կարևոր
10375 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-20 14:45
Քաղաքական

Նոր Սահմանադրությամբ գնում է Թուրքիայի ու Ադրբեջանի դիկտատին ընդառաջ․ սահմանադրագետ

Նոր Սահմանադրությամբ գնում է Թուրքիայի ու Ադրբեջանի դիկտատին ընդառաջ․ սահմանադրագետ

Փաշինյանը երեկ խոսել է նոր Սահմանադրություն ունենալու մասին, որի ռիսկային կողմերի ու հետևանքների մասին Yerkir.am-ը զրուցել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան, Փաշինյանը երեկ խոսել է նոր Սահմանադրություն ունենալու մասին, մեծ հաշվով, ի՞նչ խնդիր է ուզում լուծել։

- Վերացնում է սահմանադրական կարգը․ վերացնելով ՀՀ Անկախության հռչակագիրը՝ վերացնում է այն հենքը, որի վրա խարսխսված է Հայաստանի այսօրվա հանրապետությունը և, առհասարակ, վերացնում է Սահմանադրությունից այն ամենը, ինչը ազգային է։ Երևի հայոց լեզուն, որպես պետական լեզու, կպահի, դա իրոնիայով եմ ասում, բայց մնացած բաները կարող է փոխել․ գերբի վրա Արագած լեռան պատկերը կդնի, Արարարտ լեռը կհանի ու այդ մասին ինքը չի էլ թաքցնում։

-Այսինքն՝ այն մտավախությունները, մտահոգությունները, որ այսօր հանրությունն ունի իրականությո՞ւն կդառնան։

--Եթե ինքը տեսնի, որ իր ձեռքերն ազատ են և կարող է իրականացնել` կանի, այսինքն՝ կընդունի նոր Սահմանադրություն, թեկուզ տեքստը վատ լինի, անգրագետ շարադրված լինի, կամ էլ հնարավոր է Սահմանադրության մնացած գլուխներին ձեռք չտա, միայն գլխավորները հանի, եթե այդքանը խելքները հասնի, բայց եթե որևէ խոչընդոտի չհանդիպեց՝ դա անելու է զուտ նրա համար, որ կարողանա Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բավարարի։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե բուն Սահամանադրության մեջ է, այլ այն, որ դրանով գնում է Թուրքիայի ու Ադրբեջանի դիկտատին ընդառաջ․ դա է պրոբլեմը, որը պետք է կասեցվի։

Չեմ ասում, թե Սահմանադրությունը կամ Սահմանադրության փոփոխությունը կարևոր չէ, պարզապես մեր հիմնական խնդիրը մեր պետականությունն արտաքին թշնամուց պաշտպանելն է, իսկ ինքը Սահմանադրությունն ուզում է փոխի կամ նոր Սահմանադրություն ընդունի, որպեսզի գնա կապիտուլյացիայի ու դրանով պահպանի իր աթոռը, որ թուրքերին ու ադրբեջանցիներին ասի՝ տեսեք դուք էիք ուզում Սահմանադրությունը փոխեմ, ես էլ փոխել եմ, էլ ի՞նչ եք ուզում ինձանից, թողեք հանգիստ ապրեմ իմ «պրովինցիայում»։ Սա է իր նպատակը։

-Ամեն դեպքում հանրաքվեով է ընդունվելու նոր Սահմանադրություն։

-Ուրիշ տարբերակ չկա, ինքն ինչի՞ է ուզում նոր Սահմանադրություն, որովհետև Սահմանադրության նախաբանում գրվածը չի կարող որևէ ձևով փոփոխել. դա կարող է արվել միայն հանրաքվեով։ Ինքը կարող է լրիվ նոր հռչակագիր ընդունել ու  ասել՝ սա նոր հանրապետության սկիզբն է։

-Պարոն Պողոսյան, եթե նկատի առնենք հանրային տրամադրությունը, տրամադրվածությունը, ի՞նչ եք կարծում, Փաշինյանին կհաջողվի՞ հանրաքվեով անցկացնել իր պատկերացրած նոր Սահմանադրությունը։

-Չեմ կարծում կհաջողվի, միգուցե օպտիմիստ եմ այդ առումով, այնուամենայնիվ էնքան ակնհայտ են իր նպատակները, որ մարդիկ, կարծում եմ, կհասկանան։

-Այսինքն՝ ժողովրդի ողջամտության վրա կարելի՞ է հույս դնել։

- Կան բաներ, որոնք քիչ թե շատ տրամաբանող մարդն ի վիճակի է զգալ։ Կհաջողվի՞ մարդկանց աչքերը բացել, շատ բան կախված է քաղաքական ուժերից, ընդդիմադիր ուժերից, թե ինչպես կբացատրեն մարդկանց։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ նոր Սահմանադրությունն էսօրվա կամ վաղվա հարց է։ Ինքը դրանով, կարծում եմ, տակտիկական քայլ է անում, որպեսզի ադրբեջանցիների ու թուրքերի ախորժակը մի քիչ զսպի, ասի՝ մի հարձակվեք, իմ վիճակն առանց այդ էլ նեղ է, ես նույնիսկ պատրաստ եմ Սահմանադրությունը փոխելու։

- Ենթադրենք փոխեց Սահմանադրությունը հետևանքն ի՞նչ է լինելու։

 -Հետևանքը կիսագաղութային պետությունն է լինելու, եթե ձևական առումով պետություն էլ լինի, լրիվ կախյալ է լինելու, պարտավորություններ է ստանձնելու Թուրքիայի ու Ադրբեջանի առջև։ Բայց նորից ասեմ՝ մեր ամենակարևոր խնդիրը պետության պահպանումն է, մինչդեռ Փաշինյանը գործող Սահմանադրությունը հանում է զուտ նրա համար, որ կարողանա իր դիրքը պահել ու իր պրիմիտիվ մտածելակերպով՝ թույլ չտա Թուրքիան ու Ադրբեջանն առավել առաջ շարժվեն, բայց դա ո՛չ ադրբեջանցիներին է հանգստացնելու, ո՛չ էլ՝  թուրքերին։ Խնդիրը  պատերազմը կանխելն է, իսկ պատերազը կանխելու միակ միջոցը  երկիրը ուժեղացնելն է, իսկ սա երկիրը տանում է միայն թուլացման  ու ջլատման։

Հերմինե Զեյնալյան