Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Անցած շաբաթ ՊԵԿ-ը հյուրընկալել էր վարչապետ Փաշինյանին, ով եկել էր 2023 թվականի գործունեության հաշվետվությունը լսելու։ Խորհրդային Միությունում ավանդույթ կար՝ զարգացման թվերը համեմատել ցարական Ռուսաստանի ցուցանիշների, նախապատերազմյան 1913 թվականի հետ։ Փաշինյանի կառավարությունն էլ իր թվերը համեմատում է Սերժ Սարգսյանի վերջին տարվա՝ 2017-ի հետ ու գլուխ է գովում, թե բոլոր հարկատեսակների գծով աճ են արձանագրել։ «Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել են 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են»:
Անշուշտ, ավելի շահեկան է համեմատվել 2017 թվականի հետ, որովհետեւ եթե, ասենք, 2022-ի հետ համեմատվեն, ակնհայտ կլինի, որ աճը դանդաղել է։ Որտեղ՝ 15 տոկոսը, որտեղ՝ 21-ը։ Առանձին հպարտության առիթ է պայքարը ստվերի դեմ։ 2023 թվականը բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի։ ՀԴՄ-ով իրականացված գործարքները 45 մլն եւ 2.1 տրլն դրամով ավելի են նախորդ տարվանից։ ՊԵԿ նախագահն առանձին խոսել է միջին աշխատավարձի «ռեկորդային» աճի մասին՝ առասպելական թիվ ներկայացնելով, որ միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ՝ աճելով 10,6%: Չգիտես ինչու, այդ 300 հազար ստացողներին միայն ՊԵԿ հաշվետվություններում ենք հանդիպում, եւ չի խոսվում, թե աշխատավարձի աճի որ հատվածն է տարել գնաճը, որն անցյալ տարի 4,5 տոկոս է եղել։ Այնպես որ, աշխատավարձի բարձրացումն անտեսանելի է, իսկ արագընթաց թանկացումները խանութներում ակնհայտ են բոլորի համար։
Ինչեւէ, հարկային մուտքերն ավելացել են, եւ սա, իհարկե, կարեւոր է։ Պարոն Բադասյանին էլ չհավատալու առիթ չունենք։ Բայց ինչպե՞ս հասկանալ տարեվերջյան արդունքները, եթե հունիսից սկսած՝ հարկերի հավաքագրումը դանդաղել էր, աճի դինամիկան՝ կտրուկ նվազել, Փաշինյանի սիրած տնտեսական ակտիվության ցուցանիշը գրեթե ձգտում էր զրոյի, հուլիսին էլ մուտքերն ավելացել էին ընդամենը 2,4 միլիարդով՝ ցուցանիշ, որը երբեք նախկինում այսքան ցածր չէր եղել։ Հիմա ինչպե՞ս եղավ, որ լավ արդյունք արձանագրեցին։ Մեկնաբանում է տնտեսագետ, ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Թադեւոս Ավետիսյանը։
«Այո, տարեվերջին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազեց տարեսկզբի համեմատ, եւ 2023 թ. չորրորդ եռամսյակում նաեւ հարկային մուտքերը համեմատաբար ավելի ցածր էին։ Մենք ունենք հետեւյալ օբյեկտիվ պատկերը՝ այն գործոնները, որոնք 2022-ին բերել էին բարձր տնտեսական աճի, տարվա երկրորդ կեսին թուլացան, թուլացան նաեւ տնտեսական ակտիվությունը եւ դրանից բխող հարկային մուտքերը, բայց տարին փակվեց աճով, որովհետեւ տարվա սկզբին էական իներցիոն աճը կար։ Այդ գործոններն արտաքին էին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով ու դրանից բխող պատժամիջոցներով եւ կարճաժամկետ էին։ Մենք հիմա արդեն տեսնում ենք, որ թուլանում են այդ գործոնները եւ մի պահի դադարելու են։ Ինչպեսեւ կանխատեսել էի, այդ գործոններով պայմանավորված տնտեսական աճը չկապիտալացվեց հետագա տնտեսական զարգացման համար, եւ ՌԴ արտարժութային մուտքերը 22-23 թվականներին սկսել են հակառակ ուղղությամբ հոսել, փողը տանում են, դուրս են բերում մեր երկրից, որովհետեւ դրանք չներդրվեցին իրական հատվածի մեջ»։
Ըստ Թադեւոս Ավետիսյանի, իշխանությունը պարծենում է հարկային բարձր մուտքերով՝ իրեն վերագրելով դրանք, մինչդեռ մտահոգիչն այն է, որ իրոք իրենից կախված է՝ գյուղատնտեսության վիճակը, արդյունաբերության աճի բացակայությունը։ «Գյուղատնտեսությունն այս իշխանության օրոք գրեթե աճ չի արձանագրել, ընդհակառակը՝ ազատ անկման մեջ է, իսկ արդյունաբերության ոլորտը նախկինի հետ անհամեմատ, զրոյին մոտ աճ է արձանագրում, այն էլ՝ այն դեպքում, երբ հանքարդյունաբերությանը ողջ ծավալով զարկ են տալիս, ու եթե դա էլ չլիներ, մենք արդյունաբերության ճյուղում ունենալու էինք ավելի վատթար վիճակ»։
Տնտեսագետը հիշեցնում է, որ օտարերկրյա ներդրումները ծավալային կտրուկ անկում ունեն, իսկ այն ներդրումները, որոնք իրենք «բանտիկներով» ցուցադրում են, հետո պարզվում է, որ փուչիկ էին ու հետո պայթում են, ինչի ականատեսը, ի դեմս ազգային ավիափոխադրողի, շուտով լինելու ենք։ «Լավ կլիներ, որ մեկը հարցներ վարչապետին եւ ՊԵԿ նախագահին՝ եթե այդքան լավ է, ու այդքան լավ աճ ունեք, բա ինչո՞ւ եք շունչներդ բերաններդ առած, ընկել հարկային արտոնությունների հետեւից ու հարկային բեռ եք ավելացնում փոքր ու միջին բիզնեսի համար։ Մեր հանձնաժողով վերջին շրջանում բերած գրեթե բոլոր փաթեթները փոքր ու միջին բիզնեսի արտոնությունները վերացնող նախագծեր են։ Ամեն գնով գնում են հարկ քերթելու ճանապարհով, բոլոր հնարավոր աղբյուրները փորձում են հարկել՝ վերացնելով ՀՀ հարկային համակարգի առավելությունները»,- եզրակացնում է Թադեւոս Ավետիսյանը։
Ճամփեզրի առեւտրականը եւս եկամտի աղբյուր է Փաշինյանի կառավարության համար։ Պատահական չէ, որ ՊԵԿ-ում կայացած խորհրդակցության ժամանակ նրա ճառի ամենաերկար կտորը հենց այդ առեւտրականի մասին էր։ «Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առեւտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպքերում, որ մեր օրենսդրությունը ենթադրում է, որ պետք է ՀԴՄ լինի, ուղղակի մոտենան այդ մարդկանց, տեղեկացնեն, որ՝ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։ Ու այդ պահին ոչ մի գործողություն չանեն, ուղղակի անընդհատ այդ մեսիջը տան, բայց մի իքս պահի արդեն պետք է նաեւ գործողություն անել»։
Իհարկե, մանդարին ու կանաչի ծախողների դեմ հարկային ագրեսիան բացատրում են վեհ գաղափարներով՝ պետություն-քաղաքացի հարաբերությամբ, բայց կույրն էլ է տեսնում, որ 1000 դրամն էլ Նիկոլի իշխանության համար փող է։ Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը սարերի հետեւում չէ, եւ կառավարությունում սա լավ հասկանում են, որ գլխից մեծ խոստումների, բյուջեի խոստացված աճի համար պատասխան են տալու։