Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց քաղաքացիների վրա դրված չարդարացված հարկային բեռի մասին՝ հիմնավորելով ընդդիմության և այլընտրանքի կողմից ներկայացված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված` կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ քաղաքացին իր միջին եկամուտից 70-80 տոկոսը ծախսում է հարկերի ու տուրքերի վրա: Այդ ամենը բեռ է, և եթե պետությունը նոր հարկատեսակ սահմանելիս դա հաշվի չի առնում, ուրեմն հաշվի չի առնվում նաև Սահմանադրության նորմը: Ըստ պատգամավորի` խեղաթյուրվում է «տեղական տուրք» հասկացությունը, և տեղական տուրք է սահմանվում մասնավորի գրպանը գնացող վճարը:
Իր մտահոգությունները հայտնելով ճանապարհատրանսպորտային նշանների վերաբերյալ` պատգամավորը նշեց, որ դրանք այնքան անհասկանալի են նշվում, որ ստիպված պետք է լինեն արդեն դանդաղաչափեր տեղադրել: Նա նշեց, որ այդ հարկերն ու տուրքերն անհամաչափ են սոցիալական արդարության հետ, ինչի հետեւանքով կուտակվում է հանրության դժգոհությունը:
«Մի մեղադրեք ընդդիմությանը, թե իբր շահարկում են ամեն ինչ: Հանրությանը հուզող ցանկացած հարց պետք է հնչեցվի այստեղ: Բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրում, ինչպես նշված է Սահմանադրության մեջ, բարձրագույն արժեքը մարդն է, և եթե իշխանությունները փորձում են բարձրագույն արժեքի նկատմամբ վարել քերթելու քաղաքականություն, ապա այդ բարձրագույն արժեքից կմնա զրո»,- ասաց Արծվիկ Մինասյանը: