կարևոր
16750 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-14 16:14
Արցախ Հասարակություն

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը Քարվաճառում զոհվեց Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, «Շուշիի Առանձին Գումարտակի» փոխհրամանատար, ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանը՝ Պետոն զոհվեց 1994թ. փետրվարի 14-ին, Քարվաճառում, երբ նոր էր բոլորել 30 տարին։

Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Դաշնակցական լեգենդար հրամանատարն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին եւ միայնակ դուրս բերում վիրավոր զինվորին: Պետոն զոհվում է ականի պայթյունից: 

Այսօր Պռոշյանի «Զորաց» պանթեոնում ներկա էր այդ նույն զինվորը՝ Արմեն Մարտիրոսյանը, ում կյանքը փրկել էր Պետոն։ Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երբ վիրահատությունից հետո ուշքի է եկել ու լսել տեղի ունեցածի մասին, խոստացել է Աստծուն՝ երբ տղա ունենա, որդուն կնքելու է հենց Պետոյի անունով։

Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանն ու Պետոյի մարտական ընկերներից Արարատ Սահակյանը մեզ պատմեցին Պետոյի հետ ունեցած հուշերից։ Թադևոսյանի խոսքով, Պետոյի կերպարը խիստ արդիական է, պետք է գրել, ֆիլմեր նկարել ու նոր սերնդի համար հանրաճանաչ դարձնել նրա կերպարը։

Պետոյի Շիրիմի մոտ խոսք ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը։ «Մի օր երևի թե մեր ուղեղին ու հոգիներին կհասնի այն կանչը, որ պետք է կանգնենք, պայքարեն և հետ բերենք մեր կորցրածը՝ Արցախը» ,եզրափակեց Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում