կարևոր
4936 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-21 18:48
Քաղաքական

Մեկ անձը կամ պետական մարմինը չի՛ կարող տարածքների զիջում իրականացնել. քարտեզագրող

Մեկ անձը կամ պետական մարմինը չի՛ կարող տարածքների զիջում իրականացնել. քարտեզագրող

Նիկոլ Փաշինյանն օրերս այցելեց Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ:  Նա տեղում փորձեց համոզել գյուղացիներին, որ նախկին ադրբեջանաբնակ 4 գյուղատեղիները պետք է հանձնել, որ Ադրբեջանը չհարձակվի: Իսկ հարցին, թե երաշխիք կա՞, որ հետո չհարձակվի, նա պարզ ասաց՝ ոչ: Ստացվում է՝ պետք է տալ, որ այս օրերին չհարձակվի թշնամին, իսկ դրանից մի շաբաթ անց հարձակվելու դեպքում ինչ պետք է անել՝ չկա պատասխան: Հավանաբար՝ էլի տարածքներ կհանձնվեն, և այդպես՝ մինչև Երևան:

Խնդրի առնչությամբ Yerkir.am-ը զրուցել է քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի նախկին պետ, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյան հետ։

-Պարո՛ն Շահինյան, արդյո՞ք մեկ անձը կարող է որոշել  թե տվյալ տարածքները  Հայաստանինն են թե ոչ, և արդյո՞ք պետք չեն հանձնաժողովներ, սահմանագծման տարիների աշխատանքներ, մասնագետների եզրակացություններ, որոնցով գոնե կհիմնավորվի այդ ամենը։

-Սկզբում պետք է լինի սահմանազատման սկզբունքների հաստատում, հետո միայն՝ սահմանազատում։ Որպես մասնագետ՝ չեմ  կարող պատասխանել այդ հարցին, որպես հայ և ՀՀ քաղաքացի կարող եմ։ Ըստ ՀՀ Սահմանադրության և օրենքների՝ մեր սահմանների և տարածքների ամբողջականության, դրանց փոփոխության վերաբերյալ բոլոր հարցերը պետք է որոշվեն հանրաքվեի, հանրային քննարկման միջոցով, այսինքն մեկ անձը կամ պետական մարմինը չի՛ կարող մի անձնյա որոշումով տարածքների զիջում իրականացնել։

Մասնագիտական առումով՝ ցանկացած սահմանի մասին խոսույթ պետք է ունենա հստակ իրավական հիմք, ոչ թե պատկերացում։ Հիմա ես հարց եմ տալիս. այն քարտեզը, որը ցույց տրվեց ասուլիսի ժամանակ,ի՞նչ իրավական հիմքի ևի՞նչ փաստաթղթի  վրա է հիմնված։Դրա վերաբերյալ ասուլիսի ընթացքում ոչինչ չի ասվել։Վերհիշելով նախկինում արված հայտարարությունները՝ կարող եմ ասել, որ, հավանաբար այս ամենը եզրակացվել է՝ հիմք ընդունելով 1970-75թթ.Խորհրդային Միության վարչատարածքային, ըստ էության վերջին բաժանման քարտեզները։ Իսկ արդյո՞ք Ադրբեջանը նույն սկզբունքով համաձայն է սահմանազատման և սահմանների փոխճանաչման։Հարցի պատասխանն ակնհայտ է՝Ադրբեջանը համաձայն չէ դրան, իրենց ղեկավարը  և պաշտոնական աղբյուրները փաստացի հայտարարել  են, որ իրենք 1970-ականների ԽՍՀՄ-ի ևայլ վարչատարածքային քարտեզով սահմանազատման չեն գնալու։

-Արդյո՞ք կարելի է մեկ որոշմամբ տարածքներ օտարել, և որքանո՞վ է դա հիմնավորված։

-Ոչ մի որոշմամբ պետական հող օտարել չի կարելի, բայց նախ պետք է մասնագիտական լայն, հանրային կոնսենսունս լինի թե ո՞րն է մեր տարածքը։ Որպես քարտեզագրող ինձ համար մեր տարածքը  մինչխորհրդային Առաջին Հանրապետության տարածքն է, որը շատ ավելի լայն ևընդգրկուն էր։ Երբ մենք ասում ենք, որ այդ չորս գյուղերը Ադրբեջանինը չեն կամ Ադրբեջանինն են ,պետք է հասկանալ ՝ ի՞նչի րավական հիմքի վրա են դրանք Հայաստանինը կամ Ադրբեջանինը։ Այս պահին այդ իրավական հիմքը ոչ մեր կողմից է հրապարակված ևոչ էլԱդրբեջանի կողմից ճանաչված։

-2018 թվականին փակվեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը,այս որոշումը կարո՞ղ ենք կապել այսօր տեղի ունեցող իրադարձությունների հետ։

-Մենք ունենք փաստ, որ ՊՈԱԿ-ի փակվելուց հետո դրա նախկին մասնագետներից, ովքեր ժամանակին սահմանազատման  գործընթացների մասնակիցեն եղել, փաստացի այսօր դրանում ներգրավված չեն։

- Արդյո՞ք միտում կար փակելու  մի կազմակերպություն, որը զբաղվել է Հայաստանի՝ սկզբում Խորհրդային, հետո անկախ Հանրապետության սահմանների քարտեզների հարցերով, թե՞ դա պարզապես քաղաքական սխալ որոշում էր:

- Դժվարանում եմ մեկնաբանել։

- Արդյո՞ք իրավաչափ է GPS ամերիկյան նավիգացիոն համակարգով սահմանները որոշելու սկզբունքի կիրարկումը:

- Բազմակի անգամ խոսել ենք այդ թեմայի շուրջ՝ նշելով, որ GPS-ը ընդամենը գործիք է, այն ոչ մեթոդ է, ոչ էլ սահմանազատման ինչ-որ եղանակ։ Այն սահման չի որոշում, այն միայն  որոշում է այն կոորդինատները, որոնք մենք ինքներս մուտքագրել ենք գործիքի մեջ։ Հստակ պետք է հասկանալ, որ  GPS-ը սահմանազատում ինքին չի անում, այլ միայն կոորդինատ է ցույց տալիս։

Անժելա Սեդրակյան