես` որ արդյունավետ աշխատելու դեպքում 2018 թվականին էլ է իրեն տեսնում վարչապետի պաշտոնում:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք հանրապետականները խանդով չեն վերաբերվում վարչապետի` վերը նշված արտահայտությանը, քանի որ Կարեն Կարապետյանը «նորեկ» է կուսակցությունում, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ վարչապետը Հանրապետական կուսակցությունում նորեկ չէ, բավականին լուրջ տնտեսական, քաղաքական գործիչ է և «շատ հաշվարկված ձևով» կատարում է իր բոլոր քայլերը:
Ինչ վերաբերում է հանրապետականների խանդին, Մելիքյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է խանդեն»: Ապա հավելեց. «Վարչապետը պատասխանել է այդ հարցին` եթե գտնի, որ իր աշխատանքն այլևս արդյունավետ չէ, ինքը կլքի այդ աշխատանքը: Նա ասել է, որ 6 ամսով չի եկել, և շատ վատ կլինի, եթե հայտարարի, թե 5 տարով է եկել: Այդ ամենը կախված է նրա աշխատանքի արդյունավետությունից: Չեմ կարծում, որ այստեղ խանդի որևէ տեսարան սարքելու խնդիր կա` ընդհանրապես»:
Ինչ վերաբերում է վարչապետի մեկ այլ ուշագրավ հայտարարությանը, որ` այո, իր վարկանիշն ընկել է ՀՀԿ-ին անդամակցելուց հետո, իսկ թե որքանո՞վ, հետագա հարցումները ցույց կտան, Մելիքյանն ասաց. «Ուրեմն վարչապետը գիտի` ընկել է, թե` չի ընկել: Ես սոցհարցումներ չեմ արել և կարծում եմ, որ վարկանիշի ոչ մի անկում էլ գոյություն չունի: Հանրապետականի վարկանիշը բավականին բարձր է, և առաջիկա քաղաքական գործընթացների արդյունքում բոլորս կհամոզվենք, որ որևէ մեկի վարկանիշ չի ընկել»:
Մեր պնդմանը՝ որ վարաչպետն, այդուհանդերձ, հստակ ասել է, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր վարկանիշն ընկել է, Մելիքյանը պատասխանեց. «Լավ է արել, որ ասել է: Դա լրատվամիջոցների ազդեցության հետևանքն է ընդամենը: Վարչապետը շատ հստակ ասել է, որ կստուգենք սոցհարցումներով` ինչքան է ընկել, քի՞չ է ընկել, թե՞ շատ է ընկել, թե՞ չի ընկել, և այդ սոցհարցումների արդյունքները մինչև համապետական ընտրություններ գուցե հրապարակվեն»:
Մեր մեկ այլ դիտարկմանը՝ «Գելափի» հարցումներից պարզ է դարձել, որ Կարեն Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը, և այդ արդյունքները վարչապետի համար անակնկալ են եղել, Մելիքյանն արձագանքեց. «Ես «Գելափի» հարցումներին ծանոթ չեմ, ես չգիտեմ` ում վարկանիշն ինչքան է: Երկու քաղաքական գործիչներինն էլ` և՛ հանրապետության նախագահինը, և՛ հանրապետության վարչապետինը, բարձր են և ավելի կբարձրանան»:
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե ինքը Տիգրան Սարգսյանի նման իրեն ճոխություն չէր կարող թույլ տալ և ավելի ուշ անդամակցել Հանրապետական կուսակցությանը, պատգամավորը նշեց, որ վարչապետը կատակ է արել: «Կատակները շատ ավելի լուրջ եք ընդունում: Սա նշանակում է, որ պարոն Կարապետյանի վարկանիշը բավականին բարձր է: Նա շատ ու շատ հարցերի հումորով է պատասխանում»,- ասաց նա:
Մեր դիտարկմանն էլ, որ դա հումոր չէ, դա նշանակում է, որ վարչապետը հիմա է անդամակցել, քանի որ Հանրապետականին հարկավոր է վարկանիշ բարձրացնել ընտրությունների նախաշեմին, Մելիքյանը տվեց խուսափողական պատասխան` ընդամենը ասելով. «Ցանկացած անձ ինքն է որոշում իր քաղաքական ուղին և ճակատագիրը»: