կարևոր
7009 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-11 15:23
Հասարակություն

Դասագիրքը կացնի հարված է մեր հազարամյա պատմության արմատներին. Հայկազուն Ալվրցյան

Դասագիրքը կացնի հարված է մեր հազարամյա պատմության արմատներին. Հայկազուն Ալվրցյան

Հայոց պատմությունը վերափոխել ու Հայաստանի պատմություն դարձնելու փորձը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի  ներկայիս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ վերստին բարեկամանալ է փորձում, և այս ամենը  նրանց պահանջները իրականություն դարձնելու ևս մեկ փորձ է, որով կմերժվի մեր հազարամյա պատմությունը։  

Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանի հետ:

- Պարո՛ն Ալվրցյան, ու՞ր կտանի վերոնշյալ որոշումը։ 

- Այդ որոշմամբ կխեղաթյուրվի Հայոց պատմությունը։ Այս դասագիրքը կացնի հարված է մեր հազարամյա պատմության արմատներին, որովհետև վերոնշյալ  դասագիրքն ամեն նախադրյալ ստեղծում է հետագայում բազմաթիվ պատմական կարևորագույն սկզբունքային հարցերից հրաժարվելու համար, օրինակ՝ հայոց բնիկության գաղափարից, որը տվյալ դասագրքում դրվում է հարցականի տակ, մեր մշակութային հնագույն արժեքներից, Հայ դատից՝ Արևմտյան Հայաստանի, Կարսի, Արցախի եւ Նախիջևանի հայկականությունից: Արդեն իսկ պաշտոնական մակարդակում ժխտվում է մեր ազգային հիմնական խորհրդանշանի՝ Արարատ լեռան հայկականությունը: Այս ամենն ուղղակիորեն ճանապարհ է հարթում Հայոց ցեղասպանության ուրացման համար:

- Ի՞նչ հետևանքներ կունենա այս ընթացքը հայ ժողովրդի ապագայի կամ, ինչպես ընդունված է ասել, հայկական շարունակականության վրա:

- Թուրքերը Արցախը խլեցին ռազմական ճանապարհով՝ Հայաստանում իշխանության բերելով հայ ազգի թշնամի ուժերի: Սակայն նրանց հայաջինջ քաղաքականության ճանապարհին դեռ կանգուն է հայ ժողովրդի հզոր պաշտպանական ամրոց՝ հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Հայոց պատմության նենգափոխումով թշնամին ահա այդ ամրոցն է ուզում խորտակել: Իսկ դա անհնար է, քանի դեռ դպրոցում  հայ աշակերտները  սովորում են ճշմարիտ Հայոց պատմությունը: Հայոց պատմության նենգափոխմամբ փորձ է արվում մահացու հարված հասցնել հայ մարդու պատմական հշողությունը՝ նրան վերածելով մանկուրտի: 

 - Իսկ ի՞նչ կտա այդ կործանարար ընթացքին վարչապետի նախաձեռնությունը՝ վերանվանել «Հայոց պատմությունը»: 

- Երբ դասագրքի վերաբերյալ մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչներն արտահայտեցին բացասական վերաբերմունք, իսկ հեղինակավոր պատմաբանները համոզիչ հիմնավորումներով փաստեցին դասագիրք հորջոջված այդ շարադրանք վտանգավորությունը, վարչապետ կոչեցյալը փորձեց պառակտել ձևավորված ժխտողական միասնականությունը:  Լավ իմանալով, որ դասագիրքը մերժողները ամեն ինչում հակադրվելու են իր որևէ առաջարկի, ասպարեզ նետեց «Հայոց պատմությունը»  «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկը: Ցավոք այն ունեցավ որոշ արդյունք. շատերը, տրվելով այդ սադրանքին, սկսեցին տվյալ համատեքստում հերքել, նույնիսկ ծաղրել Հայաստան բառը։ Բարեբախտաբար այն լուրջ հետևանքներ չունեցավ:

- Ինչպե՞ս կարելի է այս ամենը կանխել:

- Եթե տվյալ իշխանության վարած քաղաքականությունը սպառնում է պետության գոյությանը, ապա  իշխանության փոփոխության որևէ մեթոդ չի բացառվում, քանզի եթե ազգի գոյության ոչնչացման վտանգ կա, ապա նրա  գոյության իրավունքից ավելի բարձր իրավուք չկա։ 

 

Անժելա Սեդրակյան