կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 22:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, դու ի՞նչ թալանից ես խոսում՝ թշնամուն ես հանձնել 187 գյուղ, 6 քաղաք․ Իշխան Սաղաթելյան

Մայիսի 22-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնելու է Բրյուսել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպելու համար՝ մենք հստակ ասել ենք, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից, ՀՀ կողմից որևէ բանակցություն վարելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին։

«Ես դիմում եմ նաև այն անձանց, ում հետ հանդիպելու է․ ՀՀ կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն, հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առոչինչ»,-հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ ևս մեկ խնդրի․ այս օրերին այս հրապարակից, ինչպես նաև տարբեր այլ ֆորմատներով անընդհատ ներկայացվել են հիմնական սկզբունքները, անելիքները, բայց օրվա իշխանությունը որևէ բովանդակային պատասխան չի տվել, փոխարենը շարունակում է հասարակությանը խաբել այն նյութով, որով 4 տարի կերակրեց ժողովրդին և որը գոյություն չունի՝ թալանով, ապօրինի գույքերի բռնագանձումով։

«Մեզանից որևէ մեկը այս հրապարակում չի հավաքվել ինչ-որ մեկի ապօրինի գույքը պաշտպանելու, այս ամեն ինչը բլեֆ է՝ հերթական անգամ հասարակությանը ստով կերակրելու և երկիրը նոր անդունդ տանելու համար։  Մեր երկրին՝ Արցախին, ոչ մեկն այնքան վնաս չի  հասցրել, ինչքան այսօրվա խմբակը․ սրանց գործունեության հետևանքով թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, իր տնից, ապրուստից զրկվել է 38 500 քաղաքացի, թշնամուն է հանձնվել 591 խաչքար, 39 բերդ, ամրոց, սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան, 12 թանգարան։ Թշնամուն է մնացել մեր հայրենիքի 72 տոկոսը, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ,այգիներ, հիմա, Նիկո՛լ, դու ի՞նչ թալանից ես խոսում, այս երկրի թիվ 1 թալանիչը, քանդիչը, ավերիչը դու ես»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Հետևաբար, ասաց նա, այդ բլեֆներն այլևս չեն անցնում։

Պայքարը շարունակում ենք ամբողջ թափով, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, այս շարժումը որևէ պարագայում չի կարող անկում ունենալ, որովհետև այս շարժման անկումը Հայաստանի պարտությունն է, իսկ դա երբեք չի լինելու։

Վաղվա գործողությունների մասին․

-առավոտյան ժամը 9։30 նա մեր հայրենակիցներին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ․ նախատեսված է հատուկ ծրագիր,

-երեկոյան ժամը 19։00 հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

«Հայաստանում կա միջազգային պատվիրակություն՝ մեր ձայնը պետք է լսելի դառնա։ Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19։00, իսկ այդ ժամին հանրահավաք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․