Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսանողների հետ տարբեր ձևաչափերով և ծրագրերով հանդիպումների ընթացքում նրանց կողմից անընդհատ բարձրացվել է ՀՀ պետական բուհերի ուսանողներին հանրակացարանով ապահովելու հարցը: Եվ այդ կապակցությամբ գրավոր դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հետևյալ հարցապնդմամբ.
«Ինչպիսի՞ն է ՀՀ պետական բուհերի ուսանողների կողմից հանրակացարաններով ապահովելու պահանջվածության մակարդակը, և ըստ այդմ՝ հանրակացարաններով ապահովման մակարդակը:
Նախատեսվու՞մ է արդյոք որևէ ծրագրի իրականացում, որը կնպաստի մարզերից եկած ուսանողներին բարենպաստ բնակարանային պայմաններով ուսանողական հանրակացարանների տրամադրմանը »:
Ես խնդրել էի ներկայացնել բոլոր պետական բուհերի ցանկը, նրանցում ուսանողական հանրակացարանի առկայությունը:
Եվ Ձեր դատին եմ ներկայացնում նախարարի պատասխանը.
««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նախատեսվում է բուհերի ենթակառուցվածքների, այդ թվում հանրակացարանների բարելավում և համալրում, ակադեմիական քաղաքի՝ որպես որակյալ բարձրագույն կրթության, հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ստեղծում»:
Փաստորեն, այդ կարևոր հարցի լուծումը կարող է իրականացվել լավագույն դեպքում մինչև 2030թ-ը:
Կից գրությամբ ինձ ներկայացվել էր նաև տեղեկատվություն պետական բուհերի ենթակայությամբ գործող հանրակացարանային ֆոնդերի վերաբերյալ՝ 16 պետական բուհի անվանում, յուրաքանչյուրի համար նշելով հանրակացարանի առկա կամ ոչ առկա լինելը:
Սակայն ինձ համար մտահոգիչ ու զարմանալի էր, որ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված պետական բուհերի ցանկում Երևանի պետական համալսարանը չկա:
Նշեմ, որ Հայաստանում գործում են 16 պետական բուհեր, ինչը փաստել է անձամբ ԿԳՄՍ ներկայացուցիչը: Ինձ տրամադրված ցանկում նույնպես նշված էր 16 անուն, բայց առանց ԵՊՀ-ի, փոխարենը ցանկում տեղ էր գտել «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոնը», որի վերաբերյալ իմ ճշտող զանգին պատասխանած ԿԳՄՍ աշխատակիցը /նույն ինքը կատարողը/ նշեց, որ իր կարծիքով այդ կենտրոնը պետական բուհ չէ:
Ստացվում է, որ բուհերի ցանկի անհրաժեշտ 16 անունը լրացվել է, բայց առանց ԵՊՀ-ի և դրա փոխարեն՝ ոչ պետական բուհի անունով:
Սա անփութությո՞ւն է, թե ավելի վտանգավոր փաստի արձանագրում:
Եթե նույնիսկ անփութություն է, ապա ստացվում է, որ հասել ենք մի իրավիճակի, երբ պետական բուհ ասելով Երևանի պետական համալսարանը ոչ միայն առաջնային չէ, այլ նաև կառավարությունում չեն հիշում:
Արմենուհի ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր