կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-13 12:50
Հասարակություն

ՀԷՑ-ի աշխատակիցներից արված պահումները կենսաթոշակային ֆոնդերում չեն

ՀԷՑ-ի աշխատակիցներից արված պահումները կենսաթոշակային ֆոնդերում չեն

Այսօր պարտադիր կուտակայինի դեմ բողոքի էին դուրս եկել նաև ՀԷՑ-ի աշխատակիցները: Նրանց հունվար ամսվա աշխատավարձերից պարտադիր կուտակային պահումներ են արվել` առանց նրանց համաձայնության, և հիմա աշխատակիցները պահանջում են վերադարձնել այդ գումարները:

 

Բողոքող աշխատակիցների հետ փորձեց զրուցել ՀԷՑ-ի արհմիության ղեկավարը: Նա նշեց, որ լավ կլիներ, որ աշխատակիցներն իրենց բողոքի ակցիայի մասին նախևառաջ իրեն տեղյակ պահեին, ոչ թե ինքը այդ մասին իմանար բողոքի ակցիայից մեկ ժամ առաջ: Աշխատակիցները պահանջում էին երկու հարցի պատասխան` ինչո՞ւ են աշխատավարձերից պահումներ արվել` առանց իրենց համաձայնության, և ո՞ւր են այդ գումարները, եթե դրանք կենսաթոշակային ֆոնդերում չեն:

 

Արհմիության ղեկավարը նշեց, որ այդ գումարները պահվել են, դրանք նստած են առանձին հաշվի վրա, որպեսզի, եթե ՍԴ-ն կենսաթոշակային ռեֆորմը հակասահմանադրական ճանաչի, դրանք վերադարձվեն աշխատակիցներին: Աշխատակիցներից մեկը տարակուսեց. «Թող այդ պահումներն իմ հաշվի վրա կուտակվեն»:

 

Արհմիության ղեկավարը նշեց, որ այսօր` ժամը 16:00-ին, կլինի ժողով, որի ընթացքում էլ կբարձրացվեն աշխատողներին հուզող բոլոր խնդիրները: