կարևոր
4954 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-12 18:29
Հասարակություն

Տուգանքը պետք է ոչ թե խրախոսի ապօրինությունը, այլ՝ կանխարգելի. պատգամավորը՝ նոր որոշման մասին

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել մի որոշման, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդները տուգանքը կարող են վճարել 20 տոկոսով քիչ։

Նշենք, որ ներկայացված նախագծով քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար roadpolice.am կայքով դիմում է՝ վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս։

Բացի այդ, մեկ նորմ էլ կա, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից:

Զուգահեռ՝ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում են կատարված։

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կարծիք հայտնելով տվյալ որոշման մասին, ասաց․  «Տուգանքը  ոչ թե պետք է դառնա խրախուսիչ, այլ պետք է դառնա կանխարգելիչ»։

Դիտարկումներ անելով՝ պատգամավորն առանձնացրեց 3 խնդիր որոշման հետ կապված։

«Խնդիր 1-ը վերաբերվում է համաչափությանը, տուգանքները, վարչական պատասխանատվության միջոցները,  իմ խորին համոզմամբ,  համաչափ չեն կատարված խախտումներին։ Իրենք անընդհատ փորձում են փոխել տուգանքների չափերը, մեկ խստացնում են, մեկ՝ թուլացնում, որը կախված է վարչապետի տրամադրությունից, այդ օրը, եթե վարչապետն անտրամադիր է խախտումների նկատմամբ տուգանքները բարձրացնում են, հաջորդ օրը, եթե  ներողամիտ է, փոփոխում են։  

2-րդ գործոնը քաղաքական նպատակահարմարությունն է․ այսինքն՝ տուգանքի մատերիալ չեք հարգելի քաղաքացիներ, որովհետև այս պահին պոտենցիալ քվե եք, մեզ պետք է քվե տաք, տուգանքներն իջեցնենք զիջենք մարենք։

3-րդ կարևոր հարցը՝ արդարադության սկզբունքն է, որը խախտված է»,-նշեց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։