Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության վտարանդի Խորհրդարանը վերջին նիստը 2024թ․ հունվարին է գումարել․ կայանալիք հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ, բայց ամենաուշը մարտ ամսին կկայանա, իսկ օրակարգը կհստակեցվի առաջիկա օրերին։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վտարանդի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ երկու ամիսը մեկ նիստ գումարելը պարտադիր է։ Դեկտեմբերին ու հունվարի գումարել ենք, հավանաբար նաև փետրվարին կլինի, իսկ եթե չհասցնենք, ապա մարտին անկասկած կգումարենք։ Նիստն ինքնանպատակ չպետք է լինի։ Նախորդին, օրինակ, փոփոխություններ ենք կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքում։ Հաշվի առնելով ստեղծված ծանր սոցիալական վիճակը ու նաև քաղաքական անորոշությունը, որոշվել է շահառուներին վերադարձնել կուտակված գումարները։ Մեզ՝ արցախցիներիս, ՀՀ քաղաքացի չեն համարում ու ասում են, որ դրանք անհատական հաշիվներ են, այսինքն՝ նաև ռիսկեր կան, ուստի որոշվել է 9 ամսվա ընթացքում գումարները վերադարձնել»,-նշեց պատգամավորը։
ՀՀ գործող իշխանության ու Արցախի պետական ինստիտուտների հետ կապը, ցավոք, վերջին 5 տարիներին խաթարվել է։ Այն գրեթե բացակայում է արդեն երեք տարի, իսկ վերջին աղետալի իրադարձություններից հետո անգամ նրանց գոյության մեջ լուրջ վտանգներ է տեսնում ՀՀ-ում իշխող ուժը։
«Երբևէ նման հարաբերություններ Հայաստանի ու Արցախի միջև չեն եղել, ըստ էության՝ ոչ մի հարաբերություն չկա։ ՀՀ գործող ուժը նախ՝ միջազգային հարթակներում Արցախի թեման չի արծարծում, նաև այստեղ է փորձում ճնշել մեզ՝ այն կեղծ թեզով, թե, իբր, Արցախի որևէ կառույցի պահպանումը Հայաստանի համար վտանգ է ներկայացնում։ Դա անտրամաբանական ու անընդունելի թեզ է․ հակառակը՝ երբ կար Արցախ, Հայաստանը շատ ավելի ապահով ու անվտանգ էր։ Բռնի տեղահանությունից հետո, բնականաբար, բավականին լուրջ խնդիրներ են առաջացել, բայց որքան էլ բարձրաձայնում ենք դրանց մասին, ոչինչ չի փոխվում։ Տարբեր ուղիներով փորձում ենք հասցնել ՀՀ օրվա իշխանություններին, օրինակ՝ ընդդիմադիր գործընկերների միջոցով և այլն, բայց հիմնականում լրջորեն չեն մոտենում ու խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Բռնի տեղահանվածների հետ աշխատելու, նրանց վերաբերող ծրագրերի մասով որոշակի փորձ մենք արդեն ունենք, 2020թ․ իրականացրել ենք, ու հիմա մեր այդ փորձն էլ ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում։ Ոչ մեկին չեն ներգրավել այն սոցիալական ծրագրերում, որոնք անում են հիմա, ոչ էլ կարծիք են հարցնում։ Ու արդյունքում բացթողումները շատ են, օրինակ՝ 2020թ․ բռնի տեղահանվածներին լրիվ դուրս են թողել սոցիալական աջակցության ծրագրերից, մինչդեռ այդպես չի կարելի անել։ Արցախի ինստիտուտները հնարավորություն չունեն այդ մարդկանց օգնելու, ՀՀ իշխանություններն էլ ականջալուր չեն լինում»,-ասում է Գալստյանը։
Արցախի վտարանդի Ազգային ժողովի առաջարկը՝ հանդիպել ՀՀ ԱԺ խմբակցությունների հետ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի ընդունել։ Առանձին հանդիպումներ, ինչպես հայտնեց Գալստյանը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ են անցկացրել և բարձրացրել արցախցիներին հուզող հարցերը։
«Քանի որ ՀՀ պատկան մարմինները՝ ԱԳՆ, Կառավարություն և այլն, միջազգային հարթակներում արցախահայության իրավունքների հարցով չեն զբաղվում, մենք ենք փորձում ճանապարհներ գտնել դրա համար։ Այդ տրամաբանության մեջ էր նաև հանձնախմբի ստեղծումը, որի նպատակն Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանությունն է»,-հավելեց Դավիթ Գալստյանը։