Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերը խտրական մոտեցում են տեսնում իրենց ու 2023թ․-ին տեղահանվածների միջեւ․ ասում են՝ կորուստը նույնն է, բայց ՀՀ կառավարությունը տարբեր կերպ է բնակարանի ու գույքի օժանդակություն ցուցաբերում։
2020-ից հետո տեղահանված արցախցի ընտանիքին սահմանային գյուղում 14 մլն-ի փոխարեն 10 մլն են տրամադրել
Արմինե Մաթեւոսյանի 6 հոգանոց ընտանիքը 2020-ին է բռնի տեղահանվել, ապա նորից վերադարձել, նորից բռնել գաղթի ճամփան։ 2015թ․-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում հաստատված ընտանիքը 2019թ․-ին տեղափոխվում է Շուշի, որտեղ մեկ տարի էլ չապրած, սկսվում է պատերազմը։ Առաջին տեղահանության հետևանքով Արմինեի ընտանիքը կորցնում է Արցախում ունեցած 2 տունը՝ Իշխանաձորում և Շուշիում։
«44-օրյա պատերազմից անմիջապես հետո վերադարձանք Արցախ՝ մի բուռ դարձած մեր հայրենիք։ Նորից ուժ հավաքեցինք, համարձակվեցինք նոր նպատակներ գծել ու սկսեցինք ապրել ծանր հոգով, բայց մեծ հույսով, որ մի օր նորից ամեն ինչ հետ ենք բերելու»,-ասում է Արմինեն։ Ղարաբաղցուն հատուկ տոկունությամբ արցախցիներն սկսում են վերակառուցել իրենց ավիրված տներն ու կամաց-կամաց ուղղել կռացած մեջքը։
2022թ․-ին այս ընտանիքին սերտիֆիկատ են տրամադրում բնակարան ձեռք բերելու նպատակով՝ ՀՀ Կառավարության 17.02.2022թ.-ի N169 Լ որոշմամբ սահմանված «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով»։ Սերտիֆիկատը Արմինեի ընտանիքը չի օգտագործում մինչև Արցախի՝ 2023թ․-ի հայաթափումը։ 2-րդ անգամ տեղահանվելուց հետո ընտանիքը ժամանակավոր հաստատվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղում։ Բռնի տեղահանումից հետո առաջին ամիսներին դիմում են բանկ՝ նույն գյուղում բնակարան ձեռք բերելու համար։ Բանկը նշում է, որ Լուսառատը սահմանային բնակավայր է, և ծրագրի համաձայն, իրենց պետք է տրամադրվի 14 մլն դրամ, այնինչ տրամադրում է ընդամենը 10 մլն-ը։
«Մեզ առաջարկեցին 15 մլն 500 հազար դրամ արժողությամբ տուն, և մենք համաձայնեցինք այն ձեռք բերել։ Սակայն երբ գործընթացը հասավ ավարտական փուլ, մեզ տեղեկացրին, որ Լուսառատ գյուղը խաղաղ պայմաններում է համարվում սահմանամերձ, իսկ հիմա պետությունը այդտեղ տուն ձեռք բերելու համար տրամադրում է 10 մլն դրամ»,- պատմում է Արմինեն և հավելում՝ քանի որ այդ տունը երկար տարիներ բնակեցված չի եղել, այդտեղ ապրել հնարավոր չէ, այն վերանորոգման և ամբողջովին կահավորման կարիք ունի․ ստիպված վարձով են ապրում։
Ծրագիրը միանշանակ է՝ սահմանամերձ բնակավայրերում ձեռքբերումը 14 մլն դրամ է․ ՀՀ պետպաշտոնյա
«Ծրագիրը միանշանակ է՝ անկախ պայմաներից, սահմանամերձ գյուղական բնակավայրերում ձեռքբերումը 14 մլն դրամ է, կառուցապատումը 16 մլն՝ կառավարության որոշում է եւ բոլորը տեղյակ են։ Եթե այդպիսի դեպքեր լինում են՝ ես բոլորին հորդորում եմ ինձ հստակ նշել բանկը, մասնաճյուղը, բանկային մասնագետին, որպեսզի ես գլխամասին տեղեկացնեմ, որ իրենք ունեն ոչ կոմպետենտ վարկային մասնագետ»,-ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Գյուղի սահմանամերձ լինել կամ չլինելը որոշելով չէ՝ ասում է նա եւ հղում կատարում ՀՀ կառավարության 2014 թ-ին ընդունած 1444 Ն որոշմանը։
«Կա 82 բնակավայր, որոնցից 2-ը քաղաքային են, 80-ը՝ գյուղական։ Այդ 80 գյուղական բնակավայրերից բոլորի վրա այս պայմանը տարածվում է․ դա ինչ-որ մեկը չի որոշում, դա կառավարության որոշմամբ հստակ սահմանված ցանկ է։ Եթե նշված գյուղը տվյալ 80 բնակավայրերից է՝ միանշանակ 14 մլն է»,-ասում է պետական պաշտոնյան։
Տիկին Ղարագյոզյանը հավելում է, որ ոչ սահմանամերձ տարբեր մարզերում ունենք եւս 48 գյուղեր, որտեղ ներկայում դպրոցներ եւ մակապարտեզներ են կառուցվում, այդտեղ աջակցությունը 12 մլն դրամ է, մնացած բոլոր մարզային բնակավայրերում՝ 10 մլն։
Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղը ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում է 1998 թվականի N713 որոշմամբ։ Իսկ «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից ՀՀ տարածքի խորքը մինչև 5 կմ լայնությամբ ծավալվող տարածքը կոչվում է սահմանային գոտի: Լուսառատը հենց այս հատվածում է։ Բայց 2014 թ-ին ընդունված 1444 Ն որոշմամբ, որում համալրում է արվել 2016 թվականին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների թվում Արարատի մարզից նշված են միայն Երասխը, Պարույր Սեւակը, Տիգրանաշենը։ Կրկին անորոշություն․ մանավանդ եթե հաշվի առնենք, որ նույն գյուղը 2023թ-ին տեղահանվածների բնակապահովման ծրագրով համարվում է արտոնյալ աջակցությամբ բնակավայր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի մեծ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։
Ինչպե՞ս կարող է միեւնույն կերպ տեղահանվածներին աջակցության երկու ծրագրերից մեկում նույն գյուղը համարվի ոչ այնքան սահմանամերձ եւ պետությունը 14 մլն-ի փոխարեն տրամադրի 10 մլն դրամ, իսկ մյուսում համարվի հատկապես սահմանամերձ եւ տրամադրի մեկ անձի հաշվարկով 4 մլն դրամ՝ ավելի շատ, քան մյուս բնակավայրերին։
Գայանե Ղարագյոզյանը սա անհնար է համարում․ «Եթե իրենք ընտրելու էին 4 մլն-անոց բնակավայրը սահմանամերձ գյուղում, ապա նույնի համար նախորդ ծրագրով 14 միլիոն է սահմանված»,-վստահեցնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան։
Փաստացի, Արմինե Մաթեւոսյանի ընտանիքը բնակապահովման գործընթացի ինչ-որ մի փուլում թյուրիմացության զոհ է դարձել․ պետության թափթփվածությա՞ն, թե՞ բանկի մասնագետի ոչ կոմպետենտության մեղքով՝ դեռ պետք է պարզել։
2020 թ-ին բռնի տեղահանվածները կնախընտրեին օգտվել 2023 թ-ին տեղահանվածների բնակապահովման ծրագրից
Արմինեի ընտանիքը, իր շատ բախտակիցների նման, ուզում է օգտվել ոչ թե 2020, այլ 2023 թ-ին տեղահանվածների բնակապահովման ծրագրից, քանի որ այնտեղ, ակնհայտորեն, պայմաններն ավելի լավն են։
«Մենք 6 հոգանող ընտանիք ենք։ 2023թ․ բնակապահովման ծրագրի շրջանակում մեզ կտրամադրվեր 24 մլն․ դրամ, քանի որ Լուսառատ գյուղը այն համայնքներից է, որտեղ տուն ձեռք բերելու համար հատկացվում է 1 շնչին 4 մլն․ դրամ։ Այդ պարագայում ես հնարավորություն կունենայի վերանորոգել և կահավորել ձեռք բերվող բնակարանը։ Սա համարում եմ Կառավարության կողմից ընդունված ոչ հավասար որոշում, որովհետև և՛ 2020թ․ տեղահանվածներս, և՛ 2023թ․-ինը նույն կորուստն ենք ունեցել, սակայն տարբեր մոտեցումներ են ցուցաբերում»,- նշում է Արմինեն։
Բռնի տեղահանման ժամանակ նրանք՝ արցախցի տասնյակ հազարավոր այլ ընտանիքների պես, իրենց հետ հագուստից բացի ոչինչ չեն վերցրել։
«Նոր»՝ վարձով բնակարանում անգամ մահճակալ չկա, որպեսզի տեղահանված ընտանիքը կարողանա գլուխը բարձին դնել։ Այսօր դատարկ ձեռքով նրանք հնարավորություն չունեն պետության հատկացրած 10 մլն դրամին իրենց գրպանից ավելացնելու և մինիմալ կենսական պայմաններ ապահովելու։ Այնինչ շարունակում են վճարել 15,5 մլն դրամով ձեռք բերվող բնակարանի հիպոթեքը եւ վարձով բնակարանի վարձը։
Ծրագիրը փոխելու իրավակարգավորում չկա․ սոցապ պաշտոնյա
169 Լ որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից 2023 թ-ի բնակապահովման ծրագիր տեղափոխվելու իրավական կարգավորում չկա՝ ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Ավելին՝ 710 Լ որոշմամբ էլ հստակ ամրագրված է, որ 2023 թ-ի բնակապահովման ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն ընտանիքները, ովքեր նախորդիվ իրականացված 169 Լ բնակապահովման ծրագրի շահառու են եղել․ ընդ որում, կապ չունի՝ իրացրել են հավաստագիրը, թե ոչ։
«Դա հատկապես վերաբերում է այն ընտանիքներին, որոնք մտածել են, որ դիմում գրեն՝ այս հավաստագրից դուրս գան, իրենք նոր իրավունք ձեռք կբերեն, բայց ոչ՝ մենք առաջնորդվում ենք բազայով, այսինքն, այն առաջնային հում բազան, որի հիման վրա մենք տրամադրել ենք հավաստագրեր, որից հետո շատ հնարավոր է, որ մի շարք մարդիկ հավաստագրերից դուրս եկած լինեն տարբեր պատճառներով, որովհետեւ մենք պրակտիկա ունեինք, որ եթե օրինակ, ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը կամ մի քանիսը ունեն վատ վարկային պատմություն, ինչը խոչընդոտում էր հավաստագրի իրացմանը, իրենք կարող էին դիմում գրել եւ դուրս գալ հավաստագրից։ Բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ իրենք այլեւս այդ ընտանիքի անդամ չեն եւ այդ ծրագրի շահառու չեն, իրենք, միեւնույն է, շարունակում են մնալ 169 Լ որոշմամբ իրականացրած ծրագրի շահառուներ եւ չեն կարող հանդիսանալ նոր բնակապահովման ծրագրի շահառու»,-ասում է Գայանե Ղարագյոզյանը։
Նա նաեւ հավելում է, որ 169 Լ որոշմամբ տրամադրվող հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է եւս մեկ տարով մինչեւ 2025 թ հուլիսի 1-ը։
«Եթե արդարությունից ենք խոսում եւ եթե մտածում ենք, որ այս դեպքում, դիցուք, 6 հոգանոց ընտանիքին տրվել է 10 միլիոնի հավաստագիր, բայց նոր ծրագրով գուցե ավելի մեծ լիներ աջակցությունը, բա այդ դեպքում արդարությունը այն ընտանիքների՞ հանդեպ, ովքեր արդեն 6 հոգով գնել են 10 միլիոնի բնակարանը։ Մենք 2900 ընտանիք ունենք, ովքեր իրացրել են հավաստագրերը եւ այստեղ էլ շատ-շատ էին բազմանդամ ընտանիքները եւ իրենք, ըստ էության 10 միլիոնով իրացրել են։ Հիմա, եթե խտրական վերաբերմունք լինի, անարդարությունը կլինի այդ ընտանիքների հանդեպ, ովքեր պարտաճանաչ էին եւ ժամկետի մեջ տեղավորվել եւ իրացրել են իրենց հավաստագիրը»,-ասում է Գայանե Ղարագյոզյանը։
Նա պնդում է՝ դիրքորոշումը միանշանակ է․ նախորդ ծրագրի շահառուներն օգտվում են իրե՛նց ծրագրից, նորերը՝ նորից։
2020թ․ տեղահանվածները զրկվել են նաեւ 40+10-ից
2020թ․ տեղահանվածները մայիս ամսից 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից չեն օգտվում։ Այս իրավիճակը դժվար կացության մեջ է դրել շահառուներին՝ նախ, որովհետև նախապես չեն իրազեկվել սպասվող փոփոխության մասին, և երկրորդ՝ ֆինանսական խոցելիությունը ավելի է մեծացել։
«40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը գոնե որոշակի չափով թեթևացնում էր այն սոցիալական բեռը, որն ընկած է մեր ուսերին։ Այսօր նաև դրանից ենք զրկված»,- ասում է Արցախից կրկնակի տեղահանված Արմինե Մաթևոսյանը։
Ավելին, ասում է՝ 2023-ին տեղահանվածների ծրագրով նաեւ գույք ձեռք բերելու գումար է հատկացվում, իսկ իրենք դրանից էլ են զրկված։
Գայանե Ղարագյոզյանը պարզաբանում է՝ գույք ձեռք բերելու լրացուցիչ գումար չի հատկացվում, այլ եթե իրենց ընտանիքի անդամների հաշվով հանրագումարային աջակցությունը ստացվում է ավելի մեծ, քան ձեռքբերվող տան արժեքը ու ձեւավորվում է դրական մնացորդ, ապա այդ մնացորդը կարող են ուղղել գույքի, կենցաղային տեխնիկայի կամ գյուղատնտեսական նշանակության հողի ձեռբերմանը։
«Իսկ նախկին ծրագրով, եթե մնա տարբերություն, կարող են վերցնել վերանորոգման վարկ։ Բայց քանի որ նախկին ծրագրի շահառուները բողոքում են, որ գումարը հազիվ բավարարում է բնակարան գնելուն, ապա դրական մնացորդն այնքան էլ արդիական չէ։ Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս պահին բազմաթիվ վերանորոգման վարկեր ենք տրամադրել, ինչը նշանակում է, որ 10 մլն-ից պակաս արժեքով են այդ մարդիկ գույք ձեռք բերել»,-վստահեցնում է Գայանե Ղարագյոզյանը։
Տուն ու տեղ, եկամտի աղբյուր կորցրած և բազում հոգեբանական տառապանքների միջով անցած արցախցիներն այսօր ուզում են գոնե մի փոքրիկ, բայց տաքուկ անկյուն ունենալ, որը իրենցը կլինի, հարազատը։
Կարծրատիպեր, որ սոցապ պաշտոնյան ցավով է ընդունում
Բռնի տեղահանված արցախցիների մոտ կա զգացողություն, որ ՀՀ կառավարությունն իրենց ուզում է քշել սահմանային բնակավայրեր որպես կենդանի վահան կամ այս սպառնալիքով մղել արտագաղթի։
Արմատներով սյունեցի Գայանե Ղարագյոզյանը հայրենի Գորիսի վրա է օրինակ բերում։
«Նրանք ինձ ասացին՝ դուք մեզ ուղարկում եք ձեր հետամնաց գյուղեր․ ես էլ հակադարձում եմ՝ եթե Գորիս, Բերդ քաղաքները, Սիսիանը, Քաջարանը, Մեղրին հետամնաց գյուղեր են, թույլ տվեք համեմատական անցկացնել, ես չեմ կարծում, որ մեր Գորիս քաղաքը՝ միշտ Գորիսի վրա եմ օրինակը բերում, որովհետեւ արմատներով սյունեցի եմ, զիջում է․․․ գուցե ինչ-որ բաներով զիջի Ստեփանակերտին, բայց հաստատ պակաս քաղաք չէ։ Ի վերջո, Ստեփանակերտում բնակվածը եթե շարունակի բնակվել Գորիսում, չեմ կարծում, թե դա իր կյանքի որակի վրա էական բացասական ազդեցություն կունենա»,-ասում է նա։
Գայանե Ղարագյոզյանը հղում է անում ՀՀ սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման ծրագրին, որտեղ արդեն ստիպված են լիմիտավորել, քվոտավորել, այնքան մեծ է պահանջարկը նաեւ տեղացիների կողմից։
«Այս պահին 400-ից ավելի շահառու ունենք․ մենք դրել ենք լիմիտ 2000-ը, որին դիմում են ՀՀ քաղաքացիները, նաեւ արցախցիները։ Եվ պետությունը ջանք ու եռանդ չի խայում այդ բնակավայրերի զարգացման համար, այնտեղ տարատեսակ ներդրումային ծրագրեր են իրականացվում եւ միշտ ասում ենք՝ եթե այդ բնակավայրերը լինեին խնդրահարույց՝ ո՛չ մեր համաքաղաքացիներն այնտեղ տներ կկառուցեին, ո՛չ էլ պետությունը այնտեղ հսկայական ներդրումներ կաներ եւ կփորձեր ամեն կերպ զարգացնել։ Այսինքն, այստեղ խնդրահարույց, վախենալու ոչ մի բան չկա»,-ասում է Գայանե Ղարագյոզյանը։
Մյուս կողմից էլ՝ հասկանում է, որ բոլորն էլ կցանկանային Երեւանում բնակվել, բայց ասում է՝ պետք է ֆիզիկապես տեղավորվել այդ տարածքում, ինչն անհնար է համարում։
Արցախի կորուստը մեծ ցավ է նրա համար։
«Ես ավելի քան համոզված եմ, որ այդ ցավը բոլորինս է, հավասարապես կիսում ենք բոլորս։ Դրա համար էլ այսօր մենք այստեղ ջանք ու եռանդ չենք խնայում՝ ես աշխատում եմ 7/24 ռեժիմով, իմ բոլոր հնարավոր տեղեկատվական հարթակները լցված են հարցերով, որոնց ես անձնապես անդրադառնում եմ անկախ ժամից եւ հարցի որակից եւ ես էլ այդ ձեւով եմ փորձում լրացնել այն ամենը, ինչը կարող ենք անել մեր հայրենակիցների համար։ Եթե կգտնվի մեր երկրում կես մարդ, ում համար այդ կորուստը ուղղակի կորուստ է, ես շատ կհիասթափվեմ․ ես կարծում եմ մեր հայրենիքում չկա այդպիսի մարդ, որ Արցախին վերաբերվում է որպես ուղղակի ինչ-որ մի տարածքի կորուստ»,-ասում է նա։
Արցախցիների հանդեպ զգացողությունը, վստահեցնում է, տարբերակված չէ յուրաքանչյուր այլ հայի հանդեպ զգացածից․ «Ոչ մի տարբերակում չկա եւ նույնիսկ եթե իրենք զուտ այդ պահին նեղված են կամ գտնում են, որ այս պահին իմ պաշտոնը ենթակա է նրան, որ անկախ իմ անձնային հատկանիշներից՝ իրենք ինձ կարող են, օրինակ, վիրավորել, ես, միեւնույն է, շարունակում եմ համբերատար անել այն ամենը, ինչը պարտավոր եմ անել իրենց համար»։
Իրինա Հայրապետյան
Աննա Բալյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: