Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը: Այս մասին ահազանգում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
«Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը դարձել է վանդալիզմի տիպիկ խորհրդանիշ` գերազանցելով մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցած բոլոր բարբարոս ցեղերին։
Օրերս Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ փոխվելու է համալսարանի շենքի արտաքին տեսքը։ Ակնհայտ է, որ իր ձեռագրին հավատարիմ Ադրբեջանը շինարարական աշխատանքների քողի տակ վերացնելու է հայկական հետքը։
Հատկապես վտանգված է համալսարանի հանուն հայրենիքի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։
Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969 թ.-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ: Արցախի մայր բուհը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։
Հարկ ենք համարում նշել, որ Արցախի պետական համալսարանը ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների թիրախում հայտնվել է նաև 1990 ական թվականներին։1992 թ. օգոստոսի 22-ին ադրբեջանական օկուպացիոն զորքերը 500 կգ կշռող ավիառումբ են նետել համալսարանի վրա, հաջորդ թիրախավորումը եղել Է 1993թ.-ին։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,- գրել է Ավանեսովը։