կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 16:27
Քաղաքական

Նոր Սահմանադրությամբ` նույն պայմաններով են ապրելու և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը

Նոր Սահմանադրությամբ` նույն պայմաններով են ապրելու և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը

ՀՅԴ-ն ավելի վճռական ու համոզումով է պաշտպանում սահմանադրական բարեփոխումները, և դա բնական է. այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ միասնական շտաբի ղեկավար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«ՀՅԴ-ի համար այս փոփոխությունները ծրագրային հիմք ունեն. մենք քսան և ավելի տարիներ շարունակաբար պնդում էինք, որ Հայաստանի կառավարման լավագույն մոդելը խորհրդարանականն է, ո՛չ նախագահականը, ո՛չ էլ կիսանախագահականը: Մեր համոզումները պայմանավորված են նաև վերջին երկու տարիների ընթացքում կուսակցության կատարած հսկայական աշխատանքով այս Սահմանադրության ստեղծման, հայեցակարգերի ձևավորման, մշակման և բուն տեքստի ստեղծման վրա»,- ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց, որ ՀՅԴ-ի հիմնավորումները փաստարկված են, ունեն փորձառություն և ավանդույթ, բխում են մեր իրականությունից, այսօրվա գործող համակարգի բերած արատներից, թերություններից, բացերից: «Այս առումով` մենք, իրոք, խորագույն համոզումով ենք պաշտպանում այս Սահմանադրությունը»,- ասաց Վարդանյանը:

Հարցին, թե այս նախագծում ՀՅԴ-ի քանի՞ առաջարկ է հաշվի առնվել, կամ այս նախագծի ձևավորմանը` բովանդակային մասով, քանի՞ տոկոսով է ՀՅԴ-ի մասնակցությունը, նա պատասխանեց. «Սահմանադրությունը հսկայածավալ փաստաթուղթ է` իրավաբանական, քաղաքական, մասնագիտական: Առաջինը ամբողջ Սահմանադրության էությունն է, այսինքն`խորհրդարանական կառավարման համակարգը: Սա արդեն շատ բան ասում է: Հաջորդը համամասնական ընտրակարգի ամրագրումն է նոր Սահմանադրության մեջ: Այսօր քաղաքական դաշտում գտնվող ընդդիմադիր ուժերի տարիների, տասնամյակների կռիվն է, պայքարը, համոզումը, որ պետք է լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգ: Երրորդ կարևորագույն բաղադրիչը` ընդդիմության դերակատարությունն է պետական համակարգում»:

Վարդանյանի խոսքով` այսօր գործող համակարգն ունի մի էական թերություն` եթե որևէ քաղաքական ուժ ունի մեծամասնություն և 51-52 տոկոս է հավաքում, 47-48 տոկոս հավաքած ուժերն ամբողջովին դուրս են մնում պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից, ինչը, ըստ նրա, անառողջ սիստեմ է: «Սա առճակատման, թշնամանքի, չարության մթնոլորտ է ստեղծում: Մենք մշտապես հայտարարել ենք, որ մենք ՀՀ-ում թշնամիներ չունենք, մենք որևէ մեկին չենք վերաբերվում իբրև թշնամու: Մեր նպատակը քննադատելը, հայհոյելը, բողոքելը, ամբոխահաճո բաներ ասելը և դրանով դիվիդենդներ շահելը  չի եղել երբևէ: Մեր նպատակը եղել է ունենալ այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի, և, բանակցելով, բանավիճելով, կոմպրոմիսների գալով, գտնենք լավագույն լուծումները: Նոր Սահմանադրությունը ընդդիմությանը տալիս է այնպիսի լծակներ, որ ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ կերազեր: Ես չգիտեմ` այս պարագայում մեր ընդդիմադիրներն ինչի՞ց են դժգոհ: Իհարկե, գիտեմ, բայց ստացվել է մի իրավիճակ, որ նրանք, ովքեր «ոչ» են ասում, ուզեն, թե չուզեն «այո» են ասում գործող Սահմանադրությանը, որին իրենք 2005 թվականին «ոչ» են ասել: Ստեղծվում է մի տարօրինակ իրավիճակ` քսան տարի հետո կարող է մի Սահմանադրություն լինել, հիմա էլ էլի «ոչ» ասեն դրան` «այո» ասելով, պահպանելով այս մեկը: Ցավոք, «ոչ» ասողները չեն մտնում բովանդակային քննարկումների, բանավեճերի մեջ, նրանց պատճառներն այլ են, հասկանալի է, բայց բոլորս պետք է հասկանանք, որ նոր Սահմանադրությունը, ընդունվելու պարագայում, առնվազն 10, 20, 30 տարի բոլորի համար նույն կանոններն է ստեղծելու: Այս Սահմանադրությամբ նույն պայմաններով են ապրելու և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը` անկախ նրանից` վաղն ով որտեղ կլինի: Սա մի փաստաթուղթ է, որի կանոններով այդ տարածքում ապրելու ենք»,- նշեց դաշնակցական պատգամավորը:

Ըստ նրա` ինքը Հայաստանում չգիտի մի մարդու, գուցե մի քանիսին կամ մի քանի տասնյակին չհաշված, ովքեր փոփոխություններ չեն ցանկանում կամ չեն պահանջում, ովքեր այս վիճակից գոհ են: «Դաշնակցության պատկերացմամբ` փոփոխությունները պետք է լինեն խորքային ու բովանդակային, ոչ թե անձերի փոփոխություն լինի»,- ասաց Աղվան Վարդանյանը: