Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Մարտահրավերների դեմ պայքարելն այսօր գոյաբանական խնդիր է, այս խնդիրների մասին մենք երեք տարի խոսել ենք ու պայքարել։ Այդ մասին Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ցավոք, մեր ուզած արդյունքին չենք հասել՝ կամ պիտի համակերպվենք, կամ հասկանանք՝ որտեղ ենք թերացել, ինչպես խոսենք մեր հայրենակիցների հետ, բացատրենք այս վտանգը, պայքարենք, ստեղծված իրավիճակից դուրս գանք։ Մենք գնում ենք երկրորդ ճանապարհով, մեր պայքարի ընկերը դուք եք, ուրիշ ռեսուրս չունենք, ուրիշ հնարավորություն չունենք»,- ասել է նա։
Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը իրականում տալիս է Տավուշի գյուղերը ու ասում՝ դրանք Տավուշի հետ կապ չունեն․ «Ալիևը մի քանի օր առաջ հայտարարեց՝ հրատապ պահանջում է Տավուշի 4 գյուղերը։ Փաշինյանը ասուլիսում ասաց՝ Տավուշից ոչ մի գյուղ չեմ տալիս, բայց իրականում տալիս է ու ասում՝ դրանք Տավուշի հետ կապ չունեն։ Ալիևի հետ պայմանավորվել են՝ սահմանագծման աշխատանքները իրականացնում են հատվածաբար։ Դա մեր հատվածն է, որտեղ ունենք դիրքային առավելություն, կահավորված դիրքեր, եթե թշնամին առաջ գա, դրա գինը թանկ է լինելու։ Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք»։
Սաղաթելյանը հավելում է, որ նպատակն է ստեղծել ազգային պետություն, որի համար ռեսուրս կա. «Մեր երկրում կան բազմաթիվ գրագետ մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, հմտություն ու գիտելիք ունեն, ովքեր կարող են այս երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել: Դուք նայեք այսօրվա պաշտպանության նախարարին, արտգործնախարարին, վարչապետի աթոռը զբաղեցրած անձին ու տեսեք արդյոք հայ ազգի մեջ չկան մարդիկ, որ կարող են սրանց փոխարինել ու կառավարել այս երկիրը»:
Նրա խոսքով` ՀՀ գործող իշխանությունները քաղաքական վեկտորը ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի Թուրքիա են փոխում։
«Ձեզ ասում են՝ դաշնակից չունենք, ասում են՝ մեր ավանդական դաշնակիցները մեզ լքել են, մենք մնացել ենք մենակ, դրա համար փոխում ենք երկրի արտաքին քաղաքական վեկտորը, որպեսզի ունենանք նոր դաշնակիցներ։ Սո՛ւտ են ասում: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք չէ, դեպի Թուրքիա է։ Մենք գտնում ենք, որ պետք չէ տարածաշրջան նոր խաղաղացողներ մտցնել ու երկիրը տանել նոր արկածախնդրության։ Պետք է շարժվել փոխլրացման ճանապարհով, ոչ թե՝ մեկը մյուսի հաշվին, ոչ թե աշխարհաքաղաքական կոնֆլիկտները բերել Հայաստան։
Մենք գտնում ենք, որ մեր ռազմավարական դաշնակից երկրների հետ, մեր հարևան Իրանի հետ ունենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք այսօր չեն օգտագործվում»,- ասել է նա։