Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր քննվում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքը 2020 թ. դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների եւ այլ ապօրինությունների վերաբերյալ։
Դատավոր Արման Հովհաննիսյանը բավարարեց Մինասյանի բողոքը, որով քրեական գործ հարուցելու հիմքեր ստեղծվեցին իմքայլական Ս․ Գաբրիելյանի, ՊՊԾ պետի, նույն օրն անօրինական գործողություններ իրականացրած այլ անձանց նկատմամբ։
«Դատարանը գտնվեց իր բարձունքում, կայացրեց օբյեկտիվ որոշում։ Հաշվի առնելով դատավոր Արման Հովհաննիսյանի անձը, նրա հեղինակությունը՝ որպես օբյեկտիվ, անաչառ դատավորի, գտնում եմ, որ որոշումը ինքնին օրինական է եւ պատճառաբանված»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
Մինասյանը դեկտեմբերի 28-ին Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ոստիկանությունում հաղորդում էր տվել՝ նշելով, որ կողմնակի անձինք՝ ՊՊԾ պետը, Սիսակ Գաբրիելյանը, մասնակցել են ցույց ցրելու գործընթացին, որի ընթացքում նաեւ բռնություն են գործադրել։
«Հիշյալ անձինք, ոստիկաններին զուգահեռ, մասնակցել են քաղաքացիների ակցիան ցրելու գործընթացին։ Տեսագրություններ ենք ներկայացրել, որոնցից երեւում է, թե ինչպես են Սիսակ Գաբրիելյանը եւ ՊՊԾ պետը հարվածում քաղաքացիներին։ Բացի այդ՝ ՊՊԾ պետը մասնակցում էր ոստիկանական օպերացիայի ընդհանուր ղեկավարմանը, համակարգմանը, ինչը, մեր խորին համոզմամբ, ապօրինի է, որովհետեւ այն կառույցը, որը նա ղեկավարում է, որեւէ առնչություն չունի զանգվածային բողոքի ցույցերի հետ։ Նման ցույցերի անվտանգության ապահովումը, ուղեկցումը իրականացնում են ոստիկանության աշխատակիցները»,- պարզաբանեց Մինասյանի պաշտպանը։
Անդրադառնալով քննչական մարմնի գործողություններին՝ նա նշեց, որ նյութերի նախապատրաստումը քննչական մարմինն իրականացրել էր թերի՝ իր համար անհասկանալի պատճառներով։ Գալստյանի զարմանքն է հարուցում նաեւ այն, թե ինչու է քրեական վարույթն իրականացնում քննչական մարմինը, ոչ թե ՀՔԾ-ն։ «Գործը վերաբերում է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ ոստիկաններին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Համաձայն ՀՀ օրենսդրության՝ նշված անձանց վերաբերյալ քրեական վարույթը պետք է իրականացնի ՀՔԾ-ն ։ Չգիտես՝ ինչու այս գործողություններն արեց Արաբկիրի բաժնի քննչական կոմիտեն եւ նախապատրաստեց թերի նյութեր՝ անդրադարձ չկատարելով հիշյալ պաշտոնատար անձանց գործողություններին եւ մերժեց քրեական գործի հարուցումը»,- նշեց Բենիկ Գալստյանը։
Մեզ և այլ քաղաքացիների բերման ենթարկելը ակնհայտ լիազորության չարաշահում էր․ Արծվիկ Մինասյան
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան