կարևոր
2869 դիտում, 4 ամիս առաջ - 2024-03-13 11:54
Քաղաքական

Սա միայն կոնսերվատորիայի խնդիրը չէ․ իրականում, ազգային կրթական համակարգի հակառակորդները Երկրի և հայ մարդու բովանդակությունն են աղճատում․ Գալստյան

Սա միայն կոնսերվատորիայի խնդիրը չէ․ իրականում, ազգային կրթական համակարգի հակառակորդները Երկրի և հայ մարդու բովանդակությունն են աղճատում․ Գալստյան

Սա միայն կոնսերվատորիայի խնդիրը չէ։ Թույլ մի տվեք, որ մեզ առանձին-առանձին պարտության մատնեն։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Քանդել ամեն բան, հետո հայտարարել, թե քննարկելու ենք։

Սա ձեռագիր է, պատվեր է, դավադիր հանձնառություն է՝ քանդել, անապատացնել ժառանգություն և անցյալի հետ հոգևոր կապեր, ինքնութենական կոդեր։

ԵՊՀ, Կոնսերվատորիա, Բժշկական՝ սրանք կոդային, գաղափարական խորհուրդներ/ՍԻՄՎՈԼՆԵՐ են, սոսկ շենք չեն․․․

0-ական կետը սևեռուն գաղափար է սրանց համար․․․

Զարմանալիորեն և նաև հասկանալիորեն բոլոր քանդիչ, սկանդալային ծրագրերը ԿԳՄՍ-ից են ելնում։ Սա ծրագրային-տեսանելի և ուղորդվող ձեռագիր է։

Օրերս հրապարակված, այսպես կոչված բուհական կրթության 5 ուղղությունները և բաշխումները բազմաթիվ հարցեր են առաջացնում։

Էս քանդվող, կազմալուծվող երկրում ի՞նչ Ակադեմիական քաղաք․ մեր անվտանգային կոլապսի մեջ սա ի՞նչ չհիմնավորված ծախս է, ի՞նչ առաջնահերթություն է․․․

Որտե՞ղ է որոշվել, թե Հայաստանին Ակադեմիական քաղաք է հարկավոր։ Ի՞նչ հաշվարկներ, ի՞նչ ուսումնասիրություն, ի՞նչ հիմնավորում կամ ռազմավարություն է ընկած այդ գաղափարի տակ։

Թղթի վրա ինչ-որ հայեցակարգ․ ովքե՞ր են այդ հայեցակարգ գրողները, ո՞ւմ պատվերն է․ չկա հանրային պատվեր։

Կարո՞ղ եք՝ կրթության որակ ու մրցունակություն ապահովեք։

Զուտ քաղաքաշինական իմաստով արդեն իսկ մայրաքաղաքի կոկրետ հատվածում, Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջը տեղակայված բուհերը կառուցված են հենց այդ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ քաղաքի կամ կլաստրի փիլիսոփայությամբ։

Հիմա կոնսերվատորիայի շուրջն է ընդվզումը, բայց ապականվում և կազմաքանդվում է ողջ կրթական և ակադեմիական-գիտական համակարգը, տասնամյակների վաստակը, ժառանգությունը։

Ու ստել, ստել, ամբարոյականի վերջին վարքով ստել։

Հանրությանը կանգնեցնել փաստի առաջ, հետո ասել, թե քննարկելու ենք։ Հետո՝ ասել, թե սա է ու վերջ։ Հիշեք պատմության դասագիրքն ու նախարարի պահվածքը։

Ոտքի կանգել, հաղթահարել նվաստացումները, վախերը, ամբիցիաները, անձնական նեղ շահերը, թշնամին արդեն վաղուց մեր տանն է․ ուշքի եկեք։

Սա միայն կոնսերվատորիայի խնդիրը չէ։ Իրականում, ազգային կրթական համակարգի հակառակորդները Երկրի և հայ մարդու բովանդակությունն են աղճատում, փոխում։

Մեզանից երկիր ու հայրենիք են օտարում․ պատերազմը նաև ներսում է։

Մենք առանձին-առանձին պարտվում ենք, դեռ պարտվում ենք․․․թույլ մի տվեք, որ մանկուրտացնեն մեզ»: