կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 17:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ քայլին» չի մտահոգում ընդդիմադիրների՝ Գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելը․ Լիլիթ Մակունց

Մեր գործողությունները որպես պատգամավոր որևէ կերպ չեն հակասում ոչ Սահմանադրությանը, ոչ գործող օրենսդրությանը, ոչ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից ու գործառույթներից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով կոնսոլիդացիոն գործընթաց սկսած քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Հայրենիքի» Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը, որտեղ իշխանություններին մեղադրում են իշխանությունը յուրացնելու եւ սահմանադրական կարգը տապալելու համար:

Մակունցը նշեց, որ դա իրենց բացարձակապես չի մտահոգում․ «Եթե ես արձանագրում եմ, որ  մեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն, ապա ի՞նչ անհանգստանալու մասին կարող է խոսք լինել»։

Այլ կուսակցությունների գործողությունների մասին, ասաց, որ իրենց իրավունքն է վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում:

Արդյո՞ք Հրայր Թովմասյանի, որը հասցրել է արձակուրդ գնալ, լիազորությունները դադարե՞լ են արդեն՝ հարցին, Մակունցը պատասխանեց, որ հարցադրումը քաղաքական դաշտից դուրս է և դրան պետք է անդրադառնան իրավաբանները:

Հրայր Թովմասյանի հայտարարության մասին, թե՝ ամաչում է ԱԺ-ում հունիսի 22-ին տեղի ունեցածից, Մակունցն ասաց. «Ես Հրայր Թովմասյանի հայտարարությունը համարում եմ զգայական, էմոցիոնալ»:

Մամուլը գրեց, որ «Իմ քայլը» խմբակցության 6-7 պատգամավոր վարակված է կորոնավիրուսով, բայց նրանց ներկայությունն ԱԺ-ում անհրաժեշտ է Սահմանդրության փոփոխությունները օրենսդրական դաշտին համապատասխանեցնելու այսօրվա նիստին, ինչը քրեորեն պատժելի արարք է։  

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ ուշադրության կենտրոնում են պահում բոլոր կոնտակտավորներին, իսկ ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ըստ բժիշկների ցուցումների ձեռնարկվում են գործողություններ։

«Բոլոր այն մարդիկ, որոնք վարակակիր են, մեկուսացած են, բոլոր այն մարդիկ, որոնք կոնտակտավոր են եւ ունեն ախտանշաններ, նրանք հանձնում են թեստեր։ Ով այստեղ է, ուրեմն ախտանշան չունի կամ եթե ունեցել է ու թեստ հանձնել, ապա բացասական է»,- ասաց Մակունցը։

Մակունցը չհամաձայնեց, թե նախորդ ՍԴ քննարկման ժամանակ երկու վարակակիր պատգամավոր է ներկա եղել։ Ասաց՝ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և 2 պատգամավորները բարձրաձայնել են այն պահին, երբ հայտնաբերել են թեստի դրական արդյունքները։

Մանրամասն՝ տեսանյութում․