կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 21:52
Քաղաքական

Նոր Սահմանադրությամբ ԱԺ նախագահն ու վարչապետը անընդմեջ կկարողանան ընտրվել 2-ից ավելի անգամ

Նոր Սահմանադրությամբ ԱԺ նախագահն ու վարչապետը անընդմեջ կկարողանան ընտրվել 2-ից ավելի անգամ

 Օրերս Վիեննայից վերադարձել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները։ Նրանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկել են նոր Սահմանադրության այն գլուխները, որոնք վերաբերում են Կառավարությանը, Ազգային ժողովին, նախագահին, դատական մարմիններին ու օմբուդսմենին: Այս մասին  Azatutyun.am-ին ասել է  հանձնաժողովի անդամ, պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։

«Եվ իրենք չունեն որևէ ո՛չ մանդատ, ո՛չ ցանկություն՝ պարտադրելու որևէ կառավարման մոդել կամ ձև: Նրանք ընդամենն ասում են՝ ցանկացած կառավարման ձևը որոշելը տվյալ երկրի խնդիրն է, ընդամենը այդ պայմաններում պետք է ապահովվեն այն չափանիշների առկայությունը, որոնք գործում են ժողովրդավարական երկրներում», - ասաց Ղազինյանը:

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հիմնական խորհուրդները սկզբունքային հարցերի վերաբերյալ չէին։ Այս դիտարկման հետ հանձնաժողովի անդամները համաձայն են։

Օրինակ, ընտրություններին վերաբերող հիմնական կարգավորումները կլինեն Ընտրական օրենսգրքում, Սահմանադրությունում միայն կամրագրվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը։ Փոխարենը, Ընտրական օրենսգիրքն ու մյուս մայր օրենքները նոր կագավիճակ կստանան։

«Մենք ունենալու ենք օրգանական օրենքներ: Խոսքը այն օրենքների մասին է, որոնք պետք է կարգավորեն տվյալ դաշտի կարևորագույն հարաբերությունները և իրենց կարգավիճակով լինեն ավելի բարձր, քան սովորական օրենքները», - ընդգծեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը:

Եթե գործող Սահմանադրությամբ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահ, ապա նորում երկրի առաջին դեմքերի՝ ԱԺ նախագահի և վարչապետի համար նման սահմանափակում չի լինի։ Փոփոխությունների ընդունման պարագայում այժմ արդեն 2-րդ ժամկետով ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ: Ղազինյանի խոսքով, այս հարցի վերաբերյալ օրենսդրական որևէ սահմանափակում չի էլ կարող լինել:

«Չի կարող լինել, եթե քաղաքական ուժին տալիս են․․․Որովհետև մարդու չեն ընտրում, ուժին են վստահում, այդ ուժը եթե շահեց, ուրեմն իր ղեկավարը կարող է լինել Ազգային ժողովի նախագահ կամ վարչապետ: Ուժին մի վստահեք, հասարակություն, եթե ունեք խնդիրներ նրա հետ նախորդ կառավարման շրջանում», - ընդգծեց Գագիկ Ղազինյանը:

Մանրամասները` այստեղ: