|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ Ամենապատիվ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսին։ Այս մասին տեղեկանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությունը, ողջունելով Սրբազան Հոր այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր շնորհակալությունը հայտնեց Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։
Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ։
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին՝ հույս հայտնելով, որ առ Աստված հավատքով և Տիրոջ զորակցությամբ մեր ժողովուրդը կհաղթահարի Ադրբեջանի կողմից իրագործված ցեղասպանական գործողությունների ծանր հետևանքները։
Իր հերթին Պորֆիրիոս Սրբազանը նշեց, որ իր այցը նպատակ ունի առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն ցուցաբերել արցախահայությանը և Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։
Վերջում Հայոց Հայրապետն ի դեմս Պորֆիրիոս եպիսկոպոսի՝ իր եղբայրական սերն ու ողջույնը փոխանցեց Կիպրոսի Ամենապատիվ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոսին։