Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական փորձությունը, որը ոչ թե ընթացիկ, սովորական, այլ լինելիության աստիճանի փորձություն է։ 44-օրյա պատերազմն այդ փորձության խտացված արտահայտությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը։
Հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ նոր փորձությունները դեռ առջեւում են, մենք դրանցում ապրում ենք հիմա, հենց այս օրերին։ Պետությունը՝ որպես ինստիտուցիա, գրեթե ամբողջությամբ կազմաքանդված է։ Այն պահպանելու, ըստ էության, վերջին փորձն արել են Զինված ուժերը, որոնք, փաստորեն, պետությունն ու պետականությունը պաշտպանում են գործող իշխանությունից։ Սա, իհարկե, նոնսենս է, բայց որեւէ տեղ գրված չէ, որ Հայաստանը պետք է զերծ լիներ պատմական ու քաղաքական նոնսենսներից։
Այո, Հայաստանում այսօր գործում է իշխանություն, որից, բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, պետք է պաշտպանել պետությունն ու պետականությունը։ Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատերազմ է հայտարարել պետությանը, եւ հիմա մենք ականատեսն ենք դիրքային պայքարի՝ կա՛մ կհաղթի Նիկոլ Փաշինյանը, կա՛մ պետությունը։
Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ պետությանը պատերազմ հայտարարած խմբակն իր պայքարը կառուցում է իրավական ու սահմանադրական ֆորմալիզմի վրա՝ հղում անելով Սահմանադրության այսինչ հոդվածին ու այնինչ օրենքի այնինչ պարբերությանը։
Շատերն ընկնում են Նիկոլ Փաշինյանի հյուսած այդ սարդոստայնը՝ մտնելով իրավական ու սահմանադրական բանավեճերի մեջ՝ այն, ինչ անհրաժեշտ է իշխանությանը։ Զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը, բայց շատերն այսօր քննարկում են, թե Սահմանադրության հատկապես որ պարագրաֆի համաձայն կարձանագրվի պետության վախճանը։ Այսինքն՝ կա բովանդակության ու ձեւի հակադրություն, մի կողմում՝ պետականության բովանդակությունն է, մյուս կողմում՝ դրա դեմ մղվող պատերազմի «սահմանադրականությունը»։
Բովանդակությունը՝ անկախ բոլոր թերություններից ու արատներից, այդուհանդերձ հայկական է ու հայկականությունն է, ձեւը՝ ֆորմալիզմը, ստորակետի ճշտությամբ համընկնում է թուրքական հետախուզության իմպերատիվներին ու նպատակներին, որովհետեւ ֆորմալիզմի քողի տակ կատարվողի վերջնարդյունքը լինելու է հայկական պետականության կորուստը։
Այդ գործընթացը սկսվել է վաղուց, այսօր խաղարկվում է սոսկ վերջին արարը։ Պետության գոյության ամենակարեւոր երաշխիքներից մեկը՝ քաղաքացիականությունը, վերացվել է շատ ավելի վաղ, այսօր մնացել են այն քիչ թվով ինստիտուտները, որոնք դեռեւս պայքարում են պետության պահպանման համար։
Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հաղթանակած դուրս գալ նաեւ բանակի դեմ պայքարում, ապա պետության քայքայումն ավելի արագանալու է։ Շատերի համար, սակայն, կարեւոր է ոչ թե՝ այդ փաստն ինքնին, այլ այն, որ դա տեղի ունենա բացառապես «օրենքի ու սահմանադրականության շրջանակներում»։ Հիրավի բացառիկ իրավական պետություն է Հայաստանը։ Առայժմ պետություն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։