կարևոր
8122 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 17:32
Իրավական

Ինչո՞ւ է Տիրան Խաչատրյանը կրակել․ նոր հանգամանքներ

Ինչո՞ւ է Տիրան Խաչատրյանը կրակել․ նոր հանգամանքներ

«Հրապարակ»-ը գրում է․

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց՝ իր մասնակցությամբ օրերս ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Նախաքննական մարմինը Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ «խուլիգանություն հոդվածով, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով»։ 

Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ մեղադրանքի հետ համաձայն չեն, Տիրան Խաչատրյանը մեղքը չի ընդունում։ Դատավորը կալանքի որոշման մեջ գրել է, որ կալանքն անհրաժեշտություն է, որպեսզի Տիրան Խաչատրյանը գործի քննությանը չխոչընդոտի, փախուստի չդիմի, չթաքնվի։ Փաստաբանն ասաց՝ դատարանի  որոշումը բողոքարկելու են, քանի որ կալանքի երկու հիմքերն էլ իսպառ բացակայում են։

«Գործի հանգամանքները հանրային տիրույթում միակողմանիորեն է ներկայացվում։ Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպի մասին տեղեկությունները, ոստիկանության կողմից բերման ենթարկելու տեսանյութերը արագ հայտնվել են իշխանական կայքերում եւ այլ կոնտեքստով են մատուցվում։ Տիրան Խաչատրյանը խմած չի եղել, խուլիգանություն չի արել, զենքի գործադրման է գնացել՝ ինքնապաշտպանության համար, կրակել է օդ՝ նպատակ ունենալով նախազգուշացնել ու կախել իր դեմ գործողությունները»,-ասաց փաստաբանը։

Այն անձը, ում ձեռքը վնասվել է միջադեպի ժամանակ, ըստ փորձաքննության՝ թեթեւ ծանրության վնասվածք է։ Տուժողի կողմից բողոք չի ներկայացվել, այդ մասով մեղադրանք առաջադրված չէ։ Փաստաբանի խոսքով՝ տուժողը կապ չի ունեցել վիճաբանության հետ, պատահական է վիրավորում ստացել, հաստատված չէ անգամ այն, որ նա հրազենից է վիրավորում ստացել։ Վարազդատ Հարությունյանը պնդում է՝ Տիրան Խաչատրյանը որեւէ մեկի վրա չի կրակել։
Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ փաստաբանը հրաժարվեց նշել այն անձանց շրջանակը, ովքեր բախվել են Տիրան Խաչատրյանի հետ եւ գործով անցնում են․ «Որպես Տիրան Խաչատրյանի պաշտպան, այդ մասին այս պահին տեղեկություն տալ չեմ ուզում»։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, միջադեպի մասնակիցների մեջ եղել են արցախցիներ, մեր տեղեկություններով` ներկա է եղել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը, իսկ վնասվածք ստացած եւ հիվանդանոց տեղափոխված անձը Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանն է` Ակունք գյուղից։ 

Վերադառնալով դատարանի կողմից գեներալ-լեյտենանին կալանք տալու հիմքերին՝ Հարությունյանն ասաց՝ որեւէ փաստ, ողջամիտ հանավականություն չկա, որ Տիրան Խաչատրյանը գործին կխոչընդոտի, կամ՝ փախուստի կդիմի։ 

«Պաշտպանական կողմն ավելի շահագրգիրռ է, որ գործը` ինչպես որ եղել է, արագ ու լրիվությամբ բացահայտվի։ Այդ առումով շատ ակտիվ համագործակցում ենք նախաքննական մարմնի հետ։ Տիրան Խաչատրյանը որեւէ կերպ չի խուսափել վարույթային գործողություններից, մասնակցել է հարցաքննություններին, փորձաքննություններին, նմուշառումներին։ Ես դատարանում էլ եմ ասել՝ մարդ, ով իր կյանքը չի խնայել հայրենիքի պաշտպանության համար, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին, վերջին պատերազմին երկու ոտքից վիրավորում է ստացել՝ թշնամու հետ մենամարտի մեջ մտնելու պատճառով՝ ինչպե՞ս է հնարավոր, որ նա քննությունից թաքնվի, կամ՝ փախուստի կդիմի։ Այսպիսի կենսագրական ուղի անցած գեներալ-լեյտենանտի մասին նման վերաբերմունք ունենալը վիրավորում է ու արժեզրկում նաեւ պետության հիմքերը»,-ընդգծեց նա»։