կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 16:37
Քաղաքական

Սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացները պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմեն. ՀՀ ԱԳՆ

Սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացները պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմեն. ՀՀ ԱԳՆ

Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին: Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ 

«Հայաստանը մերժում է նաև այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում:

Չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչությամբ՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը: 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», - ընդգծել է Նաղդալյանն՝ ավելացնելով. 

«Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար»։ 

Անդրադառնալով միջազգային արձագանքին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է՝ Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված Հայաստանի միջազգային գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: